Հայաստանը որդեգրել է պատժողականից վերասոցիալականացման անցնելու քաղաքականություն։ Վերասոցիալականացումը դատապարտյալի վերաինտեգրման ծրագիրն է, որի նպատակն է մշակել քայլեր, որպեսզի անձը հասարակություն վերադառնալուց հետո կրկին հանցանք չկատարի։ Վերասոցիալականացումը հանրության մեջ ընդունված արժեքների յուրացումն է դատապարտյալի կողմից։ Քրեական օրենսգիրքը նախանշում է վերասոցիալականացման տարբեր մեթոդներ և հնարավորություններ, ներառյալ՝ աշխատանքային հնարավորությունները և կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները: Ի՞նչ քայլեր են ձեռնարկում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները՝ դատապարտյալին հասարակություն վերադարձնելու համար։ Որքանո՞վ են արդյունավետ այդ միջոցները բարեհաջող վերասոցիալականացման հասնելու համար:
Այս թեմաների շուրջ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Բանտից՝ հասարակություն․ վերասոցիալականացումն իրականություն դառնո՞ւմ է, թե՞ ոչ» թեմայով քննարկում։ Բանախոսներն էին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարե Հովհաննիսյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը։
Ստորև ներկայացնում ենք Նարե Հովհաննիսյանի ամբողջական ելույթը։
Այն ծրագրերը, որոնք իրականացվում են, պաշտոնական հրապարակումների ձևով լուսաբանվում են։ Սակայն նման քննարկումների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այն հարցերին, թե որքանով է վերասոցիալականացման գործընթացը կայանում, և որքանով են նման ծրագրերը բովանդակային առումով օգնում, որ գործընթացը կանայա։ Երբ անձը մուտք է գործում հիմնարկ, պետք է շատ հստակ լինի, թե ինչ նպատակ է հետապնդում անձին այդ ծրագրերում ընդգրկելը, ինչպես ենք պլանավորում անձի հետ վերադարձը հասարակություն, ինչ ախտորոշում է տալիս հիմնարկն անձին, այդ աշխատանքները որքանով են անհատական բնույթ կրում, ինչպես է գնահատական տրվում առ այն, որ անձը վերասոցիալականացվել է և պատրաստ է հասարակություն վերադառնալուն։
Շատ կարևոր է հետևյալ տարբերակումը։ Կան անձինք, որոնց դեպքում քրեորեն հետապնդելի արարք կատարելը խրոնիկ վարքագիծ է, բայց կան դեպքեր, երբ անձը քրեակատարողական հիմնարկում է հայտնվում որևէ պատահական դիպվածուվ, օրինակ, ճանապարհատրանսպորտային պատահար, վեճ է լինում, որի հետևանքով որևէ միջադեպ է տեղի ունենում։ Շատ հստակ պետք է լինի, թե ինչ աշխատանք է կատարվում։ Առաջին դեպքում միգուցե կարիք կա անձի մեջ զարգացնել որակական այլ հատկանիշներ, այնպիսի աշխատանք տանել, որպեսզի անձին հետ պահեն հանցավոր վարքագծից, իսկ երկրորդի դեպքում միգուցե կարիք կա այնպիսի աշխատանք տանել, որպեսզի անձն իր որակական կազմը պահպանի և չտրվի քրեական ենթամշակույթի և բանտային միջավայրի բացասական ազդեցություններին։
