Skip to content Skip to sidebar Skip to footer

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի խորհուրդը հաշմանդամության խնդիրները Երկիր մոլորակի բնակիչներին մեկ անգամ ևս ներկայացնելը և այդ խնդիրների լուծման հարցում բոլորի մասնակցությունն ակնկալելն է:

Այն խնդիրները, որոնց հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են ազատության պայմաններում, բազմապատկվում են քրեակատարողական հիմնարկներում, քանի որ նրանք բանտերում ապահովված չեն իրենց կարիքներին համապատասխան կենսապայմաններով, ինչը բացասաբար է անդրադառնում ոչ միայն նրանց առողջության, այլև վերասոցիալականացման և վերաինտեգրման վրա:

Հատուկ մոտեցումների բացակայությանը հաշմանդամություն ունեցող անձինք առնչվում են քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս, քանի որ հիմնարկի ներքին կանոնակարգի կամ ազատազրկված անձանց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկությունը մշակված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձևաչափով, օրինակ` բրալյան գրերով, մեծ տառաչափով կամ ձայնագրված տարբերակով:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրենց կարիքներին համապատասխան խցերում տեղաբաշխելու ընթացակարգ ևս առկա չէ, քանի որ խցային պայմանները ընդհանուր առմամբ հարմարեցված չեն: Բացակայում են բազրիքները, թեքահարթակները, ավելի վառ գույներով ներկված աստիճանները, սանհանգույցները և այլն:

Համապատասխան հարմարեցումները բացակայում են նաև ազատազրկված անձանց ամենօրյա գործողությունների համար կարևոր տարածքներում, օրինակ՝ լոգարաններ, սանհանգույց, ճաշարան, երկարատև կամ կարճատև տեսակցության սենյակներ, զբոսահրապարակներ, գրադարաններ, մարզասրահներ, ուսումնական սենյակներ և այլն:

Հիմնարկների գրադարաններում հասանելի չեն այլընտրանքային ձևաչափերով գրքեր, օրինակ` բրալյան գրքեր, աուդիոգրքեր, ժեստերի լեզվով թարգմանված տեսանյութեր և այլն: Չի գործում նաև գրադարանից գրքերի սպասարկման հատուկ մշակված ընթացակարգ այն անձանց համար, ովքեր հաշմանդամությամբ պայմանավորված՝ ի վիճակի չեն այցելել գրադարան:

Հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի չեն զբաղվածությունը ապահովող միջոցառումները: Նրանք ազատազրկման ընթացքում չեն ապահովվում աշխատանքով, չեն կարողանում մասնակցել մասնագիտական ուսուցման դասընթացների կամ այլ միջոցառումների:

Ավելին, առկա չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համապատասխան վերասոցիալականացման ծրագրեր, ինչի հետևանքով նրանք անբարենպաստ պայմաններում են հայտնվում, օրինակ, պայմանական վաղաժամկետ ազատվելիս: Ըստ պայմանական վաղաժամկետ ազատման գործող ընթացակարգի՝ այն անձինք, ովքեր պատժի կրման ընթացքում չեն աշխատել հաշմանդամություն ունենալու պատճառով, ստանում են 2 միավոր այն դեպքում, երբ տվյալ չափորոշիչի գնահատման համար սահմանված առավելագույն միավորը 3-ն է:

Խնդրահարույց է այն, որ մինչ օրս հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց կարիքների ուսումնասիրություն չի իրականացվել: Առկա չեն ազատվելուց հետո հաշմանդամություն ունեցող անձանց վերաինտեգրման կարիքներին համապատասխան զբաղվածության և այլ ծրագրեր:

Մինչդեռ անհրաժեշտ է մշակել և կիրառել հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց աջակցություն ցուցաբերելուն, աշխատանքով և կացարանով ապահովելուն, կրթության մեջ ներգրավելուն ուղղված հատուկ մոտեցումներ, ինչպես նաև պրոբացիայի ծառայության, զբաղվածության կենտրոնների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության քայլեր նախաձեռնել, ինչը կնպաստի նրանց արդյունավետ վերասոցիալականացմանը և հասարակության մեջ վերաինտեգրմանը:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.