Ես Ստեփան Գրիգորյանն եմ և ուզում եմ պատմել իմ հուշերի մասին… Հուշեր, որոնք նման են վատ երազի, բայց և կբացահայտեն Ձեզ համար բանտի իրական կյանքը…
1996 թվականն էր, ես՝ 31 տարեկան երիտասարդս, հասցրել էի արդեն ընտանիք կազմել, հրաշալի զավակներ ունենալ: Տղաս 8 տարեկան էր, աղջիկս՝ 6։ Ապրիլ ամիսն էր, բայց ես արդեն մտովի պատրաստվում էի աղջկաս սեպտեմբերի 1-ին, նրան վարդերով դպրոց ուղեկցելուն, երբ վրա հասավ ճակատագրական օրը, և բոլոր պլաններս հօդս ցնդեցին։ Չեմ ուզում խոսել քրեական գործի ու կատարվածի մասին, բայց ցանկանում եմ շեշտել, որ ինքս ոչ ոքի չեմ զրկել կյանքից, միայն մասնակից եմ եղել: Եվ ահա, բարի գալուստ բանտ։
8 օր պահեցին Արաբկիրի ոստիկանությունում, հետո տեղափոխեցին քաղաքային վարչություն, հետո՝ 6-րդ վարչություն, որտեղ 8 օր պահեցին, հետո էլի հետ բերեցին վարչություն, որտեղ պահեցին 15 օր, հետո տարան ձերբակալվածների պահման վայր, որտեղ 23 օր պահեցին: Օրեր շարունակ գետնին նստած, սյունին գամված, առանց ուտելիքի, առանց քնելու… Իսկ ծեծի մասին չխոսեմ…
Պատկերացնո՞ւմ եք, 23 օր պահել են ձերբակալվածների պահման վայրում՝ ուժերս վերականգնելու ու քայլել կարողանալու համար, որ բանտում ընդունելիս մատյանում չձևակերպեն, որ ինձ խոշտանգել են: Հիմա շատ հաճախ հարց եմ տալիս ինձ՝ ես սպանդանոցու՞մ էի, թե՞ ոստիկանությունում…
1997 թվականի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվեցի մահապատժի, բայց Հայաստանում 1991 թվականից սկսած մահապատիժն ի կատար չէր ածվում, անորոշություն էր, չգիտեի՝ ինչ կլինի ինձ հետ:
Գիտե՞ք ինչն էր ամենադաժանը, որ քեզ դատապարտում են մահապատժի այնպիսի անձանց հետ, ովքեր մի քանի մարդ են սպանել, սրբապիղծ են, իսկ ես, ճիշտ է, գործել էի հանցանք, բայց ինքս ոչ-ոքի չէի զրկել կյանքից։
Հոգեբանական ապրումներից զատ անտանելի էին նաև խցի պայմանները: Խցում 6 հոգով էինք: Հատակը՝ խոնավ ասֆալտ, մահճակալը՝ երկաթից ու նեղ, մի զույգ փոխնորդ շոր և հարյուրավոր միջատներ: Ահա այն ամենը, ինչ կար խցում: Իսկ ուտելիքը չեմ էլ ուզում նկարագրել: Նույնիսկ աղ չէին տալիս: Բորշը հողի գույն ուներ, կաղամբը սևացած էր: Լա՛վ, այդքան անմարդկային ո՞նց կարելի է լինել… Նրանց համար մենք գազաններ էինք, վայրի գազաններ…
Այդ կարգավիճակով ապրել եմ 7 տարի։ Երևի կհարցնեք՝ ինչպե՞ս էր անցնում օրս…Ասեմ, որ զբոսանք չկար, հիգիենայի պարագաներ չկային: Ատամի մածուկ, խոզանակ, զուգարանի թուղթ… նման բաներ չկային… Պետությունը ոչինչ չէր տրամադրում: Հանձնուք չէր թույլատրվում ուղարկել: Իսկ լոգանքի տանում էին 7-8 ամիսը մեկ։
Գիտե՞ք՝ ինչպես էր լինում լոգանքը: Շաբաթ օրն էին տանում: Հիմնարկի շարժը կանգնում էր: Բոլոր աշխատողները գալիս էին, մահակները ձեռքներին՝ հերթ կանգնում, մենք էլ՝ շարք կազմած, ձեռնաշղթաներով անցնում էինք նրանց միջով, 5-րդ հարկից իջնում 2-րդ հարկի բաղնիքը: Ամեն անգամ ասում էին, որ դա վերջին լոգանքն է: Անորոշության մեջ էինք: Ամեն օր սպասում էինք, թե ազգային ժողովում ինչ կորոշեն, ինչ կլինի մեր ճակատագիրը:
