Աստվածաշնչում, Ղուրանում, Թորայում և մի շարք հնագույն այլ աղբյուրներում նշված է, որ Աստված մարդուն ստեղծել է կավից։ Որոշ հղումներում հենց «կավ» բառն է, որոշ տեղերում՝ «հող», «մոխիր», որոնք հնագույն լեզուներում նույնպես նշանակել են կավ։
Հրեաների Թորայում ասված է՝ «ստեղծեց Տեր Աստված Մարդուն հողի Փոշուց…» (Բերեշիտ, 2-րդ գլուխ)։ Աստվածաշնչում ասված է. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդոց 2․7)։ Ղուրանում ասվում է՝ «Իրավամբ, Մարդուն (Ադամին) Մենք ստեղծեցինք կավի համադրությունից․ կավից՝ վերցրած բոլոր հողերից» (Սուրա, Ալ-Մումինուն․ 12, Islamdag.ru 04.03.2019)։
Վերջին տարիներին տարբեր երկրների խոշոր հետազոտական կենտրոններում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կավը կենդանի մարմին է… Խոշորացույցների միջոցով ակնհայտ է դարձել, որ կավի կյանքը պայմանվորված է այնտեղ մշտապես բնակվող, ավելին՝ կավի էությունը կազմող միկրոէակներով։ Այժմ առաջ է քաշված հիփոթեզ, որ ԴՆԹ-ն ստեղծվել է հենց կավի մեջ տեղի ունեցող փոխազդեցություններից։
Այս ամենի մասին տեղեկություններ կարող եք գտնել համացանցում, իսկ այժմ պատմեմ, թե ինչպես կավն առաջին անգամ հայտնվեց «Նուբարաշեն» բանտում։
Տասնյակ տարիներ դատապարտյալներն իրենց հացից բաժին են հանում ստեղծագործելու համար։ Խմորը ափերի մեջ երկար տրորվելով՝ դառնում է հումք, որին մատները ձև են տալիս։ Այդպես ստեղծվում են բանտախցերի խաչքարերը, եկեղեցիները՝ որպես աղոթքի տեղ, հատկապես, երբ հոգևորականների մուտքը արգելված էր «Նուբարաշենի» զնդան։
Մասնավորապես ցմահ ազատազրկվածների հետ հոգևորականների հանդիպումները թույլատրվեցին 2005 թվականից։ 2019 թվականին «Նուբարաշենում» բացվեց մատուռ, և տեր Գրիգորը պարբերաբար այցելում էր բանտարկյալներիս (կարող եք կարդալ «Ես կպատմեմ այն, ինչ կադրից դուրս է մնացել» իմ հոդվածը՝ hetq.am կայքում)։
Իհարկե, ստեղծագործող դատապարտյալները խմորից պատրաստում են նաև այլ իրեր՝ ծաղիկներ, թզբեհներ, ծաղկամաններ, շախմատ և այլն։ Դատապարտյալների մեջ կան նաև նկարչությամբ, փայտագործությամբ, թելերից գրիչ գործելով և այլ ձեռագործ աշխատանքով զբաղվողներ։ 1990-ականներին առհասարակ, իսկ ցմահ բանտարկյալներին դեռ երկար տարիներ շարունակ չէին թույլատրում ունենալ գունավոր մատիտներ, ներկեր, ստեղծագործելու համար անհրաժեշտ գործիքներ, պարագաներ։
2019 թվականն էր, բանտախցի ճաղերից նայում էի հեռավոր սարերին ու երկնքին։ Հանկարծ ուժեղ ցանկություն առաջացավ, որ ձեռքերիս մեջ կավ լինի ու տրորեմ այն, ձև տամ, քանդակեմ ճրագամաններ, այլ աշխատանքներ։ Կնոջս ասացի այս անհասկանալի ծնված ցանկությանս մասին։ Ավելի ճիշտ ասած՝ պարզապես զգացի, որ կավի միջի կրակը ճանապարհ է…
Օրեր անց հարազատներիս ու մեր ընկերների հետ ջերմ զրույցի ժամանակ թարգմանչուհի Աշխեն Բախչինյանն ինձ տվեց ձեռքում պահած մի գունդ կապույտ կավ։ Ասաց, որ ինձ համար է բերել՝ կարող է ինչ-որ բան ցանկանամ սարքել։ Աշխենը ոչինչ չգիտեր օրեր առաջ իմ մոտ առաջացած ցանկության մասին, և ինքն էլ զարմացավ, թե ինչպես կարող էր այդպես համընկնել։ Տեսակցությունից հետո վերադարձա խուց և ստեղծեցի առաջին աշխատանքներս․ բռաչափ կավից ստացվեցին կլոր տնակ ու սուրճի բաժակ։
Այդպես Աշխեն Բախչինյանը դարձավ կավագործության իմ առաջին ուսուցիչը։ Դիմեցի բանտի վարչակազմին՝ կավով ստեղծագործելու համար։ Ինչպես միշտ, նոր, անսովոր բաները սկզբում դժվար են ընկալվում, սակայն հիշեցրեցի մարդու ազատ ստեղծագործելու իրավունքը։ Կինս կավագործության մասին տեսանյութեր էր բերում ինձ, ինչպես նաև կավանյութ և փոքրիկ գրտնակ, որով մինչ օրս գլանում եմ կավը։ Հետագայում, երբ նաև ներկեր թույլատրեցին, սկսեցի գունազարդել աշխատանքները։ Այսպես առաջին անգամ «Նուբարաշենում» հնարավոր դարձավ կավագործությամբ զբաղվելը։
Իմանալով այս մասին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը թրծման հնարավորություն տվեց, և կավե իրերը տարիներ շարունակ անշահախնդիր թրծվում էին կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում։ Հետագայում հնարավոր դարձավ իմ մասնակցությունը «Մհերի Դուռը կամ Սասնալանջ» քանդակի փառատոնին, որտեղ ներկայացրել էի «Սիրո Լույսը» կավե աշխատանքս։ Բանտից տեսակապով հանդիպում տեղի ունեցավ կրթահամալիրի դասախոսների և սաների հետ (կարող եք կարդալ 2020 թվականի օգոստոսի 9-ի «Սասնալանջը միավորեց մեզ» հոդվածս hetq.am կայքում)։
2021 թվականին տեղափոխվելով «Արմավիր» ՔԿՀ՝ ծանոթացա ցմահ բանտարկյալ, կավագործ Միքայել Մարտիրոսյանի հետ, ով երազում է ազատության մեջ հիմնել իր արվեստանոցը։ Միքայելի պես աշխատասեր մարդ ես դեռ չէի տեսել։ Իրար հետ կիսվում էինք ստեղծագործական մտքերով, գաղափարներով։ «Արմավիր» ՔԿՀ-ում սկսվել էին նաև խեցեգործության դասընթացներ, և մեր դասատուն էր Ժասմին Տեր-Հովհաննիսյանը։ Բոլորս նրան դիմում ենք՝ տիկին Ժաս, քանի որ շատ ենք սիրում ու հարգում։ Նա դասավանդման մեծ փորձ ունի. տարիներ շարունակ խեցեգործություն է սովորեցնում նաև կանանց գաղութում։ Քանի որ կավե աշխատանքները տեղում թրծելու հետ կապված խնդիր կար, ընդհանուր օգտագործման համար թրծման վառարան նվիրաբերեցի։ Այլ դատապարտյալներ ոգևորված՝ նույնպես սկսեցին զբաղվել կավագործությամբ։ Միքայելից սովորեցի նաև թրծման հետ կապված որոշ նրբություններ։
Ի դեպ, կավագործական աշխատանքները մեծ պահանջարկ ունեն պանդոկներում, ռեստորաններում, հյուրանոցներում։ Գործարարները կարող են որոշակի ներդրում կատարել ՔԿՀ-ներում բրուտագործական աշխատանքների արտադրության համար։ Պետությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, պետք է աջակցի նման նախաձեռնությանը, քանի որ դատապարտյալներին աշխատանքով ապահովելու իրատեսական հնարավորություն է։
Արդեն մեկ տարի տեղափոխված լինելով բաց տիպի ՔԿՀ՝ ունենում եմ երկարատև մեկնումներ։ Այդ ընթացքում հայրենաճանաչության նպատակով այցելելում ենք տարբեր թանգարաններ, հնավայրեր, որտեղ տեսնում ենք նաև բազմաթիվ կավե աշխատանքներ՝ ճրագամաններ, կճուճներ, սափորներ, սպասք, թոնիրներ, որոնք մեզ են հասել նույնիսկ հազարամյակների խորքից։ Մետաղական և քարե իրերը ժամանակի ընթացքում քայքայվում են, սակայն թրծած կավն այն միակ նյութն է, որը որևէ կերպ չի քայքայվում։ Նա իր միջով անցկացնում է ջուրը և մնում անփոփոխ (երբ կենդանիների յուղով են ներծծել մեր նախնիները, ապա ջուր չի թողել): Քամիները և այլ նյութերը նույնպես չեն քայքայում կավը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մեզ են հասել նույնիսկ 20 հազար տարի առաջ պատրաստված կավե իրեր։ Որոշ թանգարաններում ցուցադրված են նաև կավի թրծման հնագույն վառարաններ, որտեղ կրակ են վառել և հատուկ սարքերով այնտեղ օդ փչել, որ բարձր ջերմաստիճան ստանան։
Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ գերազանցությամբ ավարտեցի Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը։ Այժմ ցանկանում ենք կազմակերպել նաև արտթերապիայի դասընթացներ։ Մասնագիտական որակավորումն այժմ հնարավորություն է տալիս, որ առավել օգտակար լինեմ մարդկանց, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում սթրեսին դիմակայելու իմ բազմաչարչար փորձով։ Պարբերաբար շարունակում ենք նաև մեր կավե աշխատանքների ցուցահանդես-վաճառքները Վերնիսաժում՝ աջակցելով «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին՝ վիրավոր զինվորների կրթական ծրագեր իրականացնելու կարևոր գործում։
Ամիսներ առաջ ձեռք բերեցինք նոր վառարան, քանի որ կինս նույնպես ներշնչվել է կավագործությամբ. նրա աշխատանքները տարբերվում են նրբությամբ ու ջուտի թելով համադրված հելունագործությամբ։ Վառարանը անհրաժեշտ է լինելու աշակերտների հետ նաև արտթերապիայի դասընթացների համար։
Շատերին հայտնի է, որ արտթերապիայի կարևոր ուղղություն է կավաթերապիան։ Հոգեբանական բազմաթիվ խնդիրներ հնարավոր է դառնում լուծել հենց կավաթերապիայի միջոցով։ Կա նաև կավաբուժություն՝ կավի մերսումներ, լոգանքներ, դեմքի ու մարմնի դիմակներ։ Ավելին, որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս աղեստամոքսային մի շարք հիվանդությունների դեպքում չափավորված քանակով կավ ուտել, ինչը դրական արդյունքներ է ցույց տալիս։
Ստեղծագործելու ցանկությունը մարդու մեջ դրված է ի սկզբանե։ Արարչի կերպարով ստեղծված մարդը նույնպես ցանկանում է արարել։ Մշակույթն ու Գիտությունը արարչության դրսևորումներն են։ Բանտում մարդը, առանձնանալով արտաքին աշխարհից, մնում է ինքն իր և Աստծո հետ։ Գիտության և մշակույթի նվաճումները հաճախ եղել են հենց այդպես։ Օրինակ, Ջորդանո Բրունոյի տիեզերքի մասին պատկերացումները, Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիշոթը» և այլն։
Հայաստանի բանտերում կան ստեղծագործող մարդիկ՝ նկարիչներ, քանդակագործներ, բրուտագործներ, բանաստեղծներ… բոլորին պետք է հնարավորություն տալ ինքնաարտահայտվելու և կատարելագործվելու։ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն պարբերաբար իրականացնում է ստեղծագործող դատապարտյալների աշխատանքների ցուցահանդեսներ, ինչը շատ է ոգևորում, նաև պատավորեցնում ավելի կատարելագործվել։
Իսկ մենք շարունակում ենք մեր բարդ ճանապարհը՝ Մարդու նկատմամբ Սիրով և Արդարության հաղթանակի հավատով։ Այդ ճանապարհին կրակները շատ են եղել, բազմիցս այրվել ենք, բայց քանի որ Արարիչը կավից ստեղծեց մարդուն, է՛լ ավելի ենք ամրանում կյանքի հնոցում թրծվելուց։ Գնում ենք առաջ՝ վառելով մեր ճրագամանների լույսերը․․․
Մենք բոլորս կավեր ենք, որ յուրովի թրծվում ենք կյանքի հնոցում…
Հեղինակ՝ Մհեր Ենոքյան
Մհեր Ենոքյան
Ցմահ դատապարտյալ
Հուլիսի 19, 2023 թվական