Մեկ այլ խնդիր է այն, որ ամենամեծ խումբ կազմող անձինք այդ գործընթացներում չեն ներգրավվում։ Խոսքը կալանավորված անձանց մասին է։ Ներկայումս այն հիմնավորումն է տրվում, որ վերասոցիալականացման գործընթացը տարվում է դատապարտյալների հետ, քանի որ նրանց դեպքում կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով պետությունը հաստատել է անձի կողմից կատարված արարքը։ Իսկ կալանավորված անձի դեպքում կա անմեղության կանխավարկած, հետևաբար անձին չեն կարող վերասոցիալականացնել։ Այս հիմնավորումները տրվում են արդարացնելու համար այն պայմանները, որոնք չկան, այն միջոցները, որոնք չեն ձեռնարկվում։ Անձի քրեադատավարական կարգավիճակը կապ չունի, եթե անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, իր վրա կրում է ազատազրկման բոլոր բացասական հետևանքները, իսկ կալանավորումը նույնպես ազատազրկում է իր տեսակով։
Սովորաբար նաև հիմնավորում են, որ կալանավորված դեպքում հնարավոր չէ այդ երկարաժամկետ պլանավորումը կատարել, կալանավորված անձինք ավելի շատ կենտրոնացած են քրեական գործի վրա, ցանկացած պահի կարող է արդարացման վճիռ լինել, կարող է խափանման միջոց փոխվել, կարող է ազատազրկման վճիռ կայացվել, բայց անձը տեղափոխվի քրեակատարողական այլ հիմնարկ։ Դա կապում են այն իրողության հետ, որ այդ կրթական ծրագրերն ավելի երկարժամկետ են, հետևաբար կալանավորված անձանց դեպքում այդ պլանավորումը չի կարող կատարվել։ Օբյեկտիվ հարց է առաջանում, թե ինչու հատկապես այդ ծրագրերը պետք է իրականացվեն, կրթական ծրագրերը ինչու պետք է լինեն 6 ամիս տևողությամբ, ինչու պետք է այդ դասընթացները լինեն մոդուլային, և 1 մոդուլն ընդգրկի 3, այլ ոչ թե 2 դասընթաց, ինչու 1 թեմայի շուրջ կառուցված կրթական ծրագրեր չկան։ Մշակվել են մեխանիզմներ, որոնք իրական կարիքներին արձագանքման հետ որևէ աղերս չունեն, և այդպիսով փորձ է արվում արդարացնել որոշ բացթողումներ, որոնք պրակտիկայում կան, և որոնց վրա դեռևս պետք է ուշադրություն դարձնել։
Խզվածքը հետևյալ հարցերի մեջ է, թե ինչ ենք անում, որքանով է դա նպաստում անձի վերասոցիալականացմանը, ինչպես է տրվում դրա բովանդակային գնահատականը։ Պատճառն այն է, որ մենք չունենք վերասոցիալականացման կոնցեպտուալ գնահատական։ Դա կառավարության որդեգրած որոշումն է, դրա համար կա պետական ֆինանսավորում, հետևաբար լծված ենք այդ միջոցառումներն իրականացնելուն, որոնք իներցիայով անվանում ենք վերասոցիալականացում, որը, սակայն, որևէ ձևով կապված չէ բանտային առօրյային բնորոշ այլ իրողությունների։
Անգամ այն դատապարտյալները, ովքեր ամենանատիվ ձևով ներգրավված են այդ միջոցառումների մեջ, շատ հաճախ չեն արժանանում խրախուսանքների։ Պատճառները տարբեր են։ Կարող է լինել հիմնարկի պետ, ով պատժողական մոտեցումների կրող է և հայտարարում է, որ իր օրոք որևէ մեկին խրախուսանք չի տրամադրվելու։ Կարող է կապված լինել դատախազության պատժողական մոտեցման հետ։ Որևէ դատապարտյալի խրախուսանք տալը գլխացավանք է առաջացնում հիմնարկի համար, քանի որ կասեցման որոշումներն են լինում դատախազության կողմից։ Բացի այդ, խրախուսանք տալը կասկածանքների մի ամբողջ շղթա է առաջացնում, քանի որ կա այն մտավախությունը, որ մեջտեղում կաշառքի հարց կա։ Այդ կասկածը կարող է լինել դատախազության կողմից կամ խրախուսանքի մասին խոսող աշխատակցի նկատմամբ՝ հիմնարկի ղեկավարության կողմից։ Կա նաև մեկ այլ խնդիր։ Հիմնարկը ձեռնպահ է մնում խրախուսանք տալուց՝ պատճառաբանելով, որ մեկ այլ դատապարտյալ կարող է բողոքել՝ ասելով, որ ինքն ավելի շատ միջոցառումների է մասնակցել։ Ցավոք, տույժ տալու դեպքում վատի և ավելի վատի միջև համեմատություն չի արվում, իսկ խրախուսանքի դեպքում անընդհատ լավի և ավելի լավի միջև համեմատություն կատարվում է։
