Skip to content Skip to sidebar Skip to footer

«Մեր քրեական արդարադատությունը շարունակում է մնալ պատժիչ»․ Նարե Հովհաննիսյանը հյուրընկալվել է «Առերեսում» հաղորդաշարին

Հյուրընկալվելով «Առավոտ»-ի «Առերեսում» հադորդաշարին՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը խոսել է Հայստանի քրեակատարողական հիմնարկներում հացադուլի դեպքերի մասին՝ նշելով, որ հացադուլի ցանկացած դեպք քրեական արդարդատությանն առնչվող բոլոր մարմիններին է աղերսվում։ Մասնավորապես հացադուլի դեպքերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք կապված են ազատազրկված անձանց քրեական գործերի ընթացքի, պայմանական վաղաժամկետ ազատման, անվտանգության գոտիների կամ դրանց պայմանների փոփոխության, արտաքին աշխարհի հետ կապի կամ այլ իրավունքների իրացման հետ։ Մեծ թիվ են կազմում նաև առողջության հետ կապված խնդիրները։ Անձինք, չկարողանալով իրավական ընթացակարգերով հասնել այդ խնդիրների լուծմանը, դիմում են նման ծայրահեղ միջոցների։ Բանախոսը նշել է, որ նախկինում եղել են նաև դեպքեր, երբ հացադուլի հետևանքով արձանագրվել են մահեր։ Այսինքն՝ անձի մարմինն այլևս ի վիճակի չի եղել տանելու երկարատև հացադուլի հետևանքները։ Հետևաբար, բանախոսի դիտարկմամբ, անկախ կոնկրետ դեպքից, հացադուլը և նմանատիպ այլ երևույթները, օրինակ, ինքնավնասում, ինքնասպանություն, քրեական արդարադատությանն առնչվող խորքային և համակարգային խնդիրների մասին են վկայում։

Անդրադառնալով ազատազրկված անձանց առողջական խնդիրներին՝ Ն․ Հովհաննիսյանը նշել է, որ բոլոր խնդիրներն են կարևոր և օրակարգային, բայց բուժսպասարկումը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը համակարգի ամենացավոտ կողմերից են։ 

«Տեսեք, երբ անձը մուտք է գործում հիմնարկ, մենք չունենք այնպիսի մեխանիզմ, որ իր առողջական վիճակի ամբողջական սկրինինգ իրականացվի, տրվի անձի առողջական վիճակի, այսպես ասած, նկարագիրը և հետագայում անհատական պլանավորման կամ մոնիթորինգի միջոցով անձի առողջական վիճակը վերահսկվի և փորձ արվի հասկանալ, թե, օրինակ, շենքային պայմանները, ընդհանրապես ազատազրկումն ինչքա՞ն են բացասաբար ազդում տվյալ անձի առողջության վրա: Դրա հետ կապված դինամիկ միջամտություններ չեն արվում: Եվ նաև ազատվելուց առաջ, դա կլինի խափանման միջոցի փոփոխման հետևանքով կամ պատժից ազատման դեպքում, դարձյալ այդ գնահատումը չի արվում, որպեսզի մենք ունենանք այն պատկերը, թե անձն ինչ վիճակով է մտել քրեակատարողական հիմնարկ, ինչ վիճակով է դուրս գալիս, և այդ ընթացքում հիմնարկի պայմաններն ինչքանո՞վ են վտանգել իր առողջական վիճակը: Այն, որ այս խորքային և համակարգային բացը մենք ունենք, դրան «լրացնելու են գալիս» մի շարք խնդիրներ՝ առողջապահական ծառայությունների որակը և հասանելիությունը, շենքային պայմանները»,-մանրամասնել է բանախոսը։

Նաև ավելացրել է, որ կա մեկ այլ կարևոր խնդիր, որը վերաբերում է առողջապահական ծառայությունների մատուցման համար պատասխանատու կառույցի գերատեսչական պատկանելությանը։

«Երբ դա անցավ առողջապահության նախարարությանը, մեր մտահոգությունն այն էր, որ «պինգ-պոնգի» չվերածվի, այսինքն՝ մի գերատեսչությունը խնդիրը չբարդի մյուս գերատեսչության վրա, և արդյունքում էական խնդիրներն անտեսվեն: Ցավոք, ներկայումս կարող եմ արձանագրել, որ մենք ունենք այդ իրավիճակը, այսինքն՝ քրեակատարողական ծառայությունն ասում է՝ մենք չենք պատասխանատու, որևէ խնդիր է արձանագրվում, կապում են, օրինակ, հոգեկան առողջության խնդիրների հետ, իսկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ ասում է, որ, օրինակ, շենքային պայմաններն են պատճառը, իրենք էլ բավարար ռեսուրս չունեն, որ ամբողջ ծավալով դա իրականացնեն»,-նշել է Ն․ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ թեև գերատեսչական ենթակայության փոփոխությունը պիտի գար բարելավելու առողջապահական ծառայությունների որակը, սակայն բավական լուրջ փակուղի է մտցրել այդ ծառայությունների մատուցումը: Տարբեր մարմինների և կառույցների ահազանգերի վիճակագրությունը ևս փաստում է, որ ամենամեծ թվով ահազանգերը վերաբերում են հենց ազատազրկված անձանց առողջական վիճակին:

