Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի շրջանակներում 2024 թվականի դեկտեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Քրեական արդարադատության համակարգում վերականգողական ծրագրերի շուրջ համապարփակ մոտեցումներ․ ՀԿ-ների հետ արդյունավետ համագործակություն» թեմայով աշխատաժողով։ Նպատակն էր խթանել համագործակցությունը Քրեակատարողական, Պրոբացիայի ծառայությունների, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի և ոլորտային հասարակական կազմակերպությունների միջև, մասնավորապես՝ քրեական արդարադատության համակարգում իրականացվող վերականգնողական ծրագրերն ընդլայնելու նպատակով, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց և պրոբացիայի շահառուների սոցիալական վերաինտեգրմանը։
Աշխատաժողովի 2 օրերի ընթացքում քննարկվել են ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուներին վերականգնողական ծրագրեր տրամադրելու ներկայիս փորձը, բազմագերատեսչական և բազմակողմանի համագործակցության կարևորությունը, առկա ծրագրերը, համագործակցությունը և կարիքները։
Կարևորվել է ռեաբիլիտացիայի կարևորությունը կրկնահանցագործությունների նվազեցման և սոցիալական ներառման խթանման գործում։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել այնպիսի կոնցեպտների, ինչպիսիք են ավելի ապահով, ներառական հասարակության համար կրկնահանցագործությունների դեմ պայքարի կարևորությանը, հանցավորության ցիկլը կոտրելու գործում ռեաբիլիտացիայի դերին, քրեակատարողական հիմնարկների և հասարակության միջև անջրպետի վերացմանը, իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և համայնքների դերին, պետության և մասնավոր կազմակերպությունների համագործակցության կարևորությանն արդյունավետ վերաինտեգրման համար, ընտանիքի և հասակակիցների հետ կապերի կարևորությանը, կրկնահանցագործության հնարավորությունը նվազեցնելու համար ներառական քաղաքականության ձևավորմանը։
Հատուկ շեշտադրվել է հասարակական կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունն ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուներին վերականգնողական ծրագրերի և ծառայությունների տրամադրման գործընթացներում, պետություն-կազմակերպություններ համագործակցության միջոցով այդ ծրագրերի և ծառայությունների կայունության ապահովումը։
Որպես վերականգնողական արդարադատության կարևոր բաղադրատարրի՝ անդրադարձ է կատարվել պայմանական ազատման համակարգում առկա մարտահրավերներին, զեկույցների կազմման և դատական ակտերի վրա դրանց ազդեցության հետ կապված հարցերին։
Այս համատեքստում կարևոր դերակատարներից է Իրավական նախաձեռնությունների կենտրոնը, որը տարեկան կտրվածքով աշխատում է շուրջ 150-200 ազատազրկված անձանց հետ, որը կազմում է ազատազրկված անձանց ներկայիս թվի մոտ 10-20 տոկոսը։ Կազմաերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի աշխատաժողովի ժամանակ ներկայացրել է իրականացված հաջող նախաձեռնությունների օրինակներ, կազմակերպության դերը քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին աջակցելու գործում, ներդրումը քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ոլորտի մասնագետների կրթական ծրագրերի միջոցով ազատազրկված անձնաց և պրոբացայի ծառայությունների վերականգնման գործում, ծառացած մարտահրավերները վերականգնողական ծրագրեր իրականացնելիս, ինչպես նաև հետագա համագործակցության տեսլականը։