Ուղեցույցը ներառում է այն հիմնական սկզբունքները և մոտեցումները, որոնցով քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողները, հոգեբանները և բուժաշխատողները պետք է առաջնորդվեն՝ ազատազրկված ԼԳԲՏ անձանց հետ համապատասխան մասնագիտական աշխատանքները կազմակերպելիս։ Այն նախատեսված է ազատազրկված ԼԳԲՏ հետ ամենօրյա աշխատանքում կիրառելու համար և նշված մասնագետներին հնարավորություն է տալիս վերանայել ԼԳԲՏ անձանց վերաբերյալ պատկերացումները, ինչը կօգնի, որպեսզի տրամադրվող ծառայությունները լինեն զգայուն և մասնագիտական էթիկական կանոններին համահունչ։
Սակայն պետք է փաստել, որ մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը միայն սոցիալական աշխատողներով, հոգեբաններով և բուժաշխատողներով չէ պայմանավորված։ Նշված մասնագետների համար նախատեսված հաստիքների թիվը, նրանց աշխատանքային պայմանները, մասնագիտական գործունեությանն առնչվող օրենսդրական բացերը, վերապատրաստումների պակասը, ազատվելուց հետո անձանց հետ տարվող համապատասխան աշխատանքների ընդհատումը և մի շարք այլ գործոններ ազդում են սոցիալական, հոգեբանական և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության վրա։
Հետևաբար ուղեցույցը ներառում է վերը թվարկված խնդիրների կարգավորմանն ուղղված առաջարկություններ և այս համատեքստում հասցեագրվում է նաև որոշում կայացնող և քաղաքականություն մշակող կառույցներին, որոնք պատասխանատու են Հայաստանի քրեակատարողական համակարգում բարեփոխումների իրականացման և ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման համար:
Լիահույս ենք, որ ուղեցույցը կնպաստի ոչ միայն սոցիալական աշխատողների, հոգեբանների և բուժաշխատողների, այլև որոշում կայացնող և քաղաքականություն մշակող կառույցների զգայունության բարձրացմանը և վերաբերմունքի փոփոխությանը՝ նախադրյալներ ստեղծելով ազատազրկված ԼԳԲՏ սոցիալ-հոգեբանական և առողջական վիճակի բարելավման և նրանց իրավունքների պաշտպանության համար:
Ուղեցույցը կազմել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Փոխակերպելով ազատազրկված ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։