Ն․ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակմանը՝ դա բնութագրելով «չկա հիմնարկ, չկա խնդիր» ձևակերպմամբ։ Հիմնարկը փակվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատազրկված անձինք այնտեղից տեղափոխվել են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, մյուսները ստացիոնար բուժումը ստանում են «Արմավիր» ՔԿՀ-ում 2025 թվականին գործարկված ստացիոնար բաժանմունքում։ Ն․ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ որևէ հիմնարկ փակելով և այդ հիմնարկի հետ կապված խնդիրները չեզոքացնելով չի ստացվում, որ համակարգում խնդիրները լուծվում են։ Նա հետևյալ կերպ է մանրամասնել․

«Առողջական խնդիրներին առնչվող ամենաշատ բողոքները տարիներ շարունակ իրավապաշտպանները ստացել են հենց «Արմավիր» ՔԿՀ-ից, որտեղ շուրջօրյա ջրամատակարարման և օդափոխության հետ կապված հարցեր կան։ Ճիշտ է, օդափոխության համակարգ տեղադրվել է, սակայն ջրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով այն ամբողջոթյամբ չի գործարկվում։ Մի հիմնարկում մատուցվող ծառայությունը չբարելավելու պայմաններում մեկ այլ հիմնարկից ազատազրկված անձանց տեղափոխել տվյալ քրեակատարողական հիմնարկ, իմ մոտեցումն այն է, որ այդպիսով մենք խնդիրները չենք լուծում։ Ինձ հավասարապես մտահոգում է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց Հոգեկան առողջության պահմանման ազգային կենտրոն տեղափոխելու հետ կապված հարցը։ Անձնակազմը, որ նրանց հետ աշխատում է, արդյո՞ք վերապատաստված է ազատազրկված անձանց հետ աշխատելու համար։ Արդյո՞ք շենքային պայմանները վերազինված են այդ անձանց անվտանգությունը և մեկուսի պահելու պայմանները ապահովելու համար։ Այսինքն՝ գործնականում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ պատկան մարմիններից պարզաբանումներ չենք էլ ստանում»։

Պատասխանելով լրագրող Աննա Իսրայելյանի այն հարցին, թե ինքնասպանությունների և մահվան դեպքերի առումով ի՞նչ նկատի ունեն, երբ իրավապաշտպանները խոսում են կառավարման ճգնաժամի մասին, Ն․ Հովհաննիսյանը մանրամասնել է, որ դա հնարավոր վարկածներից մեկն է, որոնք հատկապես փակ հաստատություններում կարող են ճգնաժամային իրավիճակներ ստեղծել, իսկ փակ համակարգում կառավարման, մենեջմենթի հետ կապված խնդիրն առաջնահերթ է:

«Եթե որևէ քրեակատարողական հիմնարկում նմանատիպ դեպք է արձանագրվում, ապա միանշանակ պետք է փորձել դրա հետ կապված կառավարման խնդիրները գտնել, որովհետև նաև սուբորդինացիայի հետ կապված հարցեր են առաջանում, անգամ աշխատողների միջև վերադաս, ստորադաս կարգավիճակով պայմանավորված տարբեր միջանձնային խնդիրներ են լինում: Եվ միանշանակ այստեղ, երբ խոսում ենք կառավարման մասին, պետք է շատ հստակ դիտարկել նաև, օրինակ, առողջապահական ծառայությունների համար պատասխանատու ղեկավարների և քրեակատարողական հիմնարկների ղեկավարների միջև համագործակցությունը, ինչին պրակտիկայում մենք ականատես չենք լինում, որովհետև իրենք տարբեր ծառայություններ են, տարբեր գերատեսչությունների են ենթակա, և երբեմն աշխատանքային կարգով քննարկելու, հարցերը պարզելու, դրանց ընթացք տալու հետ կապված խնդիրներ են ունենում: Եվ բնականաբար, եթե համակարգի ներսում կա խնդիր, այդ խնդիրը որևէ ձևով արտահայտվում է, և այդ արտահայտման ձևերից մեկն էլ կենսաբանական մահերն են, ինքնասպանություններն են, ինքնավնասումներն են»,-ավելացրել է իրավապաշտպանը։

