Skip to content Skip to sidebar Skip to footer

«Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում». Քննարկման ամփոփում

2022 թվականի հունվարի 19-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկում:

Բանախոսներն էին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենտի պետ Անուշ Հայրումյանը, նույն ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Խաչատրյանը և հանրակրթության գծով ուսումնական աշխատանքների մասնագետ Էսթերա Թադևոսյանը:

 

 

Քննարկումը սկսեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում հանրակրթության կազմակերպմանն առնչվող հիմնական խնդիրները:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր աշխատանքը ցույց տվեց, որ կրթության կազմակերպումը և օրենսդրության բարելավման տեսանկյունից, և ընթացիկ խնդիրների կարգավորման առումով անչափ կարևոր է ազատազրկված անձանց համար, քանի որ մենք գործ ունենք ոչ միայն կրթության իրավունքի իրացման հետ, այլև կրթությունը պետք է դիտարկենք որպես ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչ, ազատազրկված անձանց քրեական ենթամշակույթից և հանցավոր միջավայրից հեռու պահելու միջոց»,-նշեց Ն. Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ հիմնական խոչընդոտը, որին առերեսվում են ազատազրկված անձինք, վերաբերում է օրենսդրությանը.

«Գործող օրենսդրությամբ հանրակրթությունը պարտադիր է մինչև անձի 19 տարին լրանալը, բայց մեր դիտարկումները քրեակատարողական հիմնարկներում ցույց տվեցին, որ բազմաթիվ են այն անձինք, որոնց 19 տարին լրացել է, սակայն չունեն կրթություն: Մինչդեռ դա կարոր է ոչ միայն անձի տարրական գրագիտության տեսանկյունից, այլ նաև այն առումով, որ անձը կարողանա պլանավորել իր հետագա կրթությունը՝ լինի մասնագիտական թե բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը, ինչը հետագայում նրան կօգնի աշխատանքի հարցում»:

Ն. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Արթիկ» ՔԿՀ-ում գործող Արթիկի երեկոյան դպրոցին, որն իրականացնում է նաև 19 տարին լրացած անձանց կրթությունը, բայց մինչ օրս չունի հանրակրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզավորում:

««Լիցենզավորման մասին» օրենքով լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացվեն որոշ փաստաթղթեր, բայց այդ փաստաթղթերը դպրոցը չի կարող ներկայացնել, քանի որ հիմնարկի ներսում է գործում, իսկ հիմնարկը որպես ուժային կառույց այդ փաստաթղթերը չի կարող դուրս բերել: Ուստի շատ կարևոր է, որ խնդիրը կարգավորելու համար արդարադատության և կրթության ոլորտներում քաղաքականություն մշակող կառույցների միջև երկխոսություն լինի: Սովորաբար քրեակատարողական հիմնարկները թողնում ենք արդարադատության նախարարության տիրույթում, ինչը միանշանակ ճիշտ է, բայց նաև պիտի հիշենք, որ կրթության ոլորտի քաղաքականություն մշակողը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Ազատագրված անձանց կարիքներն ու առանձնահատկությունները ոչ միայն բանավոր պետք է ճանաչենք, այլ նաև դրանք պետք է ամրագրվեն անհրաժեշտ իրավական ակտերում»,-ասաց Նարե Հովհաննիսյանը:

Մեկ այլ խնդիր է այն, որ ազատազրկված անչափահասների հանրակրթություն ստանալու գործընթացն ընդհատվում է, երբ նրանք, խափանման տեսակի կամ պատժատեսակի փոփոխմամբ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից, համայնքում դպրոց չեն հաճախում, քանի որ առկա չեն համայնքում նրանց նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու, այն է՝ վերահսկողություն իրականացնելու կամ ուղղորդելու մեխանիզմներ:

«Կազմակերպությունը նման խնդիր արձանագրել է «Աբովյան» ՔԿՀ-ում, երբ անձը հիմնարկից դուրս էր եկել, դպրոց չէր հաճախել, նորից հետ էր եկել հիմնարկ, ընդգրկել էին հանրակրթական ուսուցման մեջ»,-նշեց Ն. Հովհաննիսյանը:    

