«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021 թվականի մարտի 17-ին կազմակերպեց փակ աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին «Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության արդյունքները, ինչպես նաև ցուցադրվեց «Ինքնության անտեսված կողմը» տեսաֆիլմը:
Նշենք, որ զեկույցը Հայաստանում ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների համապարփակ ուսումնասիրության առաջին փորձն է: Կատարվել է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրության, ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով պետության որդեգրած քաղաքականության և ազատազրկված անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության խորքային ուսումնասիրություն։
Ազատազրկված ԼԳԲՏ անձանց վիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունները մշակվել են միջազգային իրավական չափանիշների և լավագույն փորձի համեմատության հիման վրա:
Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, «Նոր Սերունդ» մարդասիրական և «Փինք» իրավապաշտպան հկ-ներից:
Մասնակցության հրավերներ են ուղարկվել նաև ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին, սակայն նշված կառույցներից քննարկմանը որևէ ներկայացուցիչ չի մասնակցել:
ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարություններից տեղեկացրել են, որ պատճառն աշխատանքային ծանրաբեռնվածությունն է, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն կազմակերպության կողմից ուղարկված գրություններին չեն արձագանքել:
Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում քննարկման մասնակիցներին՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը խոցելի խմբերի ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցում:
Հետազոտությունը և տեսաֆիլմը պատրաստվել են «Ջատագովելով սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքը քրեակատարողական հիմնարկներում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ֆինանսավորմամբ, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի աջակցությամբ: