Skip to content Skip to sidebar Skip to footer

Ընդունվել է գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը

Կառավարությունը 2025 թվականի ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, ինչը կարևոր առաջընթաց է երկրում գեդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության խթանման տեսանկյունից։

Գենդերային հավասարության քաղաքականության ապահովման 6 գերակայություն է սահմանվել ռազմավարությամբ․

  1. Կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունների ապահովում և ընդլայնում
  2. Սոցիալ-տնտեսական բնագավառում՝ աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության ձևերում գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազեցում և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավում
  3. Կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանում, հավասար հնարավորությունների ընդլայնում և բարենպաստ միջավայրի ամրապնդում
  4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովում
  5. Գենդերային բռնության և խտրականության հաղթահարում, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելում, հաղթահարում և բռնության ենթարկված կանանց և աղջիկների պաշտպանություն և աջակցություն
  6. Կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն և գենդերաարձագանքող մոտեցումների ձևավորում, ներառական սկզբունքների ապահովում և իրազեկվածության բարձրացում

Այս գերակայություններն ուղղված են նշված ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների կիրարկման ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ և դրական միջավայրի ստեղծմանը՝ առաջնորդվելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով։

Առողջապահության ոլորտում հավասար հնարավորությունների ապահովման համատեքստում կարևորվել են նաև ազատությունից զրկված կանանց հիմնահարցերը։ Մասնավորապես, նախատեսվում է․

  • Ազատությունից զրկված կանանց շրջանում ապահովել վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությունը՝ հակաբեղմնավորիչ միջոցների (պահպանակներ և ներարգանդային պարույրներ) անվճար տրամադրման միջոցով։
  • Ազատությունից զրկված կանանց շրջանում հավասար հիմունքներով իրականացնել առողջապահական կանխարգելիչ միջոցառումներ՝ սքրինինգային ծառայություններ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.