«Հանրակրթությունը կօգնի, որպեսզի անձը ազատազրկման ընթացքում գիտելիք ստանա, քրեակատարողական հիմնարկի ներսում թե դուրս գալուց հետո շարունակի կրթությունը, ինչը կօգնի նաև աշխատանք գտնելու հարցում: Իսկ երբ անձը դուրս է գալիս, քրեակատարողական հիմնարկում նրա հետ կատարված աշխատանքը մնացած պետական ինստիտուտները պետք է շարունակեն, որպեսզի անձը նորից հետ չգա բանտ»,-իր ամփոփիչ խոսքում նշեց կազմակերպության նախագահը: 

Նշված խնդիրների կարգավորումը քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում է, քանի որ կրթության բացակայությունը ռիսկային է հանցագործություն կատարելու տեսանկյունից: ՀՀ ԱՆ ՔԿԾ ՍՀԻԱ բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը նշեց, որ 2021 թվականի տարեվերջին ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում հարցում է իրականացրել երկու ուղղությամբ:

«Նախ պարզել ենք թերի միջնակարգ կրթություն ունեցող դատապարտյալների թիվը: Երկրորդ հարցումը վերաբերել է նրան, թե թերի միջնակարգ կրթություն ունեցող դատապատյալների շրջանում կա՞ն անձինք, որոնք կցանկանան ազատազրկման ժամանակահատվածում ստանալ հանրակրթություն: Ըստ հարցման արդյունքների՝ 2021 թվականի նոյեմբերի դրությամբ 300 դատապարտյալ, այսինքն՝ դատապարտյալների ընդհանուր թվի 1/3-ը, ունի թերի միջնակարգ կրթություն: Նրանցից կրթություն ստանալու ցանկություն է հայտնել մոտ 60 դատապարտյալ»,-մանրամասնեց Ծ. Թադևոսյանը՝ վստահեցնելով, որ այդ թիվը կաճի, երբ դատապարտյալները տեսնեն, որ կրթությունը ստանալու հնարավորությունն իրատեսական է:  

Ինչ վերաբերում է Արթիկի երեկոյան դպրոցին, նա տեղեկացրեց, որ 2020-2021 ուսումնական տարում այնտեղ սովորել է 20-ից ավել դատապարտյալ, ինչը կազմում է «Արթիկ» ՔԿՀ-ում այդ ժամանակահատվածում պատիժ կրող անձանց մոտ 10 տոկոսը: Նաև մանրամասնեց, որ դպրոցը չունի այն երկարաժամկետ լիցենզիան, որը տրվում է մնացած հանրակրթական դպրոցներին: Ներկայումս այդ հարցը կարգավորվում է աշակերտների թվաքանակով:

«Ամեն տարի Արթիկի երեկոյան դպրոցի ղեկավարությունը համապատասխան մարմիններին է ներկայացնում աշակերտների քանակով լիցենզիա ստանալու հայտը, և ամեն տարի անհատական լիցենզիա է տրամադրվում դպրոցին: Հանրակրթությունը ստանալու փաստն արձանագրող վկայականը, որ դպրոցում սովորող դատապարտյալները ստանում են, օրենքի շրջանակներում է: Նրանք կարող են հետագայում դա օգտագործել կրթությունը շարունակելու նպատակով: Բացի այդ, կան տարածքի հետ կապված հարցեր, որոնք ԿԳՄՍ նախարարության տիրույթից դուրս են: Միայն դրանց կարգավորումից հետո է հնարավոր խոսել երկարաժամկետ լիցենզիայի մասին: Այս խնդիրները կարգավորելու գործընթացը սկսել ենք 2021 թվականից»,-մանրամասնեց բանախոսը:

Ասուլիսի ժամանակ հարց բարձրացվեց այն մասին, թե կան վիճակագրական տվյալներ՝ արդյո՞ք հանրակրթություն ստանալուց հետո ազատազրկված անձինք շարունակում են կրթությունը, նրանց վարքագծային փոփոխություններն արդյո՞ք ուսումնասիրվում կամ գնահատվում են: Ծ. Թադևոսյանը նշեց, որ ծառայության կողմից նման հետազոտություններ չեն անցկացվում:

