2025 թվականի հունիսի 18-ին համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև։ Այդպիսով կողմերը՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանի, և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ի դեմս ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի, վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը՝ խթանելու վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերի իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունները։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակական և նպատակային համագործակցության միջոցով նպաստելու ազատությունից զրկված անձանց վերաինտեգրմանը և արդարադատության համակարգում դրական տեղաշարժերին։ Համագործակցության նպատակն է ամրապնդել կողմերի կարողություններն ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների իրավագիտակցության բարձրացման, օրինապահ վարքագծի ձևավորման, հասարակություն վերաինտեգրման և նոր հանցագործությունների կանխման ուղղություններով։
Կողմերը նախատեսում են համատեղ հանրային իրազեկման միջոցառումներ, քննարկումներ, սոցիալական տեսահոլովակների պատրաստում և այլ հանրային նախաձեռնություններ իրականացնել՝ արդարադատության ոլորտում հանրային վստահության բարձրացման նպատակով։
Հուշագրի ստորագրման համատեքստում Գևորգ Սիմոնյանը նշել է, որ այս հուշագիրը կարևոր քայլ է պետական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության ամրապնդման ճանապարհին և ընդգծել է, որ կենտրոնը լիահույս է, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն վերասոցիալականացման ոլորտում իրական փոփոխություններին և հասարակության կայուն զարգացմանը։
Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպությունը խորապես հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խոցելի խմբերի աջակցության իր առաքելությանը։ Վերջինս ընդգծել է, որ սույն հուշագիրը նոր հնարավորություն է այս ոլորտում կազմակերպության փորձը համատեղելու պետական համակարգի կարողությունների հետ՝ ապահովելով համակարգված և ազդեցիկ աշխատանք։
Հավելենք, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի առաջնային նպատակներից է ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց վերասոցիալականացմանը նպաստելը։ Այս համատեքստում կազմակերպությունը հավասարապես կարևորում է նաև ազատազրկված անձանց կրթության իրավունքի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Ուստի նախաձեռնել է մի շարք մեդիա և հանրային քննարկումներ, պատրաստել է տեսաֆիլմեր, որոնց ժամանակ անդրադարձ է կատարվել ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների շրջանում կրթության կազմակերպման կարևորությանը և խնդիրներին։Կազմակերպությունը պատրաստել է նաև մի շարք հետազոտական զեկույցներ և հոդվածներ, որտեղ հանգամանալից կերպով անդրադարձել է ազատազրկված անձանց կրթության եւ վերասոցիալականացման կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։