Դաժան էին նաև տեսակցության պայմանները՝ տարին մեկ անգամ, մի քանի րոպեով, ապակեպատ խցի մեջ, շուրջ 30 հսկիչների ներկայությամբ։ Բնականաբար, չէի կարողանում շփվել, հանգիստ զրուցել, ուստի մնում էր միայն նամակագրական կապը։ Երեխաներիս հաճախ էի նամակներ ուղարկում «Կարմիր խաչի» օգնությամբ, ու գիտեք, մի անգամ աշխատակիցը չզսպեց հույզերը և պատմեց, որ նամակներս կարդացել է և զարմացել, թե որքան ճիշտ եմ դաստիարակում երեխաներիս, որքան շատ եմ մտածում նրանց ապագայի մասին ու որքան լավ հայր եմ։
Ժամանակս անց էի կացնում կարդալով: Ճիշտ է, գրականությունը քիչ էր, հիմնականում՝ խորհրդային ժամանակաշրջանի, բայց «Կարմիր խաչ»-ը երբեմն գրքեր էր տրամադրում կամ ուրիշ խցերից էինք խնդրում:
Հետո՞… Հետո 2003 թվականի օգոստոսին Հայաստանի 2-րդ նախագահի հրամանագրով մեզ ներում շնորհվեց, և մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Ես մահապատժի դատապարտված 27-րդ մարդն էի, մինչև 2003 թվականը դարձանք 42, և մեզ բոլորին ցմահ տվեցին:
Լրագրողների մուտքն արգելված էր, ոչ ոք չէր լուսաբանում մեր խնդիրները։ 2004 թվականին լրատվամիջոցներից մեկը եկավ այցելության, բայց հարցազրույցի մանրամասները, իմ բողոքները, արձանագրածս խախտումներն այդպես էլ չբարձրաձայնեցին…Իմ ձայնն ու բողոքն այդ ժամանակ էլ ոչ մի տեղ չբարձրաձայնվեց և չնշվեց, որ օրենքի խախտում է կատարվել։ Ինձ մնում էր միայն պայքարել և հուսալ, որ օրենքը մի օր կգործի։
Դաժան են եղել իմ բանտարկության տարիները: Միայն տարիներ անց ռեժիմս փակից փոխեցին կիսափակի, տեղափոխեցին «Արթիկ» ՔԿՀ, որտեղ ծանր թոքաբորբով հիվանդացա։ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում բուժվեցի: Հետո տարան «Արմավիր»:
Ես միշտ պայքարել եմ ազատության համար: Ներում էի ակնկալում, որը չեղավ: Միայն 25 տարին լրանալուց հետո վաղաժամկետ ազատվեցի:
Երբ ռեժիմս փոխեցին, հարազատներիս հետ տեսակցությունները, հուրախություն ինձ, շատացան. տարվա մեջ մեկ երկարատև և երեք կարճատև: Քույրս էլ մոտ էր ապրում և հաճախ էր հանձնուք ուղարկում։
Ես երեխաներիս միշտ ուղղորդում էի, որ լավ սովորեն, բարձրագույն կրթություն ստանան, ինքս էլ ճաղերի ներսում ինքնակրթությամբ էի զբաղվում։ Մի անգամ խցի հսկիչը հարցրեց, թե ինչ կրթություն ունեմ, և երբ պատասխանեցի, որ 10-ամյա է կրթությունս, չէր հավատում, կարծում էր՝ կատակում եմ ու բարձրագույն կրթություն ունեմ… Ես անընդհատ կարդում էի ու ինքնակատարելագործվում։
Ծանր էին «Նուբարաշեն»-ում անցկացրած 20 տարիներս։ Ես այնպես էի ուզում երեխաներիս կողքին լինել, այցելել Արցախում ծառայող զինվոր տղայիս: Չէ՞ որ նա սրտի խորքում ուզում էր, որ իր հայրն էլ այցելության գնար… Ծանր էր, երբ չէի կարող հարազատներիս կողքին լինել ո՛չ ուրախության, ո՛չ էլ տխրության պահերին… Ես միշտ բացակա էի… Գիտե՞ք ինչի համար էի ամենաշատը անհանգստանում, որ հասարակությունն ինձ չի ընդունի, կպիտակավորի…
Ախր ջանք ու եռանդ չեն խնայում՝ մեզ ամեն կերպ որպես հրեշ ներկայացնելու համար. նկարահանում են ֆիլմեր, որոնք աղերս չունեն մեր կյանքի հետ, պատմում են կեղծ պատմություններ՝ ներկայացնելով մեզ որպես դաժան մոլագարների, ստեղծում բացասական վերաբերմունք…
