Skip to content Skip to sidebar Skip to footer

Ամփոփել ենք դատապարտյալների իրավական գիտելիքների ամրապնդմանը և աշխատաշուկայում ապագա ներգրավվածության խթանմանը միտված դասընթացների շարքը

«Աբովյան», «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում ամփոփել ենք «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» ծրագրի երրորդ փուլով նախատեսված դասընթացները՝ ուղղված ծրագրի մասնակից դատապարտյալների իրավական գիտելիքների ամրապնդմանը և աշխատաշուկայում ապագա ներգրավվածության խթանմանը։

Դասընթացները վարել է իրավագիտության ոլորտի փորձառու մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։

Նա մասնակիցներին ներկայացրել է մի շարք կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են դատապարտյալների իրավական կարգավիճակին՝ հատկապես սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման համատեքստում, օրինակ, երբ է անձը համարվում դատվածություն ունեցող, երբ է դատվածությունը համարվում մարված կամ հանված, ինչ իրավական հետևանքներ այն կարող է առաջացնել իրավունքների իրացման համատեքստում և այլն։ Թեմայի շրջանակներում շեշտադրվել են քրեակատարողական հիմնարկներում կրթության և աշխատանքային զբաղվածության հնարավորություններն ու սահմանափակումները, անդրադարձ է կատարվել ազատ արձակվելուց հետո տրամադրվող պետական աջակցության ծրագրերին։ Թումասյանը ներկայացրել է նաև այն աշխատանքների ցանկը, որոնց իրականացումը սահմանափակված է դատապարտյալների համար, խոսել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի և աշխատանքային պայմանագրերի տարբերությունների մասին։

Դասընթացները նպաստել են դատապարտյալների իրազեկվածության բարձրացմանը, ինչը կարևոր նախապայման է նրանց իրավական պաշտպանվածության ապահովման և հասարակությանը վերաինտեգրվելու ճանապարհին կայուն քայլեր կատարելու համար՝ դառնալով կայուն ու պաշտպանված ապագայի կառուցման կարևոր բաղադրիչ։

Իրավական հմտությունների փոխանցումից բացի, դասընթացի առանցքային ուղղություններից էր դատապարտյալների մեջ դրական ինքնընկալման և ինքնավերլուծության կարողության ձևավորումը։ Դրանք միտված էին օգնելու մասնակիցներին վերարժևորել իրենց անցյալն ու ներկան, գիտակցել իրենց գործողությունների հետևանքները և ընդունել օրինապաշտ վարքագծով ապրելու անհրաժեշտությունը։

Պետք է նշենք, որ այս գործընթացում առանցքային կարևորություն ունի քրեակատարողական հիմնարկների գործուն ներգրավվածությունը։ Միայն հասարակական կազմակերպությունների և մասնագետների հետ սերտ համագործակցության արդյունքում է հնարավոր նմանատիպ դասընթացները լիարժեք ինտեգրել դատապարտյալների հետ տարվող վերականգնողական աշխատանքների մեջ՝ ապահովելով նրանց վերաինտեգրման գործընթացի արդյունավետությունը և շարունակականությունը։

«Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագիրն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]