Իրավական նախաձեռնությունների կենտրոնն իր ծրագրերի միջոցով շարունակաբար հնարավորություններ է ստեղծում, որոնք օգնում են դատապարտյալ և կալանավորված կանայք վերագտնել իրենց ինքնարժեքը, զարգացնել նոր հմտություններ և վերաիմաստավորել ապագան։ Այդպիսի նախաձեռնություններից է ուլունքներով ձեռագործ պայուսակների պատրաստման արհեստի ուսուցումը, որը ներառել է 4 հանդիպում և ամփոփվել է 2025 ապրիլի 28-ին՝ միավորելով ստեղծարարությունը, ինքնաարտահայտումը և գործնական հմտությունների ձևավորումը։
Դասընթացի մասնակիցները՝ ազատազրկման վայրերում գտնվող կանայք, մեծ ոգևորությամբ են ներգրավվել ուսուցման գործընթացում։ Ոմանք առաջին անգամ էին զբաղվում ձեռագործությամբ, իսկ մյուսների համար դա դարձավ իրենց ներաշխարհն արտահայտելու ու հույզերն արտաբերելու յուրահատուկ ճանապարհ։
Ուլունքներով պայուսակների պատրաստումը պահանջում է մանրակրկիտ աշխատանք, համբերություն և գեղագիտական ընկալում։ Կանայք սովորել են պայուսակների ձևավորման սկզբունքները, ուլունքների համադրման տեխնիկան և գործվածքի կառուցվածքային առանձնահատկությունները։ Ստեղծված պայուսակները յուրահատուկ են և արտահայտում են մասնակիցների ներաշխարհը։
Այս գործընթացը նաև թերապևտիկ բնույթ ունի։ Մասնակից կանայք նշել են, որ ուլունքներով պայուսակներ պատրաստելը օգնել է մոռանալ մեկուսացման զգացումը, հաղթահարել անորոշությունը և տեսնել, որ նույնիսկ դժվար պայմաններում հնարավոր է ստեղծել գեղեցիկ աշխատանք։ Սթրեսը հաղթահարելուց բացի, այն նաև օգնել է վերակառուցել հավատը սեփական կարողությունների հանդեպ և տեսնել աշխատանքային ջանքերի տեսանելի արդյունքը։
Այդ պայուսակները ոչ միայն գեղարվեստական արժեք ունեն, այլ նաև կարող են վաճառվել՝ դառնալով կայուն եկամտի աղբյուր և առաջին քայլը դեպի տնտեսական անկախություն ազատ արձակվելուց հետո։
Նման ծրագրերը զգալի ազդեցություն ունեն կանանց վերասոցիալականացման գործընթացում։ Արհեստը կարող է վերածվել նոր մասնագիտության, կյանքի ոգեշնչող նպատակների և համայնքի հետ նոր կապերի ստեղծման հարթակի։
Այս նախաձեռնությունը վկայում է, որ նույնիսկ սահմանափակված ազատության պայմաններում կարող են ծնվել նոր հնարավորություններ, իսկ ստեղծագործ գործընթացը կարող է վերածվել վերականգնման և հույսի ուղու։
Դասընթացը կազմակերպվել է «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որը «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։


