Skip to content Skip to sidebar Skip to footer

Մշակույթը ճաղեր չի ճանաչում

Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում գործող դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման մեր դիմում-նամակին արձագանքելով՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հնարավորություն է ընձեռել մեզ՝ կազմակերպության կայքում հրապարակել բանտային նամակներ և միավորման գործունեության մասին հոդվածներ։
Շնորհակալ ենք և խորապես գիտակցում ենք հասարակության հետ երկխոսելու, շփվելու բնական պահանջմունքը, որն էլ դրված է ազատազրկվածներիս վերասոցիալականացման կարևորագույն գործընթացի հիմքում։
Մեր մշակութային միավորման անդամների մեծամասնությունը ցմահ ազատազրկվածներ ենք։ Այժմ ՔԿՀ-ի պետ պարոն Ղազարյանի թույլտվությամբ և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների գծով պետի տեղակալ պարոն Անանյանի աջակցությամբ՝ իրականացնում ենք եռամսյա աննախադեպ մի ծրագիր։
Մշակույթին առնչվող տարբեր  կազմակերպություններին, մշակույթի հայտնի գործիչներին, ովքեր անտարբեր չեն ազատազրկված մարդկանց նկատմամբ և ցանկանում են մշակույթի առավել արդյունավետ ու ամոքիչ ներթափանցումը ճաղերից այս կողմ, մենք նամակներով իրազեկում ենք մեր միավորման մասին և համագործակցության առաջարկներ անում։ Անչափ շնորհակալ ենք արձագանքների և պատրաստակամության համար։ Այս հարթակում կպատմենք նախատեսվող հանդիպումների և միջոցառումների մասին։

 

Մշակույթն այն յուրօրինակ և կախարդական կամուրջն է, որը կապում է ազատազրկվածներիս արտաքին աշխարհի հետ։ Ավելին՝ մշակույթի միջոցով մենք ճանապարհորդում ենք մարդկության պատմության ուղիներով… Շատ ուրախացա, երբ տեղեկացա, որ այս ՔԿՀ-ում կազմավորվել և գործում է մշակութային միավորում։

Տարիներ շարունակ զբաղվելով նաև ստեղծագործական աշխատանքով՝ անդամագրվեցի միավորմանը։ Արձագանքելով մեր դիմում-նամակներին՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ղեկավարությունը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, հայագետ Արծվի Բախչինյանը և «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ն «Արմավիր» ՔԿՀ-ի գրադարանին նվիրաբերեցին 250 գիրք՝ ազգային և համաշխարհային մշակույթի, պատմության վերաբերյալ, հայ և այլազգի հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև իրավաբանական գրականություն։

«Արմավիր» ՔԿՀ-ում ՀՀ ԱՆ «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացվող դասընթացների անհրաժեշտությանը և բոլոր դասախոսների մասնագիտական ու մարդկային բորձր որակներին անդրադարձել եմ նախորդ հոդվածներումս։

Կարևոր է այն, որ ՊՈԱԿ-ի կողմից դասավանդվում է նաև դեկորոտիվ կիրառական արվեստ, այդ թվում՝ խեցեգործություն։ Մի քանի դատապարտյալներով ակտիվորեն զբաղվում ենք նաև կավագործությամբ։ Պատրաստածս իրերի վաճառքից գոյացող գումարը փոխանցում եմ մեր վիրավոր զինվորների բուժման նպատակով։ 2 տարի շարունակ կավե աշխատանքներս անշահախնդիր թրծվում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բրուտանոցում։

Քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ում վերընշված ՊՈԱԿ-ը ունի վառարան, այստեղ հնարավոր էր հենց տեղում իրականացնել թրծումը։ Ցավոք վառարանից օգտվել թույլատրում են միայն ՊՈԱԿ-ի դասերի ժամանակ, իսկ ամիսներ տևող ընդմիջումների, ինչպես նաև COVID-ով պայմանավորված կարանտինի ժամանակ չենք կարողանում թրծել մեր աշխատանքները, սակայն վառարանը գտնվում է մի քանի մետր հեռավորության վրա։ Ներկայումս ստիպված նորից ընտանիքս է վերցնում աշխատանքներս՝ տանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ անշահախնդիր թրծում են և նորից բերում  ինձ՝ նկարազարդելու համար։

Ես և ընտանիքս պատրաստակամություն ենք հայտնել՝ ՔԿՀ-ին նվիրաբերել թրծման վառարան ընդհանուր օգտագործման համար, որպեսզի կավագործությամբ զբաղվող բոլոր  ստեղծագործող դատապարտյալներս մշտապես ունենանք աշխատանքները տեղում թրծելու հնարավորություն։

Համաճարակով պայմանավորված տեսակցությունների արգելքը 2022 թվականի հունվարի 20-ից վերացավ։ Վերջապես կկարողանանք հանդիպել մեր ընտանիքների, ընկերների հետ։ Այս առումով ազատազրկվածներս և մեր ընտանիքներն ամենախոցելի վիճակում ենք գտնվում անձնական և ընտանեկան կյանքի հիմնարար իրավունքի տեսակետից։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ոլորտի փորձագիտական խումբը 2020 թ.-ի մարտի 16-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ «COVID-19 արտակարգ դրությունը պետք է հիմք չհանդիսանա կոնկրետ խմբերի, փոքրամասնությունների կամ անհատների թիրախավորման համար: Արտակարգ դրությունը պետք է չծառայի որպես հանրային առողջության պաշտպանության պատրվակով կիրառված ռեպրեսիվ գործողությունների առիթ /…/»։

Փառք Աստծուն, այժմ ազատազրկվածներս նորից կարող ենք հանդիպել մեր ընտանիքներին։ Ինչպես նաև մշակութային միավորման մեր կազմած եռամսյա ծրագրի շրջանակներում, ՔԿՀ վարչակազմի թույլտվությամբ և մշակույթի աշխարհի մարդկանց ու կազմակերպությունների շնորհիվ, հուսով ենք՝ կիրականացվեն մի շարք հետաքրքիր հանդիպումներ և միջոցառումներ։

 

Մհեր Ենոքյան

Հունվարի 24, 2022 թվական

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.