32 տարեկան եմ։ 29 տարեկանում եմ կալանավորվել։ 16 տարեկանից թմրամիջոցներ եմ օգտագործել։ Գիշերվա ժամը 4-ին են ձերբակալել։ Ամեն ինչը սեղանին դրած էր։ Մտան տուն ու․․․ Քրեակատարողական հիմնարկում եմ արդեն 3 տարի, 1 ամիս։
12 տարի կախվածության մեջ եմ եղել։ Կախվածություն, որի հետևանքով շատ կորուստներ եմ ունեցել։ Կորցրել եմ կրթությունս, մարդկանց հանդեպ վստահությունս, մեծ սերս․․․ և հայտնվել բանտում․․․
Մարդիկ մտածում են՝ բանտում շատ վատ ա։ Իհարկե, Շատ վատ ա, որ փակի տակ ես, 4 պատի մեջ ես։ Բայց բանտը շատ բաներ ա փոխել իմ կյանքում դեպի լավը։ Հիմա բոլորը կզարմանան։ Չէ՞ որ «բանտ» ու «լավ» բառերն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Բայց արի ու տես, որ իմ կյանքում դարձել եմ հոմանիշներ։
Ինձ համար լավն էն ա, որ ձերբազատվել եմ 12 տարվա կախվածությունից, նորմալ կյանքի եմ վերադարձել, սկսել եմ սիրել գեղեցիկը՝ առանց վատ սովորությունների։
Թմրանյութն ինձ զրկել ա ամեն ինչից, ամենաառաջինը՝ լավ մարդ լինելուց։ Ես չէի սիրում կյանքը։ Ինձ միշտ թվում էր՝ ամեն ինչ վերջացած ա, կյանքը մեռած ա։ Միայն մտածում էի թմրամիջոցների մասին։ Ընտանիքիս ուշադրություն չէի դարձնում։ Ոչ մի բան չէի գնահատում։
Միգուցե տարօրինակ կհնչի, բայց շնորհակալ եմ, որ ինձ կալանավորել են․․․ Ես 6-7 անգամ պառկել եմ նարկոլոգիականում, չեմ բուժվել։ Ինձ սա պետք էր, որ փոխվեմ։
Հետ ես նայում ու հասկանում, որ շատ ավելի հետաքրքիր բաներ կան կյանքում։ Ուղղակի վատն էն ա, որ երբ դրա մեջ ես լինում, չես գիտակցում, որ դա քեզ կործանում ա։ Մտածում ես՝ ամեն հարցում ճիշտ ես, կողքից անիմաստ խոսում են։ Դու ամենաճիշտն ես, ամենալավն ես։ Բայց միայն թվում ա։ Ու դու դա հասկանում ես էն ժամանակ, երբ էլ ոչ մի բան չես կարա փոխես։ Ուղղակի թմրանյութն էդքան չարժե, որ տարիներդ իրեն զոհաբերես։
Բրյուսովի ուսանող եմ եղել, բայց բացակայությունների պատճառով դուրս եմ մնացել։ Հիմա փորձում եմ ինքնակրթությամբ բուհ ընդունվեմ, որ էդ բաղձալի ազատությանը հասնելիս լիարժեք կյանքով ապրեմ։ Սեպտեմբերին քննություն պիտի տամ։ Ուղղակի ստեղ չես կարա կրկնուսույցների մոտ պարապես։ Պիտի ինքնակրթությամբ զբաղվես։ Բայց ինքնակրթությամբ կարա՞ս բուհ ընդունվես։ Դժվար թե։ Չգիտեմ՝ ոնց պիտի լինի։ Լավ կլիներ՝ նման ծրագիր լիներ։ Գային, շաբաթվա մեջ գոնե մի անգամ պարապեին նրանց հետ, ովքեր ուզում են բուհ ընդունվեն։ Հետո Ուրարտուից բացի ուրիշ ոչ մի համալսարան չի համագործակցում հիմնարկների հետ։
Ամեն դեպքում, բանտն ինձ տվել ա էն ամենը, ինչն ինձ հետ ա վերադարձրել կյանք։
Չեմ ցանկանա կարծիք ստեղծվի, թե բանտը լավ տեղ ա։ Ուղղակի ստեղ հայտնվելով՝ սկսեցի գնահատել էն, ինչ ազատության մեջ երբեք չեմ համարել կարևոր։ Էս 4 պատերի մեջ նույնիսկ ամենափոքր բանը, ինչը կապված ա դրսում ապրելու հետ, գնահատում ես և զղջում։ Էս գորշ պատերի մեջ փորձում ես գույներ տեսնես։
Իմ լավատեսության մեջ ինձ շատ օգնողներ կան, բայց ամենակարևորը հայրս ա՝ միակս, ումից անչափ շնորհակալ եմ։ Էնքա՜ն մեծ ցանկություն ունեմ ասեմ՝ «Պա՜պ ջան, ինձ կներե՜ս, որ քո էդ պատկառելի տարիքին քո կողքին լինելու փոխարեն քեզ էսքան ցավ եմ տալիս»։
Հայրս իմ ամենամտերիմն է, էն միակն ա, ով երբեք չհուսահատվեց, մինչև վերջ հավատաց և ինձ հետ պայքարեց, այլ ոչ թե երես թեքեց ինձնից։ Սայթաքելուց հետո առաջինն ինքը ձեռք մեկնեց ինձ, որ ոտքի կանգնեմ։ Նա էն միակն ա, որ երբեք ինձ չի քննադատել, ընդհակառակը, հոր խստությունը թողել ա մի կողմ և ընկերոջ նման ինձ հետ քայլում ա էս տատասկոտ ճանապարհով։ Էսքանը տեսնելուց հետո ես ուղղակի իրավունք չունեմ կրկին սխալվելու․․․
Պապաս ու մամաս բաժանված են։ Մամաս արտերկում ա ապրում երկար տարիներ։ Մեծ քույրիկս էլ ա արտերկրում։ Պապաս էլ արդեն 70 տարեկան ա։ Սկզբում մոտ 10-11 ամիս իմ զանգերի վրա արգելանք էր դրված քննիչի կողմից։ Մտածում էի՝ մերոնք ինձ չեն հիշի։ Բայց պապաս ամեն ինչ մի կողմ դրած, ինձ տեսակցության ա գալիս, ինքն ու իմ միջնեկ քույրիկը։
Ոչ մեկը՝ ոչ մի ծանոթ, ոչ մի ընկեր, ոչ մի ընկերուհի, չկան։ Ու ավելի լավ ա, որ չկան։ Էդ շրջապատից ուզում եմ ձերբազատվեմ։ Ում ճանաչել եմ, ուզում եմ էլ չճանաչեմ, չշփվեմ։ Որովհետև եթե կյանքդ փոխում ես, պիտի փոխես հիմնովին, պիտի կարողանաս նորը սկսես։
Դրսում եթե պապաս զանգեր, միգուցե չպատասխանեի։ Հիմա ամիսը 1 անգամ ա կարողանում գա։ Սրտատրոփ եմ սպասում, որ պիտի գնամ, էդ կես ժամը կամ 40 րոպեն իրա հետ անցկացնեմ։ Ընտանիք գաղափարն ինձ համար վերաարժևորվել ա։
Էստեղ սկսել եմ ամենափոքր բանից ուրախանալ, ամեն ինչը գնահատել։ Շատ եմ կարդում։ Էն ժամանակ էլ էի կարդում, բայց նենց չէի ընկալում, ոնց որ հիմա։ Հիմա առողջ մտածելակերպով եմ ընկալում, քանի որ օրգանիզմս առողջ ա, միտքս առողջ ա։
Երբ ազատվեմ, պիտի անպայման գնամ Իտալիա, Ֆլորենսիա քաղաքը տեսնեմ։ Էդ քաղաքի մասին շատ եմ կարդացել։ Դրսում դեղի ազդեցության տակ չես մտածում սենց բաների մասին։
Ուրախանում եմ, երբ մայրիկս ինձ փոխված ա տեսնում։ Ասում ա՝ նորմալ մարդ ես դարձել։ Դուրս գաս, նորմալ մարդ կլինես։
Դրսում իմ ուղեղում միայն դեղի փողն էր, դեղը, վատ շրջապատը։ Հիմա բոլոր վատ կողմերս փոխվել են։ Առաջ շատ անհամբեր էի, հիմա դարձել եմ համբերատար։ Կարող ա՝ ճար չունեմ, պիտի համբերեմ, ու դա ստիպված դառել ա բնավորության գի՞ծ։ Դարձել եմ մաքսիմալիստ, շատ պահանջկոտ։ Իրերս պիտի դասավորված լինեն։ Սկսել եմ օրս կազմակերպել։ Գիտեմ՝ էս ժամին սա եմ անում, էս ժամին՝ մյուսը։ Ճիշտ ա, մի քիչ ռոբոտացված ա, բայց երևի էստեղ եմ, դրանից ա։ Դրսում երևի էդքան ռոբոտացված չի լինի։
Դրսում շատ էգոիստ էի։ Հիմա ավելի շատ եմ մարդկանց դրության մեջ մտնում։ Շատ կռվարար էի, բռնկուն բնավորություն ունեի։ Հիմա դա էլ չունեմ։ Ավելի հանգիստ եմ դառել։ Առաջ հնարավոր ա՝ որևէ թեթև խնդիր լիներ, մտածեի՝ վերջ, կյանքն ավարտվեց։ Հիմա էդպես չեմ։ Գիտեմ՝ վատ եղավ, վատից հետո միշտ լավն ա գալիս։ Լավատես եմ դարձել։
Հնարավոր ա՝ ձերբազատվել եմ թմրանյութերից, դրա համար ա՞ էս ամեն ինչը փոխվել, ու բերդը կապ չունի՞։ Ուղղակի համընկել ա, որ էստեղ եմ դադարել օգտագործել։
Բայց դե ստեղ ոչ մի հարցում ընտրության հնարավորություն չունես։ Դա ավելի ա ճնշում քեզ։ Զբոսախուցը շատ ահավոր տեղ ա։ Հնարավոր չի պռագուլկա անել։ Դրսի աշխարհի հետ կապդ խզված ա։ Էդ 20 րոպե հեռախոսազանգի ընթացքում չես հասցնում ոչ մեկի հետ նորմալ խոսես։ Դա ա շատ ճնշում։ Իմ քույրիկը վաճառողուհի ա աշխատում։ Պահ ա լինում՝ չի կարում զանգերին պատասխանի։ Բայց պիտի հարմարվես, մինչև ժամը 8-ը զանգես։ Էդ 20 րոպեի ընթացքում մտածում ես՝ իրանց կողքին ես։ Մի թեթև կարոտդ առնում ես։
Ճնշում ա, որ զբաղվածություն չունես։ 24 ժամ խցի մեջ ես։ 1 ժամ զբոսանք ու էլ ոչ մի բան չկա։ Քանի որ կալանավորված անձ ես, չես կարում ստեղ անցկացվող դասերին, միջոցառումներին մասնակցես։ Միշտ դատապարտյալներն են մասնակցում։ Եթե կալանավորված ես, ուրեմն ամեն ինչից զրկված ես։
Զբաղվածությունն օգնում ա, որ ուրիշ բանով զբաղվես, ոչ թե միայն բամբասանքով կամ մեկը մյուսին որևէ վատություն անելով։ Օրինակ, երբ դաս եմ անում, օր ա լինում, ժամանակ չեմ ունենում որևէ մեկին բարի լույս ասեմ։ Երբ խոսացնում են, ասում եմ՝ մի խանգարեք, ես դաս եմ անում։ Երբ զբաղվածություն ես ունենում, ուղեղդ զբաղված ա լինում։
Գիտակցում եմ, որ ես սխալ եմ արել։ Մեղավոր եմ, վատ, աններելի, անընդունելի քայլ եմ արել։ Բայց դա արդեն գիտկցել եմ։ Ուզում եմ ինձ մարդ զգամ։ Էնքան դժվար ա, որ գիտակցում ես՝ կանգնած ես ճիշտ ճանապարհի վրա, բայց դիմացդ դեռ տարիներ ունես, որ պիտի նստես ստեղ։
Մի բան գիտեմ, որ կյանքում ոչ մի օրենք էլ չեմ խախտելու։ Թմրանյութն այլևս բացառված ա իմ կյանքում։ Ոչ մի վատ շրջապատի մեջ չեմ լինելու։ Կյանքում ոչ մի բան ազատությունից թանկ չի։ Դա միակ բանն ա, որ կորցնելուց հետո ես գիտակցում, թե ինչ էր։
Ուղղակի վատն էն ա, որ դեռ 3 տարի, 5 ամիս էլ ստեղ եմ լինելու։ Գեղեցիկ տարիներդ անցկացնում ես ճաղերի ետևում։ Նստում ես 29 տարեկանում, դուրս ես գալիս 37-ում։ Երեխա էլ դեռ չես ունեցել։
Երբեք չէի մտածում, որ մարդու համար ազատությունը կարա էդքան թանկ լինի։ Կարոտում ես նույնիսկ քո տան պատերը, քո սենյակի սեղանը։ Ասում ես՝ դուրսը լինեմ, տանը լինեմ, թեկուզ տնից դուրս չգամ, բայց իմ տանը լինեմ։
Հիմա ուզում եմ ի լուր աշխարհի բարձր գոռամ, որ ես փոխվել եմ, էլ առաջվանը չեմ։ Ոչ մի բացասական բան էլ չի կարա ինձ կլանի։
Ուզում եմ դուրս գամ, շարունակեմ կրթությունս, լավ աշխատանք ունենամ, գեղեցիկ ընտանիք կազմեմ, փոքրիկ ունենամ, ուրախ ու երջանիկ ապրեմ։
Ազատությունը շատ թանկ բան ա։ Ոչ մի գնով չարժե կորցնել։ Ոչ մի բան չի կարա ազատությունից ավելի թանկ լինի։
Լուրերով լսում եմ, որ թմրանյութը հիմա ավելի շատ ա տարածված, քան մի քանի տարի առաջ ու հիմնականում անչափահասների շրջանում, դպրոցներում։
Շատ կուզենամ, որ ստեղից իմ ուղերձը լսեն՝ կյանքը շատ լավ ա առանց կախվածությունների․․․
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Շ․Մ․, կալանավորված կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


