Skip to content Skip to sidebar Skip to footer

Ինքնասպանություն կատարած դատապարտյալին հեգնել են, ասել են՝ «մատներդ կտրելով չես ազատվի, պիտի թևդ կտրես, որ ազատեն»

2025 թվականի հունվարի 17-ին մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցում հայտնաբերել է դատապարտյալ, 1982 թվականին ծնված Ս. Հ.-ի դին՝ սավանով մահճակալից կախված վիճակում։

Ըստ քրեակատարողական տվյալ հիմնարկում պահվող ազատազրկված այլ անձանցից ստացված տեղեկատվության՝ ինքնասպանություն կատարած դատապարտյալի պատժի կրման ավարտին մնացել էր մոտ 1,5 տարի ժամկետ։ Նա իր ձեռքի մատները կտրում էր, որպեսզի հաշմանդամության կարգ տան, և այդ հիմքով ինքը կարողանա պատժից ազատվել՝ կամ ծանր հիվանդության հիմքով, կամ պայմանական վաղաժամկետ։ Ըստ նույն տեղեկատվության՝ մնացել էին իր 2 ձեռքերի 2 բութ մատները։

Կազմակերպությանը նաև փոխանցել են, որ քրեակատարողական հիմնարկում տեղյակ են եղել դատապարտյալի խնդիրների մասին, սակայն լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։ Ավելին, ոմանք հեգնել և սրել իրավիճակը՝ ասելով՝ «մատներդ կտրելով չեն ազատի, պիտի թևդ կտրես, որ ազատեն»։

Վերագրյալի հիման վրա Կազմակերպությունը 2025 թվականի հունվարի 20-ին դիմել է Քրեակատարողական ծառայությանը՝ խնդրելով որոշ տեղեկություններ հաղորդել տվյալ դատապարտյալի մասին։ Մասնավորապես․

  • Ըստ նախնական տվյալների՝ ո՞րն է եղել ինքնասպանության պատճառը, և ի՞նչ եղանակով է այն կատարել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ձեռքերի 8 մատները կտրված են եղել, և մնացել էին միայն բութ մատները։
  • Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կատարված ինքնավնասումների համատեքստում՝ պատճառները բացահայտելու և կանխելու, ինչպես նաև անձի հոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ։
  • Նախքան ինքնասպանությունը կատարել է ինքնասպանության փորձեր։ Եթե՝ այո, ապա ի՞նչ պատճառներով և քանի՞ անգամ։
  • Կատարվե՞լ է անձի ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի նախնական զննություն և/կամ խորքային գնահատում։
  • Եթե՝ այո, ապա ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագիտական խմբի կողմից ի՞նչ աշխատանքներ են կատարվել ինքնասպանության հնարավոր ռիսկի նվազեցման և անձի հոգեբանական վիճակի բարելավման ուղղությամբ։

Կազմակերպության կողմից ներկայացված որոշ հարցադրումների վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունից պարզաբանումներ չեն տրվել՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք անձնական գործում ներառված տեղեկություններ են, և դրանց տրամադրման հարցում առկա են սահմանափակումներ՝ պայմանավորված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներով։

2025 թվականի փետրվարի 5-ին ուղարկված պատասխան գրությամբ Քրեակատարողական ծառայությունից վերահաստատել են, որ ինքնասպանությունը կատարվել է կախվելու միջոցով։ Ինչ վերաբերում է պատճառին, ապա հայտնել են, որ այն կպարզվի նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։  

Անձի հետ կատարված մասնագիտական աշխատանքի առնչությամբ Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ հաշվի առնելով դատապարտյալի վարքի առանձնահատկությունները՝ Արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 631-Լ հրամանով սահմանված կարգով իրականացվեկ է ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատում, ինչի արդյունքում բացվել է ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի կառավարման պլան, որի շրջանակներում բազմամասնագիտական խմբի կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ։

Այդ համատեքստում գրություններ են ուղարկվել Քրեակատարողական բժշկության կենտրոնին, իրականացված աշխատանքների շրջանակում որոշում է կայացվել դատապարտյալին արգելել իր մոտ ունենալ այնպիսի իրեր և առարկաներ, որոնք արգելված չեն օրենքով, սակայն որոնցով վերջինս կարող էր կատարել ինքնավնասում կամ ինքնասպանություն։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.