Դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման, դրանց գործունեության կարգի և նշանակության մասին կարելի է պատկերացում կազմել՝ ծանոթանալով «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշմանը։ Սակայն գործնականում այն ավելին է, քան սևով սպիտակի վրա շարադրված և օրենքի ուժ ստացած հերթական իրավական նախաձեռնությունը։
Ինքնագործ միավորումներն առաջին հերթին վերասոցիալականացման քաղաքականության գործուն և, ըստ իս, առաջնային տարրերից մեկն են, քանի որ դատապարտյալների և լայն հասարակայնության միջև կապի հնարավորություն են ստեղծում։ Կապի՛ ասում եմ, սակայն կարող եմ ասել նաև բարեկամության, ինչը այս պարագայում չափազանցություն չի լինի։
Ի մասնավորի խոսեմ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի՝ իմ կողմից ավելի քան մեկ տարի ղեկավարվող ինքնագործ մշակութային միավորման և դրա գործունեության մասին։
«Արմավիր» ՔԿՀ-ի ինքնագործ միավորման մասին խոսելիս չեմ կարող չշեշտել, որ այն դեռ իմ կողմից նախագահությունը ստանձնելուց առաջ էլ գործում էր և գործում էր նպատակային ու կոնկրետ, ինչի համար բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում էր միավորման նախկին նախագահ, ցմահ դատապարտյալ Էմիլ Չիվթչյանի և նախաձեռնող խմբի ակտիվի կողմից, որոնցից էին Գեորգի Խանամիրյանը, Հակոբ Խաչատրյանը, Միքայել Մարտիրոսյանը, Մհեր Ենոքյանը ու էլի շատեր։
Ի՞նչ էր արվում, ու ինչ է արվում հիմա։ Ըստ էության, հիմք է դրվել ու բարի ավանդույթի է վերածվել հասարակության հետ կապը՝ տարբեր անվանի մշակութային գործիչների հետ մտերմությունը, որոնք միավորման անդամների նախաձեռնությամբ հրավիրվում են հիմնարկ՝ բանախոսության։
Վերջին տարիների ընթացքում դատապարտյալներին են այցելել Հայաստանի Մշակույթի գործիչների միության երջանկահիշատակ նախագահ Գուրգեն Բալայանը, Միության գործող նախագահ, Երգիծաբանների համահայկական միության նախագահ Սուրեն Գրիգորը, Արցախի Հանրապետության «Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագիր, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Սոֆյա Սարգսյանը, բանաստեղծներ Արգամ Ափրիկյանը, Գոռ Իշխանը, Նելլի Գեղաման, Նարե Ականցը, Նարեկ Առաքելյանը, պատմաբան Գագիկ Հառիճեցին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, գրականագետ, Գրականության թանգարանի նախկին երկարամյա ղեկավար Կարո Վարդանյանը, Ֆիդայիներ ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը ու էլի շատեր։
Ըստ որում, վերը թվարկված անձանց գերակշռող մասը հյուրընկալվել է ո՛չ թե մեկ, այլ մի քանի անգամ։ Ահա սա է բարեկամության առհավատչյան․․․
Ի՞նչ է տալիս ինքնագործի կազմում ներգրավվելը դատապարտյալներին․․․ Առաջին հերթին՝ պարզ, մարդկային շփման հնարավորություն, փորձի փոխանակում, նորանոր գիտելիքներ, վերջապես՝ հանրության մի մասն է դարձնում, հաղորդակիցը նրա, ինչից հեռու է վաղուց։
Ինքնագործ միավորումները նաև հնարավորություն են ստեղծում բացահայտել սեփական պոտենցիալը՝ կազմակերպել ինքնուրույն միջոցառումներ, բաց դասեր, քննարկումներ, ի ծառս դնել երբևէ ստացած մասնագիտական իմացությունը։
Սա նաև մեծ հոգեբանական ներազդեցություն ունի, քանի որ բավական սեղմ հնարավորությունների տեր, ոչ թե ազատությունից, այլ ազատություններից զրկված անձը սկսում է հասկանալ, որ ի վերջո հասուն մարդ է, ով ունակ է ինքնուրույն կազմակերպել ու հաջողել այս կամ այն գործը։ Այսպիսի նախադեպեր ևս ունեցել ենք 2022-2023 թվականներին, երբ դատապարտյալներն իրենք են միավորման շրջանակներում կազմակերպել ու վարել դաս-քննարկումներ։
Այս ամենի համագումարում կարելի է ասել, որ միավորումները լիովին արդարացնում են իրենց գոյության հիմնարար սկզբունքները։
Ներկայում, «Արմավիրի» ՔԿՀ-ի ինքնագործի կազմում ներգրավված են շուրջ հինգ տասնյակ դատապարտյալներ։ Սա կրկնակի ավելի ցուցանիշ է նախորդ տարվա համեմատ։ Նշանակում է՝ ինքնագործ միավորմանը հաջողվել է կատարել իր աշխատանքը, և սա, բնականաբար, հիմնարկի Սոցիալական, հոգեբանական, իրավական բաժնի հոգատար աշխատանքի, նախաձեռնողականության և միավորմանը մշտապես ընդառաջ գնալու շնորհիվ։
Այսպիսով՝ օրավուր մեծանում է միավորման ժողովրդականությունը և նաև նախաձեռնությունների թիվն ու տեսակները։ Որպես թարմ օրինակ բերեմ միավորման կազմով ներկայացում բեմադրելու նախաձեռնությունը, որն արդեն իսկ ընթացքի մեջ է։
Մ. Մխիթարյան
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի
Դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախագահ
Հուլիսի 31, 2023 թվական