Պետք է նաև հասկանալ, թե այս գործընթացները որքանով են կապվում պատժի պայմանների մեղմացման և այդպիսով՝ ազատության նախապատրաստելու հետ։ Գործընթացները պետք է սինխրոն կապված լինեն իրար հետ, որպեսզի անձի դրական վարքագիծը խրախուսվի, անվտանգության գոտին փոխվի, և դրա պայմանները մեղմացվեն, և անձը բերվի որակական մի այնպիսի վիճակի, որ պատրաստ լինի պատժի մնացած մասը հասարակության մեջ կրելուն։ Այս պարագայում նույնպես կան օբյեկտիվորեն հիասթափեցնող միջադեպեր։ Օրինակ, որևէ դատապարտյալ, ով երբևէ որևէ միջոցառման չի մասնակցել, կարող է 2 բացասական զեկույցով դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատվել։ Նման մտահոգություն կար նաև ներումով ազատված դատապարտյալներից մեկի հետ։ Դա, իհարկե, անհատական ակտ է։ Սակայն մի քանի դատապարտյալ ներման համար դիմել էին, այնինչ ազատվել էր մեկը, ով անգամ զբոսանքի համար խցից դուրս չէր գալիս։
Փաստորեն կան միջոցառումներ, որոնք իրականացվում են, սակայն չեն հանգեցնում դրական արձանագրումների անգամ այն դատապարտյալների կյանքում, ովքեր ամենանկտիվն են ներգրավված այդ միջոցառումների մեջ։ Դա անվստահություն է առաջացնում այդ գործընթացների նկատմամբ, նաև որոշակիորեն արժեզրկում է այդ ամբողջ գործընթացը։
Կրթության առումով հասանելի են հանրակրթական և գեղագիտական կրթության ծրագրերը և այն դասընթացները, որոնք իրականացնում են հասարակական կազմակերպությունները։ Ինչ վերաբերում է աշխատանքային զբաղվածությանը, ապա միակ հասանելի հնարավորությունը տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներն են։ Տարբեր տարիների վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ ազատազրկված անձանց, հիմնականում՝ դատապարտյալների մոտ 10 տոկոսն է ներգրավված։ Ազատվելուց հետո աշխատանքով ապահովելու հարցի քննարկման ժամանակ հիմնարկը պատճառաբանում է, որ իրենք պատասխանատու են, քանի դեռ անձը պատիժ է կրում։ Եվ երբ ազատվում է, այլևս ազատ քաղաքացի է և կարող է ապրել, ինչպես ցանկացած այլ ազատ քաղաքացի։ Երբ խոսում ենք վերասոցիալականացման՝ որպես գործընթացի մասին, հենց այստեղ էլ ունենք խզվածք, քանի որ ազատվելուց հետո անձի հետ որոշակի ժամանակահատվածով աշխատանք չի տարվում՝ գնահատելու համար,թե այն աշխատանքը, որն անձի հետ տարվում է հիմնարկում, ինչպես է ռեալիզացվում հասարակության մեջ և ինչպես է նպաստում, որպեսզի անձը վերադառնա հասարակություն որպես մեկը, ով այլևս հանցագործություն չի գործելու և հետ չի վերադառնալու քրեակատարողական հիմնարկ։
