«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն ասում է, որ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չվարձատրվող աշխատանքներում ընդգրկված են եղել հիմնականում նույնասեռական անձինք կամ այն դատապարտյալները, ովքեր դատապարտվել են սեռական բռնության համար: Վերջիններս կատարել են տարածքի, կոյուղու մաքրման, աղբահանության և այլ աշխատանքներ:
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ զբաղվածության հարցը միշտ եղել է ՔԿՀ-ներում: Օրինակ, 2018թ. ընթացքում վարձատրվող աշխատանքներում ընդգրկված է եղել 360 դատապարտյալ, որը կազմել է ընդհանուր դատապարտյալների 11.7 %-ը, իսկ չվարձատրվող աշխատանքներում ներգրավված են եղել 203 դատապարտյալ՝ 6,6 %:
«Եթե պետությունն անձին չի ապահովում աշխատանքով, նշանակում է պատժի կրման ժամանակահատվածում նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որ անձը ներքաշվի քրեական ենթամշակույթի մեջ՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- ասում է Նարե Հովհաննիսյանը և ուշադրություն հրավիրում դատապարտյալների ինքնավնասումների թվի վրա:
«Ազատազրկումը, առավել ևս՝ երկարաժամկետ, բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի վրա: Անձը կորցնում է սոցիալական հմտությունները և կապերը ընտանիքի ու հասարակության հետ, դուրս է մնում աշխատաշուկայից և տնտեսական գործունեությունից: Դա հանգեցնում է փորձի, մասնագիտական հմտությունների ու կարողությունների կորստի, նվազեցնում է աշխատանք ունենալու կամ պատիժը կրելուց հետո այն ձեռք բերելու հնարավորությունը: Այդ ամենն իր բացասական հետևանքներն է ունենում ազատազրկված անձի և նրա ընտանիքի եկամտի ու նյութական բարեկեցության վրա: Անձը հնարավորություն չունի իր էներգիան սպառել»,- ասում է Նարե Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանը նշում է նաև, որ քրեակատարողական հիմնարկներում չկան բավարար պայմաններ ընթերցանությամբ, սպորտով զբաղվելու համար: Սա ևս զբաղվածություն է ապահովում և այդ հարցով պետք է զբաղվել:
Ամբողջական հոդվածը՝ Հետք