Դեռևս 2 տարի առաջ զբաղվում էի մասնավոր բիզնեսով՝ մանրամեծածախ առևտուր, ապրանքների ներկրում, գյուղատնտեսական ժամանակակից ինտենսիվ այգիների հիմնում, տարբեր ներդնողների հետ համագործակցություն, խորհրդատվության տրամադրում…
Սակայն 2014 թվականը չարաբաստիկ էր իմ կյանքում: Պետական պարտք էր կուտակվել: Կատարված գործարքներից մեկի պատճառով քրեական գործ հարուցեցին և, սնանկացնելով ձեռնարկությունս, իրենք տեր դարձան այդ ոլորտին։ Իսկ ես հայտնվեցի բանտում, և կյանքս գլխիվայր շրջվեց, ժամանակն էլ ասես կանգ առավ…
Ես բախվեցի մի իրականության՝ «գաղութի կյանքին», որն այնքա՜ն խորթ է…
Հասկացա, որ հասարակությունը բանտի կյանքի մասին այլ պատկերացումներ ունի: Պարզ է, «գաղութի կյանքը» չապրած մարդիկ չեն կարող պատկերացում կազմել այն կյանքի մասին, որով ապրում են դատապարտյալները: Իսկ այն անձինք, որոնք ապրել են «գաղութի կյանքը», երբեք ճշմարտացիորեն չեն խոսի այդ կյանքի և իրականության մասին:
Երբ հայտնվում ես բանտում, կյանքը շրջվում է գլխիվայր: Բախվում ես ինքդ քեզ հետ, քո արածի ու չարածի, քո մտքերի հետ: Տալիս ես հարցեր ու երբեմն չես գտնում պատասխաններ: Ճիշտ է, ժամանակը շռայլ է այստեղ, թույլ է տալիս երկար մտածել, բայց այդ պատասխանները կամ չկան, կամ էլ պարզապես չեն գոհացնում քեզ…
Կալանավայրում դու մենակ չես, ապրում ես 1000 անձի հետ, բայց միայնակ ես: Միայնակ պետք է լուծես ինչպես քո, այնպես էլ քո ընտանիքի բարեկեցության հարցը, և որ ամենակարևորն է՝ կարգավորես երեխաներիդ սոցիալական խնդիրները, օգնես կնոջդ, որպեսզի կարողանա երեխաներին պահել… Ախր ու՞մ հույսին թողնես կնոջդ ու երեխաներիդ…
Ես երկու երեխա ունեմ, որոնց խնամքը կնոջս ուսերին է։ Ընտանիքս ապրուստի միջոցներ չունի: Ինձ երբեմն հանձնուք է ուղարկում՝ ծխախոտի տեսքով, իսկ տեսակցության չի կարողանում գալ, քանի որ ճանապարհածախսը չի կարող հոգալ: Ես էլ միջոցներ չունեմ, ավելին՝ դեռևս իմ կողքին մնացած ընկերներիցս եմ պարտքով գումար խնդրում՝ ընտանիքիս օգնելու համար:
Դաժան է անզոր լինելը…
Գիտե՞ք ինչ: Շփվելով դատապարտյալների հետ՝ հասկացել եմ, որ նրանց մեծ մասը փոքր հասակում ունեցել է սոցիալական և կրթական խնդիրներ, ինչն էլ նրանց մղել է հանցագործությունների, սկզբում՝ փոքր, հետագայում՝ ավելի մեծ։
Գիտակցելով հանցագործության դրդող երևույթների մասին՝ որպես ծնող, պարտավորվում ես երեխաներիդ կյանքն այնպես կարգավորել, որ նրանք երբեք չհայտնվեն այն վայրում, որտեղ դու ես: Այդ գիտակցությունն ինձ մղում է հնարավորինս հաղթահարել դժվարությունները և լուծել ընտանիքիս սոցիալական խնդիրները: Այս միտքն է, որ ինձ պայքարելու ուժ է տալիս…
Պատկերացրեք՝ այս հարցում ինձ հետ համակարծիք են շատ դատապարտյալներ: Սակայն ես և այն դատապարտյալները, որոնք ինձ պես գիտակցում են ընտանիքին օգնելու անհրաժեշտությունը, բախվում են մեկ այլ իրականության. բանտում դու ընտանիքիդ հետ շփվելու հնարավորություն չունես:
Ի՞նչ են քեզ առաջարկում: Կամ վճարովի հեռախոսակապ, կամ տեսակապ, որից չգիտես՝ ինչպես օգտվես: Այստեղ հին տաքսաֆոններ են՝ քարտային հեռախոսներ, որոնց քարտերը դատապարտյալի համար շատ թանկ արժեն: Մեկ քարտը հազար դրամ արժե:
Ստացվում է, որ ես պետք է վճարեմ ընտանիքիս հետ շփվելու համար: Այսինքն՝ մի կողմից պիտի մտածեմ, թե ինչպես ընտանիքիս սոցիալական հարցը լուծեմ, մյուս կողմից էլ երեխաներիս կերակրելու փողից պիտի վերցնեմ, քարտ առնեմ, որ հետները խոսեմ: Իսկ ընտանիքս գումարի սղության պատճառով տեսակցության չի գալիս, երեխաներիս չեմ տեսնում:
Չկա աշխատելու և նրանց աշխատանքով օգնելու հնարավորություն: Էլ չասեմ, որ մենք օգնող էլ չունենք: Ավելին՝ անտեսված ենք մեր շրջապատի և երբեմն նույնիսկ ընկերների կողմից: Պետության կողմից էլ օգնություն չկա ոչ քեզ համար, ոչ ընտանիքիդ համար:
Դե ասեք, ես վճարեմ ընտանիքիս անդամների հետ շփվելու համա՞ր, թե՞ նրանց սոցիալական խնդիրները լուծեմ: Բայց ինչպե՞ս վճարեմ, եթե չունեմ աշխատանք: Թողնեմ երեխաներիս բախտի քմահաճույքի՞ն, որ ճիշտ ուղուց շեղվե՞ն։
Հասկացե՛ք, այս հարցն ավելի քան կարևոր է…
Այս մտքերի շրջապտույտում նորից բախվում եմ «գաղութի կյանքի» իրականությանը: Եթե ուզում ես, որպեսզի երեխադ հանցագործ չդառնա, դու պետք է կատարես ևս մեկ իրավախախտում, որ շփվես ընտանքիդ հետ, զբաղվես երեխաներիդ դասիարակությամբ:
Գաղութում սահմանափակելով ազատազրկվածների հնարավորությունները՝ նրանց դրդում են կատարել նոր խախտումներ՝ արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու համար։ Այո՛, ես ճիշտ եմ համարում կատարել այդ խախտումը, քան թե թույլ տալ, որ կինս կրի ընտանիքիս սոցիալական ծանր բեռը, իսկ մանկահասակ երեխաներս հայտնվեն կամ կարիքի մեջ, կամ՝ բարձիթողի վիճակում: Իմ նպատակն է, որ երեխաներիս հետ պահեմ այն ճանապարհից, որն ինձ հասցրել է բանտ:
Ես չեմ խոսում անցյալից: Սխալներ գործում են գրեթե բոլորը: Ես խոսում եմ ներկայից, որտեղ պետք է հնարավորություն տրվի ուղղվելու և ապագա կառուցելու…
Ներկայի խնդիրներին լուծում չտալով՝ նպաստում եք իրավախախտումներին, կրկնահանցագործությանը, իսկ երեխաների՝ ծնողի հետ շփմանը խոչընդոտելով՝ պատասխանատու եք նաև փոքր սերնդի վաղվա վարած կյանքի համար:
Հավատացե՛ք, այստեղ գտնվողներից ոչ ոք չի ցանկանում, որ իր երեխան էլ վաղը հայտնվի այստեղ, և ցանկանում է նրան հետ պահել սխալ քայլերից թե՛ նրան սոցիալապես ապահովելու միջոցով, թե՛ շփվելու, դաստիարակելու և ճիշտ խորհուրդներ տալու միջոցով։
Ես, որ անցնում եմ այս խնդիրների միջով, գիտեմ, որ իմ ապագան լավ է լինելու, քանի որ արժևորել եմ կյանքը: Ապագայի նկատմամբ ունեմ լավատեսական կարծիք և ազատվելուն պես նորից անցնելու եմ գործունեությանս: Շարունակելու եմ իմ երկրում ներդրումների ներգրավումը, իրականացնելու եմ աշխատատեղերի ստեղծման բիզնես ծրագրեր: Գործարար համբավս դեռ չի մարել, և դեռ կան շատ մարդիկ, ովքեր վստահում են իմ բիզնես ծրագրերին և ճկուն ու արագ աշխատանքին։
Ես պայքարելու եմ և վերականգնելու եմ կորցրածս։ Իսկ մինչ այդ՝ իմ ուսերին մի մեծ բեռ է ընկած՝ ելք գտնել և հոգալ ընտանիքիս ծախսերը…
Ես վստահ եմ, որ մի օր կստեղծենք այնպիսի պետություն, որը չի անտեսի դատապարտյալների երեխաներին, և այնպիսի հասարակություն, որ քարկոծելու փոխարեն օգնության ձեռք կմեկնի։
Առիթից օգտվելով՝ խնդրում և հորդորում եմ բարձրաձայնել այս խնդիրները, և պետության ուշադրությունն եմ հրավիրում դատապարտյալների երեխաների սոցիալական իրավիճակի վրա։
Շնորհակալությու՛ն ընթերցողիս: Դու՛ էլ հասարակության մի մասնիկն ես և կարող ես աջակցել՝ թեկուզ միայն վերաբերմունքդ փոխելով՝ ավելի ջերմ դարձնելով…
Դատապարտյալ
Ապրիլի 13, 2021թ.