«Վերաինտեգրման ուղիներ․ հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրով նախատեսված ամփոփիչ դասընթացը տեղի ունեցավ 2025 թվականի նոյեմբերի 27-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ռեսուրս դահլիճում։
Դասընթացին մասնակցեցին Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված 5 շահառու։ Միջոցառմանը մասնակցել են նաև կենտրոնի աշխատակիցներ և ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներ։
Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Մկրտիչ Շահվալադյանը ներկայացրեց գործող պետական ծրագրերը, դրանց դիմելու ընթացակարգերը և պայմանները։ Մասնակիցների ուշադրությունը սևեռվեց նաև զբաղվածության ծրագրերում նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ընդլայնման վրա՝ սկսած 2026 թվականից։
Շահառուները բարձրաձայնեցին մի շարք կարևոր խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվեցին մանրամասն պարզաբանումներ և իրականացվեցին համապատասխան ուղղորդումներ։
Քննարկումը ևս մեկ անգամ ընդգծեց իրազեկվածության ցածր մակարդակի հարցը։ Այդ համատեքստում շահառուներին առաջարկվեց դառնալ համայնքային կյանքի ավելի ակտիվ բնակիչներ և պարբերաբար դիմել համայնքային կառույցներին՝ տեղեկանալու օրենքներում և ընթացակարգերում տեղի ունեցող փոփոխությունների մասին։
Հանդիպումն ամրապնդեց ոչ միայն պրոբացիայի ծառայության շահառուների և համայնքի միջև կապը, այլև խորացրեց համագործակցությունը Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև՝ վերահաստատելով այն համոզմունքը, որ նշված խոցելի խմբի արդյունավետ սոցիալական ինտեգրումը հնարավոր է միայն համապատասխան մարմինների միջև կառուցողական համագործակցության և բաց երկխոսության միջոցով։
«Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն` բրիտանական The BEARR Trust հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։


