Մի օր ես ու ընկերս մեքենա գնեցինք, որոշեցինք՝ երկար ճանապարհ գնանք։ Հասնելով հեռու մարզերից մեկի քաղաքը՝ որոշեցինք հանգստանանք։ Հյուրանոցում սենյակ վարձեցինք, որ մնանք։ Հետո ընկերս գնաց առևտուր անելու։ Գնաց ու մոտ 2-3 ժամ չկար։ Անհանգստանում էի, բայց որոշեցի՝ սպասեմ։ Սպասեցի մինչև լուսաբաց։
Առաջին զանգս եղել ա հիվանդանոց, քանի որ ինքը ղեկին էր։ Ինձ ասացին, որ ինքը հիվանդանոցում ա։ Գնացի էնտեղ։ Բայց ասացին, որ տարել են ոստիկանություն։ Չգիտեի՝ ինչի են տարել կամ ինքը խի ա ծեծված եղել։ Ինքնակամ գնացի ոստիկանություն։ Ինձ հետաքրքրում էր՝ ինքը ոնց ա, ինչ ա եղել իրա հետ։
Ոստիկանությունում ինձ սկսեցին հարցաքննել։ Հանկարծ հիշեցի, որ իմ շորերի մեջ մարիխուաննա կա թաքցրած, շա՜տ մարիխուաննա։
Ես առանց մտածելու էի գնացել ոստիկանություն։ Չէի մտածել, որ կարամ գնամ ու․․․ տենց լինի։ Զուտ գնացել էի, որ ընկերոջս տեսնեմ։
Տագնապի մեջ էի ընկել։ Ուզում էի ոստիկաններից շուտ պրծնեի։ Դրա համար ենթարկվում էի իրանց հրամաններին։ Հեռախոսս վերցրեցին, սկսեցին փորփրել։ Փորփրելու ընթացքում հեռախոսիս միջից նկարներ գտան։ Դրա հիման վրա քրեական գործ հարուցեցին, ինձ ու ըկերոջս ձերբակալեցին։ Իմ չգիտակցված քայլի պատճառով մեզ դատեցին։ Արդեն 1 տարի ա՝ կալանավայրում ենք։
Ես 19 տարեկան եմ։ 18 տարեկանում եմ կալանավորվել։ Մյուս տարի էս ամիս տանն եմ լինելու։
Ես 17 տարեկանից եմ էդ տղու հետ շփվել։ Ինքն իմ մամայի ընկերուհու տղան ա։ Մենք շատ մոտիկ էինք ընտանիքներով։ 2 տարի շփվել եմ հետը։ Մինչև 12-րդ դասարանն եմ սովորել։ Դրանից հետո մամայիս հետ արտերկրում եմ եղել։ 17 տարեկանում հետ եմ եկել Հայաստան։ Ստեղ աշխատել եմ սուպերմարկետներում, սովորել եմ թարթիչի լիցք անել, ունքեր, եղունգ սարքել․․․ Պատմության հոսքում եմ սովորել 3 տարի։ Ուսումս շարունակելու նպատակներ եղել են։ Բայց երբ էդ տղան հայտնվեց, չթողեց։ Առանց իրա թույլտվության չէի կարա դուրս գայի։ Չէր թողնում առանց իրանից հարցնելու անգամ խանութ գնայի։ Պիտի մնայի սոված էնքան, մինչև ինքը գար։ Ինքը գար, հաց սարքեի․․․ Իրավունք չունեի իմ մամայի կամ մորքուրի տուն գնայի։ Ամբողջ օրը տանը՝ հեռախոսի մեջ կամ տան գործերով էի։
Մերոնց հետ չէի շփվում։ Ոչ մեկի հետ չէի շփվում։ Մտածում էի՝ սոված լինեմ, բայց իրա հետ լինեմ։ Կարևորը իմ սիրած տղամարդն իմ կողքին լինի։
Ինքը սկսեց փող աշխատել, շա՜տ փող․․․ Մարիխուաննայով․․․ Մարդու ներքին խղճի ձայնը կտրում ա փողը։ Ոչ մի բան չես տեսնում, չես լսում։ Մենակ փողն ա դառնում կարևոր։ Էնպես չի՝ մենք լիարժեք ենք ապրել։ Ինձ ծեծել ա, էլի վատ բաներ ա արել։ Բայց միշտ ներել եմ․․․ ամեն ինչ, ամեն ինչ․․․