Խորհուրդ կտամ ողղղակի այցելեք կալանավայր, զրուցեք այնտեղ փակված մարդկանց հետ և կհամոզվեք, որ նրանք էլ «ձեզ» նման սովորական մարդիկ են ու ապրում են սովորական կյանքով։ Ցմահ ազատազրկված տղաներից մեծ մասը զինվորներ էին, որոնք իրադրության զոհն են դարձել և արժանի չեն այդ պայմաններին…
Պատկերացնու՞մ եք, նույնիսկ հասարակ կալանավորների մոտ մեր մասին ահասարսուռ պատմություններ էին տարածում, որպեսզի խցերից դուրս մեզ հետ չշփվեին։ Մի պատմություն պատմեմ…
Մեր խցերից մեկում վիճաբանություն էր տեղի ունեցել, և միմյանց հարվածել էին գդալով։ Արդյունքում վնասվել էր տղաներից մեկի աչքը, ում տեղափոխել էին հիվանդանոց ու օգնություն չտրամադրելով՝ հետ բերել առանձին խուց ու թողել, որ արնաքամ լինի… Հետո էլ ներկայացրել էին, որ խցակիցներն են նրան սպանել ու կտոր-կտոր արել… Եվ բազում այսպիսի պատմություններ կան, որ աշխատակիցներն իրենց մեղքը բարդել են ցմահ ազատազրկվածների վրա…
Ինչու՞, որ մեզ ավելի շատ ատեն ու երբեք չըդունեն որպես նորմալ մարդու։ Կալանավորներին ներկայացնում են որպես սարսափելի հրեշների ու փորձում պայքարել նրանց դեմ՝ թույլ չտալով ժամկետից շուտ ազատվել…
Հաճախ են շեշտում «ղումար» խաղալը՝ որպես կալանավորներին հատուկ բացասական երևույթ… Ճի՞շտ եմ հասկանում՝ ազատության մեջ գտնվողներին կարելի է խաղալ նմանատիպ խաղեր, այցելել կազինոներ, ու դա նորմալ է, իսկ կալանավորներինը խաղ չէ, «ղումա՞ր» է։ Գիտեք, դա ճիշտ երևույթ չէ, բայց խաղացողը ամեն տեղ էլ կխաղա, չխաղացողը չի խաղա, մի՛ շահարկեք այս փաստը՝ վերագրելով այն միայն կալանավորներին…
Կալանավայրում շատ են ազատ ժամանակ ունենում, ուստի և խաղեր են կազմակերպում՝ շախմատ, նարդի, խաղաքարտ, որն էլ հետո դառնում է «ղումար»։ Կալանավայրում ես ինքս փորձում էի օրս բազմազբաղ անցկացնել։ Առավոտյան արթնանում էի, մաքրություն անում, հետո պլանավորում օրս… Տղաներին միշտ հորդորում էի մաքուր պահել տարածքը, չէ՞ որ այն մեր ժամանակավոր կացարանն էր, և «հյուրերը» այցելության ժամանակ պետք է համոզվեին, որ մենք նորմալ մարդիկ ենք և ապրում ենք սովորական առօրյայով։ Ես հաճախ էի առկա խնդիրները բարձրաձայնում. մի անգամ, արդարադատության նախարարի այցի ժամանակ բարձրաձայնեցի միջատների, խավարասերների առկայության խնդիրը, որին շուտափույթ լուծում տվեցին։
Դժվարն այնտեղ մարդավարի ապրելն ու մարդ մնալն էր։ Չեմ կարող ասել, որ բանտը բացասաբար է ազդել ինձ վրա, հակառակը՝ ես դարձել եմ ավելի պայքարող, ավելի հանգիստ, ավելի համբերատար ու զգուշավոր։ Կալանավայրում դու սովորում ես շատ լսել ու քիչ խոսել, պատասխանատու լինել ասածդ ամեն խոսքի ու ամեն արարքիդ համար։ Իսկ ինչ վերաբերում է ընտելանալուն, ապա քանի տարի էլ անցկացնես այնտեղ, չես կարող ընտելանալ… Դու պարզապես ժամանակավոր հարմարվում ես այդ պայմաններին՝ հավատարիմ մնալով քո մարդ տեսակին։
