Ինչպես ասում են՝ կորցրու, որ գնահատես։ Սկսեմ երևի սկզբից․․․
Մասնագիտությամբ դաշնակահար եմ, միջազգային մրցույթների դափնեկիր։ Երկու բառով ասած՝ արվեստի մարդ եմ։ Սիրում եմ բեմը, բեմն ել՝ ինձ։ Շատ համերգներ եմ տվել ու առօրյայիս մեջ երբեք դատարկություն չեմ զգացել։ Երաժշտությունը միշտ իմ կյանքը լցրել է ամենագեղեցիկ գույներով։
Ու մի օր որոշեցի կյանքի մյուս՝ փշոտ ու դժվար կողմն էլ տեսնել։
Տատիկիս հետ էի ապրում։
Նույն երաժշտությունը, որ ինձ կյանք էր տալիս, ուժ՝ ամեն օրս ապրելու, ինձ մի պահ բանտարկող թվաց։ Ու ես սկսեցի ձգտել ազատության։ Թողեցի ամեն ինչ ու բոլորին․․․
13 տարեկանում հեռացել եմ տնից, տարել են մանկատուն։ 3 տարի մանկատանն եմ ապրել։
Այն ամենը, ինչ այսօր ինձ համար ամենաթանկն են ու կարևոր դեր ունեն իմ չապրած կյանքում, այն ժամանակ անպետք ու անիմաստ դարձան։
Յոթ տարի տառապեցի ազատության ու վայելքների փնտրտուքներով։ Մենակ էի ապրում, աշխատում էի։ Բայց այդպես էլ ոչինչ չգտա։ Կարոտ մնացի հարազատ մարդկանց ու նրանց հետ թեկուզ մի կտոր չոր հաց կիսելուն։ Դավաճանվեցի ու խաբվեցի, ինքս ցավացրի շատերին։ Ապրում էի՝ ինչ-որ աներևույթ ձեռքից կախված պարաններով, ինչպես խամաճիկ, որի յուրաքանչյուր շարժումը կախված է իր տիրոջից։ Իսկ ո՞վ էր տերը․․․
Քայլում էի, առանց ոտքերիս տակ մայր հողիս ամրությունը զգալու, սիրում էի՝ առանց սրտիս տեղն իմանալու, կարեկցում էի, սրտակցում, խորհուրդներ տալիս, օգնում՝ ում պատահի, առանց հոգուս չափն իմանալու։
Եվ մի օր հաճելին ու գեղեցիկը ինձ համար սահմանափակվեցին թմրամիջոցների, ալկոհոլի ու անիմաստ կրքերի մեջ։ Չէի նկատում շուրջս ոչինչ։ Չէի հավատում այլևս մարդուն։ Նույնիսկ ինձ խորհուրդ տվող սրտացավ ընկերներիս մեջ, որ կյանքս փոխեմ, կորցրածս հետ բերեմ՝ թշնամի էի տեսնում։
Ու մի օր Աստված տեսնելով իմ անմարդկային տանջանքները, վերջ դրեց իմ հավիտենական որոնումներին․․․
Ձերբակալվեցի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և վաճառելու կասկածանքով։
Ոչինչ չէի գիտակցում․․․
Տեղափոխվեցի կանանց գաղութ 21 տարեկանում։
Յոթ տարի շարունակ թունավորել էի կյանքս։
Երկար ժամանակ պահանջվեց ինքս ինձ վերագտնելու ու թունավորը հոգուցս արմատախիլ անելու համար։ Բայց ինչպես ասում են՝ մարդու համար անհնարին ոչինչ չկա, եթե ցանկությունը կա։
Գտնվելով անազատության մեջ՝ սկսել եմ հասկանալ արժեքն իմ կորուստների։
Կորցրել եմ հարազատներիցս բոլորին։ Աշխատանքային օրերին առավոտ 10-ից երեկոյան 5-ը սպասում եմ, որ ինչ-որ մեկը կգա։ Բայց այդպես էլ ոչ-ոք չի գալիս։ Կյանքի ամենադաժան փուլում ես մենակ մնացի։
Հաճախ եմ նստում պատուհանագոգին, նայում արդեն 2 տարի չփոխվող նույն դրսի պատկերին ու մտածում՝ արժե՞ր արդյոք․․․ Ու գտնում եմ պատասխանն ամեն անգամ համոզվելով, որ՝ ոչ․․․
Բոլոր չգրված օրենքներով ես ինձ մեղավոր եմ ճանաչում բոլոր հոդվածներով ու ինքս ինձնից ներում եմ հայցում․․․
Էս էլ կանցնի․․․
Գիտեմ, որ կդատապարտեն ազատազրկման մի քանի տարի, բայց դրանով կյանքը չի ավարտվում։
Վերագտնելով ինձ՝ ես վերաարժևավորել եմ նաև գաղափարներս ու սկզբունքներս։
Ունեմ կոնկրետ նպատակ՝ հետ վերադառնալ արվեստ, կոնսերվատորիայում սովորել ու լավ մասնագետ դառնալ, մենահամերգներով շրջել ամբողջ աշխարհը։
Ապրել այնպես, որ հասարակությունը այլևս երբեք չպիտակավորի ինձ՝ որպես հանցագործի, այլ անունս կարդան աֆիշներին․․․
Էսպես չի մնա․․․
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Շահանե, կալանավորված կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


