Իրավական նախաձեռնությունների կենտրոնը շարունակում է աջակցել ազատազրկման մեջ գտնվող անձանց՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ՝ վերագտնելով ինքնավստահությունը։ Այդպիսի նախաձեռնություններից է գրաֆիկական դիզայնի հիմունքների ուսուցման դասընթացը, որը 2025 թվականի ապրիլի 11-ից մեկնարկել ենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Դասընթացը ներառել է 8 հանդիպում՝ նվիրված Photoshop ծրագրի հիմունքներին։ Մասնակից դատապարտյալները մեծ ոգևորությամբ են ներգրավվել ուսուցման գործընթացում՝ ծանոթանալով ծրագրի աշխատանքային միջավայրին, գործիքներին և հնարավորհություններին։ Նրանք ձեռք են բերել ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից թվային դիզայնում։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները սովորել են շերտերի կառավարում, շերտերը չվնասող խմբագրում, գույների և լույսերի կարգավորում, տեքստային ձևավորումներ, օբյեկտների ճշգրիտ ընտրություն և տեղաշարժ, պրոֆեսիոնալ smm դիզայնների ստեղծում, պատրաստի smm կոնտենտի պատրաստում։ Պրակտիկ առաջադրանքների շրջանակում ստեղծվել են ինսթագրամ սթորիի դատարկ թեմփլեյթ, ինսթագրամ փոստ՝ ֆոնային պատկերով և խմբագրված տեքստով, բարձրորակ quote-based ինսթագրամ փոստ, օբյեկտների հեռացում և նոր դիզայնի մեջ ներառում, ինսթագրամ carousel փոստ, 3 փոստ և 3 սթորի՝ բրենդային փաթեթների համար։ Ստեղծագործ միտքը, տեխնիկական հմտությունները և ինքնաարտահայտման ձգտումն այս դասընթացի առանցքային բաղադրիչներն էին։
Լիահույս ենք, որ դասընթացների շարքն օգնել է ոչ միայն նոր մասնագիտություն սովորել, այլև վերագտնել ներուժը, հաղթահարել մեկուսացման հոգեբանական հետևանքները և կառուցել նոր հույս ապագայի նկատմամբ։ Դասընթացի հաջորդ փուլում՝ առաջիկա 4 հանդիպումների ընթացքում, մասնակիցները կծանոթանան Photoshop Illustrator ծրագրին՝ խորացնելով իրենց գիտելիքները վեկտորային գրաֆիկայի և լոգոների ստեղծման մեջ։
Ծրագիրը ևս մեկ անգամ վկայում է, որ նույնիսկ անազատության պայմաններում հնարավոր է ստեղծել կայուն ապագայի հեռանկար՝ տեխնոլոգիական ու ստեղծագործ հմտությունների զարգացման միջոցով։
Դասընթացները կազմակերպվել են «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։