Խոսելով մահվան դեպքերի մասին՝ իրավապաշտպանը թվարկել է հնարավոր պատճառները՝ շեշտադրելով, օրինակ, բյուրոկրատական քաշքշուկները։ Նա մեջբերել է մեկ դեպք, երբ միջգերատեսչական հանձնաժողովը տվել է եզրակացություն առ այն, որ դատապարտյալի առողջական վիճակը համատեղելի չէ պատժի կրման հետ, սակայն մինչև դատարանի համապատասխան որոշման կայացումն արձանագրվել է տվյալ անձի կենսաբանական մահը։ Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել կանոնադրական հարաբերություններին, որևէ քրեական հոդվածով քրեակատարողական հիմնարկում հայտնված անձանց նկատմամբ վերաբերմունքին, արդյո՞ք այդ հոդվածի նկատմամբ կա որոշակի կանխակալ կամ խտրական վերաբերմունք, արդյո՞ք անձի առողջական վիճակի նկատմամբ կա կանխակալ կամ խտրական վերաբերմունք, արդյո՞ք ազատազրկված անձանց միջև կան ոչ կանոնադրական հարաբերություններ, և ինչպես է աշխատակազմը վերաբերվում այդ հարաբերություններին։ Երբ առաջ է գալիս քաղաքացիական բժշկական հաստատություն տեղափոխելու հարցը, ինչպե՞ս են որոշվում առաջնահերթությունները։ Արդո՞ք առաջնային կարգով դիտարկվում են սոցիալապես խոցելի խմբերի կարիքները, թե այդ հնարավորությունից կարող են արտոնյալ ձևով օգտվել այն անձինք, ովքեր, օրինակ, անհամեմատ ավելի շատ ֆինանսական հնարավորություններ ունեն։

Նա մահվան դեպքերի վերաբերյալ նաև նշել է, որ երբ որևէ դեպքով հարցում են ուղարկում, իրենց պատասխանում են, որ դա բժշկական գաղտնիք է, անձնական տվյալներ են, և չեն տրամադրում։ Բայց յուրաքանչյուր նման դեպքով շատ հստակ, մանրամասն ուսումնասիրություն պետք է կատարել, օրինակի համար, դեպքը ո՞ր անձանց շրջանում է արձանագրվել՝ դատապարտյա՞լ, թե՞ կալանավորված, ի՞նչ քրեական հոդվածով են նրանք հայտնվել քրեակատարողական հիմնարկում, պատժի կրման կամ կալանավորման ո՞ր փուլում է դեպքը եղել, քանի՞ տարեկան են, առողջական ի՞նչ խնդիրներ ունեն, այսինքն` անձի վերաբերյալ որոշակի վիճակագրական տվյալներ համադրելով և ուսումնասիրելով, ինչը հետագայում կարող է մեծ կանխարգելիչ գործառույթ կատարել, բայց, ցավոք, պրակտիկայում այդ մոտեցումը չկա։

Խոսելով կալանավորված անձ-դատապարտյալ թվի համամասնության մասին՝ իրավապաշտպանը կալանավորված անձանց թիվը մտահոգիչ է համարել՝ նշելով, որ խորքային ուսումնասիրություն պետք է կատարել, քանի որ վերջին տարիներին ներդրվել են տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները՝ հասնակալու համար, թե այս պարագայում ինչու են շարունակում աճել կալանավորման՝ որպես խափանման միջոցի թվերը։ Միանշանակ է, որ ազատազկումը նույնքան բացասական հետևանքներ է ունենում կալանավորված անձանց վրա, որքան դատապարտյալների։ Ավելին, բանախոսի դիտարկմամբ կան որոշ երաշխիքներ, որոնցից դատապարտյալներն օգտվում են, բայց կալանավորված անձինք չեն կարողանում օգտվել, և առավել վատթարացած, անբերանպաստ հոգեբանական վիճակով դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկից։ Իրավապաշտպանը շեշտադրել է այն հանգամանքը, որ դա կարող է լինել ոչ թե խափանման միջոցի փոփոխման արդյունքում, այլ՝ արդարացման։ Այսինքն՝ անձը կարող է անմեղ ճանաչվել դատարանի կողմից, բայց իր վրա կրել ազատազրկման բոլոր բացասական հետևանքները, և մի շարք երաշխիքներից՝ կրթություն, աշխատանք, այդ ժամանակահատվածում չօգտվել։  

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]