Էդ ամեն ինչն ինձ հետ շատ փոքրուց ա եղել։ Հայաթում տղերք կային, որ օգտագործում էին։ Ես փոքր էի, 14-15 տարեկան։ Պահում էին, ես գտնում էի, ծխում։ Իմացան, որ ես եմ։ 16, 18 տարեկանում արդեն ես էի առնում․․․ Փող էի հավաքում, առնում։ Ոչ-ոք չի իմացել, ոչ-ոք․․․ Դրա պատճառով եմ ես էսօր ստեղ։
Էներգիա էի հավաքում։ Օրինակ, ինչ-որ մի հատ հարցի շուրջ պիտի մտածեի։ Չէի օգտագործում, էդ հարցին պատասխան չէի կարում գտնեի։ Օգտագործում էի, որ հարցերին պատասխան գտնեմ։ Չէի օգտագործում, չէի կարում գործ անեի։ Էներգիա չկար։ Առավոտը արթնանում էի, էներգիա չկար, հաց չէի կարում ուտեի։ Մինչև իմ բռնվելը ես մի ամսից ավել նորմալ հաց չեմ կերել։
Էդ ամեն ինչից ինձ մնացել են ոսկորների ցավեր, շա՜տ ուժեղ ցավեր։ Ես եկել եմ բերդ, մի քանի օր եղել եմ դեղի ազդեցության տակ ու վերջ, կտրուկ վերջ։ Հիմա մի փոքր գիրացել եմ։ Ամենաառաջինը՝ հաց եմ ուտում։ Սկսել եմ վատ աչքով նայել էն ամենին, ինչ արել եմ։
Ստեղ շատ եմ տանջվում։ Տարիքով փոքր եմ, բայց փոքր տարիքը ստեղ ոչ մեկի համար նշանակություն չունի։ Աշխատողների մտածելով ստեղով ա կյանքը պրծնում։ Մենք կալանավոր ենք, իրանք ազատության մեջ են։ Դա ինչ-որ մեծ բան ա իրանց համար։
Դրսում ամեն մեկն ապրում ա իր կյանքով, իսկ ստեղ չես կարա։ Մեծ շենք ա, տարբեր դռներ, ոնց որ հարևաններ լինենք։ Մեկը մյուսից խոսում ա, բամբասում․․․ Ստեղի ամենավատն էն ա, որ տղաներ են աշխատում։ Դռան վրա գլազ[1] կա, որով նայում են։ Կարող ա դու էդ պահին շորերդ ես փոխում, քնած ես, վրեդ բաց ա․․․
Կամեռից[2] գնացիր պռագուլկա[3], ավելի ես տխրում։ Ընդամենը 10 քառակուսի տարածք ա։ Մենակ վերևն ա բաց, սաղ ռեշեր են։ Գոնե կամեռում քայլում ես։ Պռագուլկում էլ կարաս քայլես, բայց չգիտես՝ էլ ինչ անես։
Խցի պատուհանի ռեշերն էլ են ճնշում։ Մեծ պատուհան ա, բայց փոքր ռեշերով։ Ճնշվում ես։ Ասում ես՝ էս ինչ սխալ քայլ արեցի, որ հայտնվեցի ստեղ․․․ Երբ որ դատի ենք գնում, տեսնում ենք՝ պատուհաններին ռեշեր չկան, անսովոր ա լինում։ Ուրախություն ա, որ առանց ռեշ պատուհան ենք տեսնում։
Լինում ա, որ էդ ճնշված վիճակից չեմ կարում տուն խոսամ։ Այ տենց վատ եմ լինում։ Ոչ մի բան չունես դու անելու կամեռի մեջ։ Մենակ հեռուստացույցն ա ու վերջ, էլ ոչ մի բան չկա։ Զբոսանք ու հեռուստացույց։ Ոչ մի բան։ Ու դու ցնդում ես։
