Ազատազրկված անձանց մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը, անձնական աճին, հետագայում նաև՝ վերասոցիալականացմանը և հասարակության մեջ վերաինտեգրվելուն նպաստում են նաև մասնագիտական ուսուցման դասընթացները:
«Այս դասընթացները կարևոր են, որովհետև կան մի շարք ազատազրկված անձինք, որոնք հետաքրքրված չեն բարձրագույն կրթություն ստանալով, բայց գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ կարիք ունեն, որպեսզի իրենց մասնագիտական հմտությունները զարգանան, ինչը ոչ միայն կրթական պրոցեսի մեջ ներգրավելու, այլև որոշակի աշխատանքային հմտություններ ձեռքբերելու միջոց է»,- նշեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը «Մեդիա կենտրոնի»՝ «Գեղագիտական և կրթական ծրագրերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ:
ՊՈԱԿ-ը ընդլայնել է քրեակատարողական հիմնարկների ցանկը, որտեղ իրականացվում են նման դասընթացները: Դրանք սկզբում միայն «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-երում էին, այժմ նաև՝ այլ ՔԿՀ-երում: Մասնագիտական ուսուցման դասընթացները կազմակերպվում են նաև ՀԿ-ների կողմից: Այս առումով, բավականաչափ աշխատանքներ են կատարել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Գորիսի կանանց ռեսուրսային զարգացման կենտրոնը, վերջերս նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի դրամաշնորհի շրջանակում՝ երեք ՔԿՀ-ում:
«Դատապարտյալներին աշխատանքային պրոցեսում ներգրավելով՝ պատրաստել են ուսումնական սենյակներ, զարգացրել են իրենց հմտությունները: Այժմ այդ ուսումնական սենյակները ՔԿՀ-ներն օգտագործում են տարբեր կրթական միջոցառումներ իրականացնելու համար»,-հավելեց Նարե Հովհաննիսյանը:
Տեղեկացրեց, որ մեկ այլ նախաձեռնության շրջանակում երեք ՔԿՀ-ում հացաթխման դասընթացներ են կազմակերպվել, որպեսզի հետագայում այդ դասընթացներն անցած դատապարտյալներ կարողանան աշխատանք ունենալ:
Նարե Հովհաննիսյանի խոսքով, շատ կարևոր է, որ տարբեր ՀԿ-ների իրականացրած ծրագրերի հետագա ֆինանսավորումը պետությունն իր վրա վերցնի:
Բանն այն է, որ մասնագիտական ուսուցման դասընթացները պարբերական և շարունակական բնույթ չեն կրում: Հասարակական կազմակերպությունները դասընթացները կազմակերպում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնց ավարտից հետո համապատասխան ֆինանսավորում չեն ունենում դրանց պարբերականությունը և շարունակականությունն ապահովելու համար:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական և ուսումնական հարցերով տեղակալ, գիտական քարտուղար Մարտին Ալեքսանյանի խոսքով, իրենք անցյալ տարվա դեկտեմբերից ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-23 թթ ռազմավարությունից բխող մասնագիտացումներ են նախատեսել իրենց լիազորությունների շրջանակներում և կարիքի գնահատում իրականացրել ՔԿՀ-ներում, որպեսզի այնտեղ ներդնեն արհեստագործական կրթություն:
«Արդյունքները ստանալուց հետո կատարել ենք նախապատրաստական աշխատանքներ: Մի շարք մասնագիտությունների գծով կա բավականին շատ հետաքրքրություն: Այս պահին հետաքրքրությունը երկու՝ «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում է: Այլ ՔԿՀ-ներում ևս հետաքրքրություն կա, բայց մեր ռեսուրսների սղության պատճառով առայժմ այդ երկուսում ենք իրագործում ծրագիրը:
Շինարարական հմտությունների առումով ունենք բավականին մեծ հետաքրքրություն, որը նախատեսումն ենք անցկացնել «Արմավիր» ՔԿՀ-ում, կոսմետոլոգիական հմտությունների մասով ունենք հետաքրքրություն, որը «Աբովյան» ՔԿՀ-ում է, այն իր մեջ ներառում է ոչ բժշկական կոսմետոլոգիա, նույն ՔԿՀ-ում նախատեսում ենք իրականացնել դերձակի հմտությունների տրամադրում»,- հավելեց Մարտին Ալեքսանյանը:
Ասաց, որ Արմավիրում ծրագրում են անցկացնել փայտամշակման և կահույքագործության դասընթացներ, ինչի համար համագործակցության հուշագիր են կնքել պրոբացիոն ծառայության հետ, որպեսզի իրենց աշխատանքը շարունակական լինի:
Աղբյուրը՝ Առավոտ