Skip to content Skip to sidebar Skip to footer

«Աբովյան» ՔԿՀ-ում ամփոփել ենք ազատազրկված կանանց ինքնազարգացմանը և անձնային աճին ուղղված դասընթացները

Ուրախությամբ հայտնում ենք, որ «Աբովյան» ՔԿՀ-ում ամփոփել ենք Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագրով նախատեսված հանդիպումների շարքը՝ ուղղված ծրագրի մասնակից ազատազրկված կանանց ինքնազարգացմանը և անձնային աճին։

Հայտնի փաստ է, որ բանտային առօրյան, ստանդարտացված հարաբերությունները, քրեական արդարադատության մարմիններից ունեցած դժգոհությունները և մի շարք այլ գործոններ կարծրացնում են անազատության մեջ հայտնված կանանց հույզերը, դրանք դարձնում ոչ այդքան կարևոր։ Իսկ ճաղերի ներսում գոյատևելու առաջնային մարտահրավերը ետին պլան է մղում անձնական պատմությունը և փորձառությունը։  Առաջին հանդիպմանը, որը նվիրված էր ինքնաճանաչմանը և հույզերի ճանաչմանը, հոգեբան Արմինե Ադամյանը ծրագրի մասնակից 15 կանանց օգնել է հայացք նետել իրենց ներաշխարհին, ճանաչել իրենց հույզերը և հասկանալ դրանց առաջացման պատճառները։ Տվյալ պահին ունեցած զգացողության և հույզերի պատճառները խորն են և կարող են ամենևին էլ կապ չունենալ բանտային իրողության հետ, սակայն դրսևորվում են բանտում, քանի որ կանայք տվյալ պահին բանտում են։ Հետևաբար հոգեբանը խորհուրդ է տվել շրջահայաց լինել, վերլուծել հույզերը, հայացք նետել անցյալին և մտածել ապագայի մասին։ Միայն այդպես է հնարավոր հասկանալ, բացահայտել և խորությամբ ճանաչել ներքին ես-ը, որը հատկապես բանտային պայմաններում շատ խորն է պատսպարվում և թաքնվում ինքնապաշտպանության կամ դիմադրության քողի տակ։ Հանդիպման ընթացքում մասնակից կանայք խմբային քննարկումների և դերային խաղերի միջոցով սովորել են շատ կարևոր տեխնիկաներ՝ ճանաչելու ոչ միայն իրենց, այլև դիմացինի հույզերը։ Չէ՞ որ բանտային կարծրացած հարաբերությունները վատթարացնում են նաև միջանձնային հարաբերությունները։ Իսկ դիմացինի հույզերը ճանաչելը և ապրումակցման կարողությունը շատ կարևոր են այդ հարաբերությունները փափկացնելու և կոնֆլիկտները հարթելու համար։

Հաջորդ հանդիպումը նվիրված էր հուզական բարեկեցությանը։ Հոգեբան Արմինե Ադամյանի հետ մասնակից կանայք քննարկել են տեսական մի շարք հարցեր՝ հույզերի ժառանգում, հուզական նախատրամադրվածություն, հարմարում որոշակի իրավիճակների և այլն։ Քննարկումը բուռն մթնոլորտում է անցել։ Կանայք տարբեր օրինակներ են բերել։ Ոմանք ասացին, որ չեն կարողանում կառավարել իրենց էմոցիոնալ վիճակը և ինքնավնասում են կատարում։ Մյուսները նշեցին, որ իրենց էմոցիաները սառել են։ Կային կանայք, ովքեր ասացին, որ հիմա իրենց կյանքում որոշակի իրավիճակներ առաջացնում են բոլորովին այլ հուզական արձագանք, քան նախկինում։ Նշված հարցերը կարևոր էին ընկալելու համար հույզերի կառավարման տեխնիկաները։ Օրինակ, խորը վերլուծել և հասկանալ՝ տվյալ իրավիճակն է դրդում, որպեսզի կոնկրետ էմոցիոնալ վիճակ առաջանա, թե հիշեցնում և վերհանում է նախկինում ունեցած էմոցիոնալ վիճակը։ Կանայք խոսել են նաև օրվա մեջ գերակշռող էմոցիաների մասին, որոնք նույնպես բազմազան են՝ անտարբերություն, ջղայնություն, զայրույթ, տխրություն, զսպվծություն, բարկություն, ուրախություն, կարոտ․․․ Այս համատեքստում հոգեբանը շեշտադրել է դիմացինի հույզերը ճանաչելու և հարգելու, ապրումակցման, դիմացինի հույզերն իրենց վրա չպրոյեկտելու կարևորությունը։ Հանդիպումն ավարտվել է դերային խաղով։ Զույգերից մեկը հանդես է եկել որպես հոգեբան և ձեռքը դիմացինի ուսին դնելով՝ փորձել է նրան ապրումակցում և աջակցություն ցուցաբերել պատմության այն հատվածում, որտեղ իր կարծիքով վերջինս ամենաշատն է ունեցել դրա կարիքը։