Բերդը շատ բան ա փոխում։ Դրսում ես պիտի միշտ խոսեի, իմն ասեի, բայց հիմա ես չեմ կարում արտահայտվեմ։ Երեք հոգով ապրում ենք փոքր խցում։ Երեքս՝ տարբեր մարդիկ, տարբեր ընտանիքներից․․․ Իրար հետ ապրում ենք մի քանի ամիս, իրար հետ հաց ենք կիսում, բայց չենք կարա մտերմանանք, գաղտնիքներ բացենք։ Չգիտես՝ դիմացինն ով ա, որ պահին ոնց կարձագանքի։ Մարդիկ տարբեր են։ Հնարավոր ա՝ անկեղծանաս, հետո դա մյուսների մոտ խոսակցության թեմա դառնա։ Դրանով քեզ կոտրեն, նեղացնեն, նախանձեն։ Ուզում ես մի րոպե շուտ պրծնես, կապդ խզես ստեղի ու սաղի հետ, չհիշես, որ օրերից մի օր դու «Աբովյան» բերդում ես եղել։
Ստեղ սովորում ես մարդկանց ճանաչել, ոչ մեկին չլսել, ոչ մեկի կարծիքով չապրել։ Սկսում ես ինքդ քեզ ավելի լավ ճանաչել, գնահատել, սիրել։ Դու քեզ չսիրեցիր, ոչ մեկը չի սիրի։ Սովորում ես տաք-տաք որոշումներ չկայացնել, այլ երկար մտածել, նոր։ Պիտի ինքդ քեզ հաշիվ, հետո նոր խոսես։ Ստեղ սովորում ես սպասել։ Ես չեմ սիրում սպասել։ Ոչ ես սպասեմ, ոչ՝ ինձ։ Բայց ստեղ սովորել եմ համբերատար լինել, սպասել, գնահատել էն, ինչ կա։ Մեկ էլ սիրված լինեմ, բայց ես չսիրեմ։
Սեր կոչվածը կոտրվել ա հիմա։ Չեմ կարում մարդկանց վստահեմ։ Գիտեմ՝ ինչ ասեն, խաբում են։ Ամեն ինչ սուտ ա։ Ներսից շատ եմ կոտրվել։ Չեմ կարում վստահեմ ոչ մեկին։ Վստահություն ասվածը կոտրվել ա։ Սիրելու զգացողությունը կոտրվել ա։
Կորցնելու վախն ա շատացել։ Մտածում եմ՝ եթե իմ մամային ինչ-որ բան լինի, ես ի՞նչ եմ անելու։ Մենակ եմ՝ ես ու մամաս։ Ես ստեղ եմ հասկացել՝ ինչ ա ծնողը, ինչ ա էրեխու հանդեպ սերը։ Ճիշտ ա, մամաս ասում ա սխալը մարդու համար ա, մինչև հիմա էլ ասում ա՝ աղոթի աստծուն, լավ ա լինելու․․․ Ասում ա՝ ոչ մի բան չի օգնի, մենակ աղոթի։ Ասում ա՝ սա թող քեզ համար դաս լինի, որ հաջորդ անգամ նույն սխալը չանես։ Չի կոտրում ինձ։ Ստեղ իրոք հասկանում ես՝ ինչ ա ծնողը, ինչ ա ընտանիքը։
Ես իմ մտքում գիտեմ, որ հետք ունեմ իմ կյանքի վրա։ Իմ հույսն էն ա, որ ինձ մի տարի ա մնացել։ Մի տարի էլ մնալու եմ ու գնամ, վերջ։ Ասում եմ՝ մամ, ես որ ազատվեմ, կյանքում էլ «Աբովյան» չեմ գալու։ Պիտի ուրիշ ձև ապրեմ, ամենակարևորը՝ վատ շրջապատից հեռու։ Դուրս գամ, սովորեմ, աշխատեմ․․․ Ուզում եմ պատմության ուղղությամբ սովորեմ։
Իսկ իմ պատմությունն ընթերցողներին միայն մի բան կարամ ասեմ։ Մի՜շտ մտածեք քայլեր անելուց առաջ, երկա՜ր մտածեք․․․
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Անանուն, կալանավորված աղջիկ
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