Ես այդպես էլ ապրում էի՝ հույսով, որ պայմանական վաղաժամկետ կազատվեմ։ Պատկերացնու՞մ եք, այնքան վստահ էի վաղաժամկետ ազատմանս վրա, որ արդեն սառնարանս ու հեռուստացույցս նվիրել էի այլ տղաների, սակայն առանց որևէ հիմնավորման հարցը մեկ տարով որոշեցին հետաձգել։ Նորից հիասթափություն, նորից պայքար…
Արդյունքում ես վերջապես վաղաժամկետ ազատ արձակվեցի 57 տարեկան հասակում։ Ու գիտե՞ք, ես նույն 31 տարեկան Ստեփանն եմ ինձ զգում, որովհետև թե՛ արտաքնապես, թե՛ հոգով ջահել եմ։ Ասում են՝ բանտը մարդուն երիտասարդ է պահում, դե երևի իմ մասին են ասում…
Չեմ հերքի, կյանքը շատ է փոխվել, սկզբում փորձում էի ընտելացնել աչքերս նոր քաղաքին, նոր տեխնոլոգիաներին և այլն… Վերջապես վերադարձրել եմ ազատությունս, դա է ինձ համար կարևորը։ Հաճախ եմ մտածում կորցրած թանկ երիտասարդությանս մասին, ու պատկերացնում, թե այժմ ինչ բարձրունքների հասած կլինեի, եթե ազատության մեջ ապրեի։
Երիտասարդ ժամանակ շատ հնարավորություններ են եղել: Սակայն ես չեմ ապրում անցյալի հուշերով, չեմ փորձում ետ բերել այն, ինչն էլ չկա։ Ես ապրում եմ ներկայով, վայելում ազատությանս ամեն մի վայրկյանը… Չեմ աշխատում, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, թոշակ եմ ստանում։ Վայելում եմ երեխաներիս ջերմությունն ու թոռնիկներիս քաղցրությունը։ Աղջիկս ու տղաս, ինչպես և ցանկանում էի, ստացել են մի քանի բարձրագույն կրթություն, դարձել են լավ մարդ ու հասարակությանը պիտանի քաղաքացի։ Ընտանիքիս անդամների հետ խնդիրներ չունեմ, պահպանում եմ ջերմ հարաբերություններ։ Ես սիրում եմ հայրենիքս, հոգ եմ տանում քաղաքիս մասին՝ բարձրաձայնելով առկա խնդիրները, իսկ հնարավորության դեպքում՝ ինքս եմ լուծում դրանք։
Ինչ երազանք ունե՞մ… Երազում եմ սեփական բակով տուն ունենալու մասին, որը կլինի իմ փոքրիկ ամրոցը… Ես նաև ուզում եմ, որ բոլորս լինենք օրինապաշտ, պահպանենք քաղաքի մաքրությունը, ինչպես նաև մեր հոգու մաքրությունը։ Գիտե՞ք ինչ դժվար էր կալանավայրում զոհ դառնալ անարդար պայմաններին, իմանալով, որ ուրիշները դրսում անպատիժ են ու շարունակում են վայելել ցոփ ու շվայտ կյանք։
Օրենքը պետք է միշտ արդարացի գործի։ Յուրաքանչյուրս էլ կարող ենք սխալվել, հանցանք գործել, բայց սխալը գիտակցելուց ու պատիժը կրելուց հետո մարդը պետք է լիարժեք կյանքին վերադառնալու հնարավորություն ունենա՝ իմանալով, որ իրեն չեն քարկոծի, չեն արհամարհի ու մատնացույց չեն անի։ Այժմ ինձ հետ շփվող մարդիկ հաճախ հարցնում են, թե ո՞վ եմ մասնագիտությամբ՝ իրավաբա՞ն, փաստաբա՞ն, քաղաքական գործի՞չ. ո՛չ, նախկին բանտարկյալ եմ, և ինչու՞ եք զարմանում, ես սովորական մարդ եմ, ի՞նչ կապ ունի՝ որտեղ եմ անցկացրել կյանքս…
Ես հիմա էլ գիտեմ ազատազրկված տղաների, որոնք արժանի են վաղաժամ ազատության, ուստի առաջարկում եմ պետությանը՝ զբաղվել այդ հարցով։ Դիմեք համապատասխան մասնագետներին, աշխատակիցներին, և նրանք կներկայացնեն այն անձանց ցուցակը, որոնք արժանի են ազատության։
Հնարավորությու՛ն տվեք նրանց նորմալ ապրել կյանքի մնացած տարիները, ո՞վ գիտի, թե ում որքան ժամանակ է մնացել ապրելու: Կարևորը սխալը գիտակցելն ու ուղղվելն է…
Հնարավորություն տվեք նրանց նոր կյանք սկսելու…
Ստեփան Գրիգորյան
Ապրիլի 10, 2021թ.