Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը շարունակում է խրախուսել ազատազրկված անձանց վերասոցիալականացման գործընթացին միտված միջոցառումների իրականացումը, ստեղծագործական և մշակութային իրավունքների արդյունավետ իրացումը։
Կազմակերպության ղեկավար Նարե Հովհաննիսյանը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հրավիրվել էր «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ մասնակցելու «Նշանավոր իմպրեսիոնիստները» թեմայով միջոցառմանը, որն ամփոփվել է նկարների և կավե աշխատանքների ցուցադրմամբ։ Նախաձեռնությունը կազմակերպվել էր հանրակրթական ծրագրի «Դեկորատիվ կիրառական արվեստ» և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների շրջանակում։
Դատապարտյալները և հանրակրթության ուսուցիչները ներկայացրել են համաշխարհային նշանակության իմպրեսիոնիստների կյանքը, գործունեությունը և նշանավոր գործերը՝ Կլոդ Մոնե («Տպավորություն», «Արևածագ»), Ռոդեն («Մտածողը»), Էդգար Դեգա («Ծաղկեփնջով պարուհին»)։ Որպես իմպրեսիոնիստական ոճի հայ գրող՝ ներկայացվել են նաև Ակսել Բակունցի պատմվածքները, հնչել է իմպրեսիոնիզմի կարևորագույն մոտիվներ դրսևորած ստեղծագործողներ Ֆրեդերիկ Շոպենի և Արամ Խաչատրյանի երաժշտությունը։