2021 թվականի հունիսի 1-ից իրականացնում ենք «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել մեդիա հարթակ, որտեղ կներկայացվեն ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ:Ակնկալում ենք, որ մեդիա հարթակը կօգնի բարձրացնել հասարակության իրազեկվածությունն անազատության մեջ գտնվող անձանց խնդիրների շուրջ, ինչն էլ հետագայում թույլ կտա բարելավելու հասարակության և ազատազրկված անձանց միջև հաղորդակցությունը՝ նպաստելով նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը։
Ծրագրի շրջանակներում արդյունավետ ձևով համագործակցել ենք ՀՀ արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության և հիմնարկների հետ:
Նկարահանել ենք «Մարդիկ՝ ճաղերից այն կողմ» խորագիրը կրող տեսաֆիլմեր, որոնց մասնակցություն են ունեցել ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արմավիր», «Սևան» «Հրազդան» և «Գորիս» ՔԿՀ-ներում պատիժ կրող 9 դատապարտյալ:
Նաև մեկնարկել ենք «Նամակներ բանտից» հոդվածաշարը, որի շնորհիվ անազատության մեջ գտնվող անձանց հնարավորություն է տրվել բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին, ներկայացնել անձնական պատմությունները՝ ազատությունից զրկվելու բոլոր հետևանքներով, ինչպես նաև բանտային պայմաններին հարմարվելու դժվարությունները և այնտեղ անցկացված տարիների փորձառությունը։
Ազատազրկված անձանցից ստացել ենք 23 հոդված: Ամենաշատ հոդվածները գրել և ուղարկել են ազատազրկված կանայք՝ ընդհանուր առմամբ 13 հոդված, որից հարթակում կտեղադրվի 5-ը, քանի որ դրանք են լիովին համապատասխանում մեր կողմից ներկայացված չափանիշներին և արժանացել են խմբագրակազմի հավանությանը:
Մնացած 10 հոդվածները ստացել ենք ՀՀ ԱՆ «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Հրազդան» և «Վանաձոր» ՔԿՆ-ներից: «Արմավիր» ՔԿՀ-ից ուղարկել են 6 հոդված, որից 5-ը գրել են ցմահ դատապարտյալները: «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներից ստացել ենք 1-ական հոդվածներ:
Ծրագրին մասնակցություն ունեցած բոլոր ազատազրկված անձինք արժանացել են շնորհակալագրերի, իսկ հոդված ներկայացրած անձանց տրամադրվել են նաև հոնորարներ:
Քանի որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով մենք չէինք կարող այցելել հիմնարկներ, շնորհակալագրերը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության միջոցով փոխանցել ենք հիմնարկներին, որտեղ կազմակերպվել են միջոցառումներ և շնորհակալագրերը պաշտոնապես հանձնվել են ազատազրկված անձանց: Այդ մասին քրեակատարողական ծառայությունը հրապարակում է տեղադրել իր կայքէջում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոդված ներկայացրած ազատազրկված անձանցից երկուսը բարձրագույն կրթություն են ստանում, հոդվածների համար նախատեսված հոնորարը փոխանցել ենք համալսարանին՝ որպես նրանց 2021թ.-ի 1-ին կիսամյակի 1 ամսվա ուսման վարձ: Հավելենք, որ ծրագրի մասնակցել են ցմահ ազատազրկման դատապարտված հինգ անձ։
www.prisoninitiatives.am մեդիա հարթակն արդեն գործում է, և առաջիկայում կհրապարակվեն «Մարդիկ՝ ճաղերից այն կողմ» խորագիրը կրող տեսաֆիլմերը և «Նամակներ բանտից» հոդվածաշարը:
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը և հիմնարկներին՝ համագործակցության համար, ինչպես նաև ծրագրին մասնակցած ազատազրկված անձանց՝ խնդիրների հանրայնացման և մեր նկատմամբ ունեցած վստահության համար: