Գարնանային ուրախ, զվարթ օրը բացվեց։ Բարեկամներիս տնից իմ տուն էի գնում։ Հյուր էի եկել Երևան՝ մասնակցելու կանանց միամսյակի միջոցառումներին։ Արթնացա վաղ առավոտյան։ Պատրաստվում եմ, որ տուն գնամ։
Մայրս ու որդիս ինձ էին սպասում։ Նրանք դատարկություն են զգում իմ բացակայությունից։
Բարեկամներիս հաջողություն եմ մաղթում և դուրս գալիս մուտքից։ Մեքենան սպասում էր բակում։
Մինչ քայլելով մոտենում եմ մեր մեքենային, մի խումբ տղաներ շրջապատում են և բռնի ուժով, ամեն կողմից գոռգոռալով, ինձ քաշքշում են, նստեցնում իրենց մեքենան։
Մի պահ մտածեցի, թե ինձ առևանգում են։ Վախ մտավ սիրտս։ Ես միայն ֆիլմերում և 02-ի հաղորդումներով էի տեսել այդպիսի դեպքեր։
Միայն մի պահ հասցրեցի գլուխս թեքել աջ կողմ, մեր մեքենայի վարորդին նայել։ Բայց չկարողացա բացատրել, թե ինչ է կատարվում ինձ հետ։
Ժամը 6-ն անց 19-ն էր։ Ուղեղումս տպավորվել էր այդ ժամը։ Նաև այն, որ երկհարկանի անծանոթ շենքում եմ։ Հարցնում եմ՝ ովքե՞ր եք դուք, ի՞նչ եք ուզում ինձանից։ Միայն պատասխանում են՝ գնանք համապատասխան վայր, կասենք։
Անտեղյակ էի հարցերից, որ ինձ էին տալիս։ Մեկ վայրկյանում փոխվեց կյանքս։ Հայտնվեցի մի վիճակում, որի մասին երբեք չէի պատկերացրել։ Շա՜տ հարցեր են տալիս։ Ժամեր են անցնում, և ի՞նչ եմ տեսնում․․․Որդիս հասնում է Երևան և ամուր գրկելով, աչքերը թաց՝ ինձ հարցնում՝ մամ, ինչի՞ համար են քեզ բերել այստեղ։ Չեմ կարողանում ստույգ պատասխանել և ոչ մի հարցին։
․․․ Չէի կարծում, որ առևտուր անելիս ինձ տված փաթեթավորված տուփը, որ պիտի փոխանցեի հասցեատիրոջը, թմրանյութ էր պարունակում։
Հայտնվում եմ դժոխքում, ինչը երբեք չէի պատկերացնի։ Անծանոթ քաղաք, մեծ մասնաշենք, ճաղավանդակներով սենյակներ․․ Օրեր հետո եմ հասկանում, որ անազատության մեջ եմ։ Ինչի՞ համար եմ այստեղ։ Ինչքա՞ն եմ մնալու այստեղ․․․ Միայն հասկանում եմ, որ զուրկ եմ լինելու ազատությունից, տնիցս, մորս ու որդուս տեսնելուց․․․
Ճակատս մի պահ սառը քրտինքով է պատվում։ Տարբեր մարդիկ՝ համազգեստներով, մոտենում են ինձ։ Ներկայանում եմ։ Հետո տեղավորում են մի «սենյակում», ապահովում ալյումինե սպասքով, անկողնային պարագաներով։ Ես դա միայն ֆիլմերում էի տեսել, երբ հարնացործներին տանում էին բանտ։
Այդպես անցնում է 5 օր։ Միայն հեռախոսի մասին էի մտածում, որ գոնե կապ հաստատեմ ընտանիքիս հետ։ Այդտեղ ինձ հեռախոսաքարտ են տալիս։ Երբ տեսնում եմ հեռախոսը, մի պահ հիշում եմ 90-ականները, երբ մատով էինք հավաքում համարը։
Խցի դուռը երկաթից է։ Դռան վրա կան փականներ, վերևից էլ այնպես են փակում ու բացում, որ զրնգոցի ձայները գլխիս միջից չեն հեռանում։ Ամեն անգամ տագնապ և վախ է մեջս առաջանում։ Եթե ինչ-որ բան եմ խնդրում, հարցեր եմ ունենում, դուռը պարտադիր ծեծում եմ։ Դրսից հարցնում են՝ ով է։ Ես պետք է ասեմ խցիս համարը, որ մոտենան։ Դռան վրա կա փոքր դիտանցք, որով խոսում ենք աշխատակիցների հետ։
Այստեղ գալուս հաջորդ օրը հսկիչներից մեկը բացում է դիտանցքը և հարցնում՝ զբոսանքի գնո՞ւմ եք։ Ես պատասխանում եմ՝ այո։ Մտածում եմ՝ կգնամ ման գալու քաղաքով մեկ։ Ուրախությանս չափ ու սահման չկա։
Եվ ի՜նչ․․․ հսկիչների ուղեկցությամբ ատիճաններով իջնում եմ դուրս, շենքին կպած մի փոքրիկ տարածք, որը ոչնչով չէր տարբերվում բանտի խցից։ Դա էր զբոսանքի վայրը․․․
Խցում պատին փակցրած է ամենօրյա կարգացուցակը, որի մեջ մտնում են քնելը, արթնանալը, զբոսանքը, նախաճաշը, հարդարանքը․․ Ցավով եմ ասում, բայց չեմ կարողանում հարմարվել այս ռեժիմին։
Նորից դռան զրնգոց․․․ այս անգամ բացվում է կերակուր փոխանցելու անցքը։ Մի կին ասում է՝ ստացեք ձեզ հասանելի ուտելիքը և բարի ախորժակ ասելով հեռանում։ Հետո եմ հասկանում, որ նա էլ է իմ բախտակիցը։ Տարիներ են անցել, նա այստեղ «ապրում է»։ Ես ամոթով եմ մոտենում կերակուր ստանալու անցքին։ Մի պահ ինձ մուրացկան եմ զգում, սնունդ մուրացող խղճուկ արարած։
Աշխատակիցները և կանայք են, և տղամարդիկ։ Բարեհամբույր են, սիրալիր, հոգատար, ջերմ են վերաբերվում մեզ։ Բայց լինում են պահեր, երբ հիասթափեցնում են մեզ իրենց պահվածքով, բարձր գոռալով․․․ Մտածում եմ՝ իրենք են տերը։ Մեր իրավունքներն իրենց ձեռքերում են։
Մի պահ ուրախանում եմ, երբ դուռը բացում են, ասում՝ աղջիկներ, նոր կահույք ենք բերում բոլոր խցերի համար, շորերը հին կահույքից հավաքեք։ Շատ եմ ուրախանում։ Մի պահ մտածում եմ, թե իմ տանն եմ, կահույք եմ գնել և տեղադրում եմ։
Վատ եմ զգում, երբ տեսնում եմ, որ այդ ծանր կահույքը 4-5 աղջիկներ են բերում։ Իրենց կողքին կանգնած հսկիչները չեն մոտենում, որ օգնեն։ Բայց հասկանում եմ, որ իրավունք չունեն իրենց ծառայությունից բացի այլ գործ անել։ Նաև հասկանում եմ, որ աղջիկներն այստեղ հաճույքով են կատարում ցանկացած աշխատանք։ Դա հեշտացնում է իրենց կալանքը։ Ինչու ոչ, այդ աշխատանքի դիմաց նաև պետությունից աշխատավարձ են ստանում։
Վեճեր էլ են լինում թե խցակիցների, թե աշխատակիցների հետ։ Երբ ճիշտ ես լինում, դրա մասին ոչ-ոք չի հիշում։ Իսկ երբ սխալվում ես, ոչ-ոք չի մոռանում։ Անգամ կատակի մեջ միշտ լուրջ նպատակ է թաքնված։ Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ արդեն հոգնել եմ այս բոլոր կեղծավոր դեմքերը տեսնելուց։ Բայց ընտելանալ այս ամենին, նշանակում է հուսալքվել կյանքի հանդեպ։
Երբեք չէի մտածում, որ կբախվեմ այս դժոխքին։ Կապ չունի, որ շփվում եմ խցակիցների ու աշխատակիցների հետ։ Ես ինձ անտեր եմ զգում, կյանքից զրկված։
Օրեր ու ամիսներ եմ հաշվում, թե երբ կբացվեն ազատության դռները, որ գնամ, հասնեմ իմ ընտանիքին․․․
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Լ․ Զ․, կալանավորված կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


