Skip to content Skip to sidebar Skip to footer

Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է

Հունվարի 24-ը կրթության միջազգային օրն է:

Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ անցնում է վերասոցիալականացման քաղաքականության, որի կարևոր բաղադրիչներից են ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը և մասնագիտական կրթության նոր ծրագրերի ներդնումը:

Մինչդեռ խնդրահարույց է այն, որ ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ:

Ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացմանը խոչընդոտում են որոշ օրենսդրական արգելքներ:

Այսպես, քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող հանրակրթական ուսուցման մեջ ընդգրկված են մինչև 19 տարեկան ազատազրկված անձինք, քանի որ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը: Հետևաբար հնարավոր չէ հանրակրթական ուսուցման մեջ ներառել բոլոր այն ազատազրկված անձանց, որոնք ունեն հանրակրթություն ստանալու կարիք՝ անկախ տարիքից։

Կրթություն ստանալուն օժանդակում են հեռահաղորդակցության սարքերը, սակայն դրանք ներառված են քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ցանկում, ինչի հետևանքով կրթություն ստանալու ցանկություն ունեցող ազատազրկված անձինք չեն կարող օգտվել համակարգչից կամ ինտերնետից:

Օրենսդրական խոչընդոտներից բացի կան նաև պրակտիկ խնդիրներ: Օրինակ, Արթիկի երեկոյան դպրոցը կազմակերպում է «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող 18 տարեկանից բարձր դատապարտյալների հանրակրթությունը, սակայն դպրոցը չունի միջնակարգ հանրակրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզավորում: ՀՀ արդարադատության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Ազատազրկված անձանց հանրակրթությունը, բարձրագույն և հետբուհական կրթությունը կարող է իրականացվել դրսեկության, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների կրթությունը՝ ստացիոնար ձևով։ Մինչդեռ ազատազրկված անձինք հիմնարկից դուրս կրթություն չեն ստանում, ինչի պատճառները դեռևս չեն ուսումնասիրվել:

Առկա չեն նաև ազատազրկված անձանց շրջանում բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստանալը խրախուսելուն կամ աջակցություն տրամադրելուն ուղղված մեխանիզմներ: Օրինակ, բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստացող անձանց պետության կողմից աջակցություն չի ցուցաբերվում, նրանք ուսման վարձը վճարում են իրենց հաշվին՝ ընտանիքների կամ հարազատների աջակցությամբ։

Ինչ վերաբերում է մասնագիտական ուսուցմանը, ապա այդ դասընթացները ոչ բոլոր հիմնարկներում են կազմակերպվում, չի ապահովվում նաև դրանց շարունակականությունը, ինչը նշանակում է, որ ազատազրկվելուց կամ մեկ հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխվելուց հետո անձը զրկվում է մասնագիտական ուսուցում ստանալու կամ այն շարունակելու հնարավորությունից։

Պատժի կրման ավարտին մինչև 6 ամիս մնացած դատապարտյալները կարող են մասնակցել նաև Զբաղվածության պետական գործակալության (Միասնական սոցիալական ծառայության) կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման ծրագրերին, սակայն նմանատիպ դասընթացներ չեն իրականացվել, ինչի պատճառները դեռևս ուսումնասիրված չեն:

Իրավական նախաձեռնությունների կենտրոնը, հետամուտ լինելով օրվա խորհրդին և վերը նշված հիմնախնդիրների լուծմանը, պետությանը կոչ է անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համապատասխան օրենսդրության բարելավման և պրակտիկ խնդիրների կարգավորման ուղղությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.