ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խմբի) հասարակության հետ կապերի պատասխանատու, Իրավական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Նարե Հովհաննիսյանը «Քրեակատարողական ընթացակարգի կատարելագործման հիմնախնդիրներ» առարկայի շրջանակներում 2021թ. մարտի 11-ին հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրի ուսանողներին:
Հանդիպման սկզբում ԵՊՀ դասախոս Լիանա Մարուքյանը նշեց, որ նման հանդիպումները կարևոր են, քանի որ ուսանողներին օգնում են առնչվել այն գործնական խնդիրներին, որոնք առկա են քրեակատարողական հիմնարկներում:
Ն. Հովհաննիսյանը ուսանողներին ներկայացրել է Խմբի ստեղծման պատմությունը՝ անդրադառնալով Խմբի ձևավորման և գործունեության կարգը սահմանող՝ ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն և 2020թ. մարտի 20-ի թիվ 126-Ն հրամաններին և թիվ 126-Ն հրամանի այն փոփոխություններին, որոնք էականորեն սահմանափակում են Խմբի գործունեությունը:
Այնուհետև անդրադարձել է քրեկատարողական համակարգի բարեփոխումներին և այդ նպատակով ընդունված ռազմավարություններին՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ. ռազմավարություն, ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման 2021-2022թթ. ռազմավարություն:
Ուսանողներին հետաքրքող հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության արդյունավետություն, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նպատակով կատարված օրենսդրական փոփոխություններ, առողջապահական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների հասանելիություն, խոցելի խմբերի ազատազրկված անձանց հիմնախնդիրներ, կրթական և մասնագիտական ուսուցման դասընթացների, աշխատանքի հնարավորությունների առկայություն և այլն:
Ն. Հովհաննիսյանը նշված հարցերի վերաբերյալ ներկայացրել է Խմբի կողմից արձանագրված հիմնախնդիրներիը և դրանց կարգավորման ուղղությամբ Խմբի դիրքորոշումները:
Աղբյուրը՝ pmg.am