Skip to content Skip to sidebar Skip to footer

«Մարդիկ ճաղերից այն կողմ» խորագիրը կրող տեսաֆիլմերի քննարկում Պրոբացիայի ծառայությունում

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն նկարահանել է «Մարդիկ ճաղերից այն կողմ» խորագիրը կրող տեսաֆիլմեր, որոնց շնորհիվ անազատության մեջ գտնվող անձինք հնարավորություն են ունեցել բարձրաձայնել իրենց մտահոգությունները, ներկայացնել անձնական պատմությունները, ազատությունից զրկվելու հետևանքները, կյանքի դժվարությունները և այնտեղ անցկացրած տարիների փորձառությունը։

Այժմ կազմակերպությունը նախաձեռնում է ակտիվ քննարկումների շարք տարբեր պետական կառույցների հետ, որպեսզի այդ կառույցների ներկայացուցիչները հնարավորություն ունենան դիտել տեսաֆիլմերը և իրենց վերաբերմունքն ու մոտեցումերն արտահայտել։ Այդպիսով կազմակերպությունը նաև փորձում է պետական կառույցների շրջանակներում հանրայնացնել տեսաֆիլմերի միջոցով վերհանված խնդիրները։

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2022 թվականի հունվարի 14-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում:

Հանդիպմանը մասնակցում էին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը, Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի երեք ավագ մասնագետներ, Կազմակերպամեթոդական բաժնի 2 մասնագետներ` հոգեբան և սոցիալական աշխատող, և 1 հոգեբան փորձագետ:

Պրոբացիայի ծառայության նշված աշխատակիցների հետ հանդիպումը կարևոր էր այն առումով, որ նրանք են կազմում պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցները: Ընտրվել է աշխատակիցների տվյալ խումբը՝ հաշվի առնելով նրանց անմիջական աշխատանքը և շփումը դատապարտյալների հետ։

Հանդիպման ժամանակ ցուցադրվել է 3 տեսաֆիլմ՝ «Բանտը և ես», «Ցմահ ազատազրկումը աղետ է», «Որդու կարոտը»։

Դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում, ինչը շատ արդյունավետ և կառուցողական էր:

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները ներկայացրեցին իրենց կարծիքները և առաջարկությունները։ Նրանք նշեցին, որ տեսաֆիլմերի միջոցով վերհանված խնդիրներն ու մտահոգություններն իրենց միանշանակորեն կօգնեն, որպեսզի դատապարտյալների հետ աշխատանքի ընթացքում ուշադրություն դարձնեն նաև մի շարք այլ խնդիրների ևս:

Նրանք միևնույն ժամանակ առաջարկեցին հետագա նմանատիպ նախաձեռնությունների ժամանակ հակիրճ անդրադարձ կատարել նաև այն հարցին, թե ազատազրկված անձինք ինչ վերաբերմունք ունեն իրենց կողմից կատարված արարքի նկատմամբ և արդյոք զղջում են, թե՝ ոչ։ Այս մոտեցումը գուցե օգնի, որ հասարակությունն ավելի ամբողջական պատկերացում կազմի ազատազրկված անձանց վերաբերյալ։

Նմանատիպ քննարկումները կլինեն շարունակական, քանի որ շատ արդյունավետ են։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.