Մյուս հանդիպումը նվիրված էր անձնային աճին։ Հոգեբան Արմինե Ադամյանի հետ տեսական մի շարք հարցեր քննարկելուց զատ կանայք նաև գործնական առաջադրանք են կատարել։ Նրանք նկարների միջոցով պատկերել են իրենց ներկան և ապագան։ Զարմանալի չէ, որ ներկան բոլորի նկարներում գրեթե նույն ձևով է արտացոլվել՝ կարոտ, ճաղեր, տխրություն, ազատության տենչ։ Ապագայի ընկալումները նույնպես գրեթե նույնն էին՝ ընտանիք, երեխաներ, տուն, բնություն ․․․ Այս տեխնիկան կարևոր էր, քանի որ միմյանց նկարների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելով՝ կանայք ցույց էին տալիս իրենց ապրումակցումը և հոգատարությունը միմյանց նկատմամբ։

Վերջին հանդիպումը վերաբերում էր դրական ինքնընկալմանը։ Թեմայի ընտրությունը պատահական չէր։ Անազատության մեջ հայտնված կանանց շրջանում գերակշռում են ինքնամեղադրանքի և ամոթի զգացողությունը, հասարակության կողմից խարանը և պիտակավորումը, ինչի պատճառով նրանք կաշկանդվում են խոսել իրենց փորձառության մասին։ Կանայք հնարավորություն են ունեցել պատմել իրենց հույզերի և իրենց բնութագրող դրական հատկանիշների մասին՝ կենտրոնանալով երկրաչափական այն պատկերի վրա, որն առավելագույնս է արտացոլում իրենց հուզական վիճակը և որը հնարավոր է ճկել ու փոխել՝ չմնալով հուզական նույն վիճակի մեջ։ Հանդիպումը հագեցած էր նաև գործնական վարժություններով։ Կանայք ծանոթացել են նամակի տեխնիկային, թե ինչպես կարող են նամակ գրելու միջոցով արտահայտել իրենց ապրումները և նույն նամակի միջոցով պատասխանել իրենք իրենց։ Կանայք ծանոթացել են նաև Գեշտալտի թերապիայի տաք աթոռի տեխնիկային, երբ անձի առողջ ես-ն ու դրական ինքնընկալումը՝ մի կողմում, խնդրային ես-ը՝ մյուս կողմում, խասում են իրար հետ։ Այսպիսով, տեսական հարցերի քննարկման, դերային խաղերի և թիմային քննարկումների միջոցով հոգեբանը կանանց քաջալերել է չամաչել և ունենալ ներքին համարձակություն՝ խոսելու իրենց մասին, բարձրաձայնելու իրենց հույզերի և փորձառության մասին։ 

Հաջորդ հանդիպումները կվերաբերեն ծրագրի մասնակից կանանց իրավագիտակցության բարձրացմանը, անձնական պատմությունների ներկայացման տեխնիկական հմտությունների զարգացմանը, որի համատեքստում նրանք կծանոթանան սթորիթելինգի և գրավոր տեքստի կառուցման տեխնիկաներին։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.