ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:
Նախագծերով ակնկալվում է հանրակրթություն ստանալու օրենսդրական երաշխիքներ սահմանել նաև 19 տարեկանը լրացած ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի իրական և արդյունավետ իրացումը:
Նախագծային մոտեցումները քննարկելու և, ըստ այդմ, դրանք ամբողջացնելու նպատակով 2022 թվականի հունվարի 12-ին արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին պետական մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քննարկմանը մասնակցեց նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ նախագահ Նարե Հովհաննիսյանը:
Նշենք, Հայաստանում 12-ամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:
Օրենսդրական նշված պահանջի համաձայն՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է մինչև 19 տարեկան ազատազրկված անձանց հանրակրթական ուսուցումը։ Այսինքն՝ հանրակրթական ուսուցման մեջ ներառված չեն բոլոր այն կալանավորված անձինք և դատապարտյալները, ովքեր ունեն հանրակրթություն ստանալու կարիք՝ անկախ տարիքից։
Այնինչ ազատազրկված անձանց շրջանում բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, երբ անձը 19 տարեկանից բարձր է, բայց ունի, օրինակ, 2-րդ կամ 5-րդ դասարանի կրթություն: Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի փետրվար ամսվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում գտնվող թերի միջնակարգ կրթություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց թիվը մոտ 300 է։
Դեռևս 2019 թվականին կատարած հետազոտության շրջանակներում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն արձանագրել էր այս խնդիրը՝ առաջարկելով հանրակրթական ուսուցումը կազմակերպել այնպես, որ այն ներառի բոլոր ազատազրկված անձանց, ովքեր ունեն հանրակրթություն ստանալու կարիք՝ անկախ տարիքից:
Քննարկման ժամանակ Ն. Հովհաննիսյանը ողջունեց արդարադատության նախարարության՝ խնդիրը օրենսդրական մակարդակում կագավորելու պատրաստակամությունը և վերջինիս ուշադրությունը հրավիրեց մի շարք այլ խնդիրների կարգավորման վրա՝ «Աբովյան» ՔԿՀ-ի դպրոցի շենքային պայմանների բարելավում, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ազատազրկված անձանց կրթության շարունակականության ապահովում և այլն: