Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը, փոխդեսպանը և հյուպատոսը, արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանն ու Վահե Նանուշյանը, ինչպես նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք 2025 թվականի հունիսի 4-ին հյուրընկալվել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։
Հյուրերը մասնակցել են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագրի շրջանակում անցկացված հերթական դասընթացին, տեղեկացել ծրագրի առաջխաղացմանը և մինչ այժմ արձանագրված արդյունքներին։
Ծրագրի նպատակն է կանանց ձայնը լսելի դարձնել արդարադատության համակարգում: Ազատազրկված կանանց համար ծրագրի շրջանակներում արդեն իսկ անցկացվել են հույզերի կառավարման, կոնֆլիկտների լուծման, հուզական բարեկեցության, անձնական աճի, գրելու հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ՝ նպաստելու նրանց ինքնազարգացմանը և անձնային աճին: Հունիսի 4-ին անցկացվող դասընթացը վերաբերում էր տեքստի կառուցման տեխնիկային, որը վարում էր լրագրող, մեդիափորձագետ Լիլիթ Հովհաննիսյանը։
Պաշտոնյաները հարց ու պատասխանի ձևաչափով շփվել են ազատազրկված կանանց հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Դասընթացից հետո պաշտոնյաները շրջայց են կատարել «Աբովյան» ՔԿՀ-ում՝ ծանոթանալով ազատազրկված կանանց պահման պայմաններին և վերասոցիալականացման հնարավորություններին:
Հյուրերն այցի շրջանակներում ներկա են եղել նաև Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից իրականացվող միջոցառմանը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Միջոցառմանը մասնակցել են կին դատապարտյալների երեխաները և հիմնարկում գտնվող իրավախախտում կատարած անչափահասները։ Երեխաների համար կազմակերպվել են տարբեր խաղեր և մրցույթներ՝ խաղավարի ուղեկցությամբ։ Նրանք հնարավորություն են ունեցել նկարելու իրենց պատկերացումները, այնուհետև մայրիկների հետ միասին գրել իրենց երազանքները և օդ բաց թողնել փուչիկների միջոցով՝ որպես հույսի և խաղաղ մանկության խորհրդանիշ։ Միջոցառման ավարտին երեխաներին հանձնվել են իրենց նկարների շրջանակված տարբերակները, գրքեր և այլ անակնկալներ՝ որպես հիշողություն և խրախուսանք։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


