Ազատազրկված կանանց՝ սեռով պայմանավորված առանձնահատուկ խնդիրները պատշաճ կերպով հասցեագրված չեն Հայաստանում քրեակատարողական ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերում։ Թերևս բացառություն է կազմում քրեակատարողական ոլորտի զարգացման ռազմավարությունը, որի 2024-2026 գործողությունների ծրագրով նախատեսվում է ազատազրկված կանանց հետ աշխատելու համար նշանակված ողջ անձնակազմի համար պարտադիր վերապատրաստումներ կազմակերպել՝ կապված գենդերային հատուկ կարիքների և կանանց իրավունքների հետ։
Նախատեսվում է նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը և առօրյա կյանքը կարգավորող ներքին կանոնները համապատասխանեցնել կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների պահանջներին՝ Բանգկոկյան կանոնների համաձայն: Դա ենթադրում է համապատասխան դրույթների նախատեսում գենդերազգայուն մոտեցումների վերաբերյալ՝ կապված կանանց խուզարկությունների և մարդու արժանապատվության չարաշահումից երաշխիքների սահմանման հետ:
Կարծում ենք, որ դա կարևոր առաջընթաց է։ Հետևաբար ներկայացնում ենք ազատազրկված կանանց՝ սեռով պայմանավորված առանձնահատկությունների և ներհատուկ կարիքների հակիրճ հետազոտական զեկույցը, ինչը կարևոր նախադրյալներ կարող է ստեղծել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների արդյունավետ և առավել հասցեական իրականացման համար՝ նպաստելով կանանց համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում այնպիսի մոտեցումների ներդրմանը և կիրառմանը, որոնք գենդերազգայուն են և նկատի են առնում կանանց ներհատուկ կարիքները։
Հետազոտությունը պատրաստել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական
կազմակերպությունը Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։