«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հաջողությամբ ամփոփվել են «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպված 4 դասընթացները, որոնց նպատակն էր զարգացնել մասնակից կանանց սթորիթելինգի, անձնական պատմությունների ներկայացման և գրավոր խոսքի կառուցման տեխնիկական հմտությունները։
Առաջին բանախոսը մեդիամասնագետ Աստղիկ Կարապետյանն էր, ով գործնական խաղերի և վարժությունների միջոցով ներկայացրեց պատմելու արվեստի ուժը, գրավիչ պատմության կառուցվածքն ու տեխնիկական հնարքները, ինչպես նաև ազդեցիկ պատմություններ ստեղծելու և դրանք լսարանին հասցնելու հիմնական տեխնիկաները։
Երկրորդ հանդիպման բանախոսը նույնպես Աստղիկ Կարապետյանն էր։ Կանայք կարդացել են իրենց գրած պատմությունները, խմբային քննարկման միջոցով վերլուծել դրանք՝ շեշտադրելով տեքստի նպատակն ու ուղերձները, օգտագործված հնարքներն ու ազդեցիկությունը։ Մասնակիցները ստացել են նաև խորհուրդներ և առաջարկություններ դրանք մշակելու և զարգացնելու վերաբերյալ։
Հաջորդ հյուրը Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանն էր, ով ներկայացրել է հայտնի գրողների ստեղծագործություններից օրինակներ, խոսել գրական տեխնիկաների մասին և քննարկել այն հարցերը, որոնք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնել՝ անազատության մեջ գտնվող կանանց առօրյայի և խնդիրների համատեքստում։
Դասընթների շարքի վերջին բանախոսը լրագրող Լիլիթ Հովհաննիսյանն էր, ով ծրագրի մասնակից կանանց մանրամասն ներկայացրել է գրավոր տեքստի կառուցման մեթոդները, կառուցվածքային սկզբունքները և կարևորել պատմությունների հաղորդչականությունը։
Ծրագրի մոնիթորինգի շրջանակում 2025 թվականի ապրիլի 23-ին դասընթացին ներկա էին Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Սաբինա Նովակովան և դեսպանատան ներկայացուցիչ Արարատ Սահակյանը։ Իսկ հունիսի 4-ին հյուրընկալել ենք Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին, փոխդեսպան Սաբինա Նովակովային, հյուպատոս Տոմաշ Մալեկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանին, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին, տեղակալներ Սահակ Գրիգորյանին ու Վահե Նանուշյանին, ինչպես նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանին և այլ պաշտոնատար անձանց։
Պաշտոնյաները ներկա են եղել դասընթացին, հարց ու պատասխանի ձևաչափով շփվել ազատազրկված կանանց հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, ծանոթացել ծրագրի ընթացքին, նպատակներին և արձանագրված արդյունքներին։
Ծրագիրն արդեն եզրափակիչ փուլում է։ Այն ոչ միայն հնարավորություն կտա կանանց ինքնարտահայտման համար, այլև կնպաստի երկար ժամանակ անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Սրտի թրթիռով սպասում ենք պատմությունների ամփոփմանն ու հրապարակմանը։ Դրանք կտեղադրվեն կազմակերպության պաշտոնական կայքում և կտպագրվեն առանձին գրքով՝ շեշտադրելով քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Նպատակն է բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և ավելի լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