Պետք է հասավարապես կարևորել այն սոցիալ-հոգեբանական աշխատանքը, որն իրականացվում է ազատազրկված անձանց հետ։ Հոգեբանական աշխատանքի մասով մտահոգիչ է այն, որ ագրեսիվության կամ կոնֆլիկտայնության դեպքում անձինք կարող են հաշվառման վերցվել որպես բացասական հակում ունեցող, ինչը կարող է հիմք դառնալ անձանց կարգապահական տույժի ենթարկելու համար։ Դա խոչընդոտում է, որպեսզի անձինք դիմեն հոգեբանի։ Անձինք նշում են, որ լինում են հուզական վիճակում, սակայն խուսափում են հոգեբանի հետ զրուցել, քանի որ դա հիմք դառնում որպեսզի սահմանված ընթացակարգերի պահպանմամբ անգամ հոգեբանի կողմից եզրակացություն տրվի, որ անձն ագրեսիվ է կամ կոնֆլիկտային է։ Հետևաբար այդ հիմքով բացասական հաշվառման չվերցվելու համար անձինք խուսափում են իրենց հույզերը կարգավորելու նպատակով անհատական զրույց ունենալ հոգեբանի հետ։
Սոցիալական աշխատանքների դեպքում լրջագույն խնդիր է այն, որ սոցիալական աշխատողների համար մասնագիտական կրթության պահանջ չի դրվում։ Այսինքն՝ ցանկացած մեկը, ով ունի բարձրագույն կրթություն, կարող է դիմել այդ հաստիքը թափուր լինելու դեպքում և անցնել աշխատանքի։ Մեր կազմակերպությունն իրականացրել էր վերապատրաստման դասընթաց, և զարմանալի էր իմանալ, որ մասնագետները ծանոթ չեն սոցիալական դեպքի վարմանը, որը այդ մասնագիտության այբուբենն է։ Ներկայումս կազմակերպվում են որակավորման դասընթացներ, և հուսանք, որ այդ բացը որևէ ձևով կարող է լրացվել։
Շատ կարևոր նշանակություն ունի նաև այն, թե այս գործընթացն ինչքանով է դառնում արժեքային համակարգ, գաղափարական մոտեցում աշխատողների համար։ Շատ հաճախ կարծիքներ են հնչում, որ նախկինում այն համոզմունքը կար, որ անձանց պետք է ծեծել ուղղելու համար, իսկ հիմա մոտեցումն այն է, որ անձանց պետք է կրթել ուղղելու համար։ Կրթելու հրահանգն առավելապես կառավարության դիրքորոշումն է։ Սակայն օբյեկտիվ հարց է առաջանում, թե այս գործընթացները որքանով են դառնում բովանդակային վարքագիծ աշխատողների համար, և հետագայում, երբ կրկին այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ բռնություն գործադրելու հրահանգ կտրվի, որքանով աշխատողները կդիմադրեն այդ հրահանգներին։ Եթե մենք ցանկանում ենք, որ ներկայումս ընթացող անջատ գործընթացները դառնան վերասոցիալականացման քաղաքականություն, հենց այս հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնել։
Խոսելով Արդարադատության նախարարության մասին՝ նշեմ, որ տարբեր նախաձեռնություններ են իրագործվում, սակայն նախնական փուլում չեն քննարկվում հասարակական կազմակերպությունների հետ։ Արդարադատության նախարարությունը նախկինում ուներ այլ պրակտիկա, երբ բավականին սերտ էին քննարկումները հասարակական կազմակերպությունների հետ, այլ հարց է, թե դրանք ինչ որակ ունեին, ինչ ազդեցություն էին թողնում, ինչքանով էին գոհացնում։ Սակայն ներկայումս այդ պրակտիկան մենք, ցավոք, չունենք։ Շատ գործողությունների մասին տեղեկանում ենք, երբ դրանք արդեն գործարկման փուլում են։ Եթե ի սկզբանե դրվեն քննարկման հասարակական կազմակերպությունների հետ, մենք հենց այդ փուլում մեր մտահոգությունները քննարկման դաշտ կբերենք։