«Եթե դատապարտյալը պայմանական վաղաժամկետ է ազատվում, ապա անձի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը: Իսկ եթե պատժի լրիվ ժամկետը կրելուց հետո է դուրս գալիս քրեակատարողական հիմնարկից, ապա օրենքով ամրագրված է, որ պատժի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ մենք նրան նախապատրաստում ենք ազատությանը: Մենք խնդիր ունենք այն դեպքում, երբ անձանց խափանման միջոցն է փոխվում: Չկա օրենսդրական որևէ կարգավորում, որի միջոցով հնարավոր կլինի, օրինակ, այդ դեպքում անչափահասի նկատմամբ վերահսկողություն իրականացնել: Իսկ ընդհանրապես որևէ օրենքով ամրագրված չէ, թե անձի՝ հիմնարկից դուրս գալուց հետո նրա նկատմամբ վերահսկողությունն ինչպես պետք է իրականացվի: Պետք է ջանքեր գործադրեն և արդարադատության նախարարությունը, և քրեակատարողական ծառայությունը, և համայնքային ծառայությունները, որ երկխոսության միջոցով կարողանանք հարցին որոշակի լուծում տալ»-,նշեց բանախոսը:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենտի պետ Անուշ Հայրումյանը մանրամասնեց, որ ԿԳՄՍ նախարարության հետ ակտիվ քննարկումներ են սկսվել հանրակրթությունը նաև 19 տարեկանից բարձր անձանց հասանելի դարձնելու ուղղությամբ: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: Նշված փոփոխություններով ակնկալվում է հանրակրթություն ստանալու օրենսդրական երաշխիքներ սահմանել նաև 19 տարեկանը լրացած դատապարտյալների և/կամ կալանավորված անձանց համար՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի իրացումը:

«Այդ նախագծերում հաշվի են առնվում ազատազրկված անձանց հանրակրթության իրականացման առանձնահատկությունները, քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները, անվտանգության ապահովումը, անձանց համատեղելիությունը, նրանց սոցիալ-հոգեբանական, կրթամշակութային կարիքները: Այս ամենն ուսումնասիրելով է, որ որոշվել է նշված օրենքներում փոփոխություններ կատարել»,-մանրամասնեց Ա. Հայրումյանը:

Նշենք, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում հանրակրթական ընդհանուր պետական ծրագիրն իրականացնում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից: Կրթական գործընթացի առանձնահատկությունները ներկայացրեց ՊՈԱԿ-ի հանրակրթության գծով ուսումնական աշխատանքների մասնագետ Էսթերա Թադևոսյանը.

«Կրթական պրոցեսը սկսվում է ազատազրկված անձի դիմումի համաձայն և այն հիմնարկներում, որտեղ կան մինչև 19 տարեկան անձինք: Մինչ այս պահը ծրագիրն իրականացրել ենք «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում: Ընդգրկվել է 20 անձ: Այժմ «Աբովյան» ՔԿՀ-ում կրթությունն իրականացնում ենք դպրոցի շենքում: Մնացած հիմնարկներում կան ուսումնական սենյակներ: Ավագ դպրոցն արհեստագործական հոսքով է, ուսումնասիրվում է «Խեցեգործություն» առարկան, որը նրանց օգնում է զարգանալ: 2020-2021 ուսումնական տարում 3 շրջանավարտ ենք ունեցել: 1 հոգին ավարտել է 9-րդ դասարանը՝ ստանալով հիմնական կրթության վկայական: 2 հոգի ավարտել են 12-րդ դասարանը՝ ստանալով միջնակարգ կրթության ատեստատ: Ներկայումս ունենք 7 աշակերտ: 1-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, սովորում է 12-րդ դասարանում: Մնացած 7-ը գտնվում են «Աբովյան» ՔԿՀ-ում: Նրանք այն երեխաներն են, որ մինչև ազատազրկվելը դուրս են մնացել հանրակրթությունից, չեն հաճախել դպրոց, ունեն թերի կրթություն: Մեր ծրագիրն օգնում է, որ ազատազրկման ընթացքում նրանք ներգրավվեն հանրակրթության մեջ, և մի փոքր շեղվեն այն միջավայրից, որտեղ հայտնվել են: Այդ երեխաներն իրենց հոգեբանական վիճակով տարբերվում են հանրակրթական դպրոցների հասակակից երեխաներից: Նրանց հետ աշխատելը բարդ է»:

ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Խաչատրյանը կարևորեց այն հանգամանքը, որ նման քննարկումների միջոցով ազատազրկված անձանց հանրակրթության խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում է պահվում, ինչը միանշանակորեն օգնում է գործընթացի բարելավմանը:

«Այս երեխաները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ են: Նրանց նկատմամբ հատուկ մոտեցման կարիք կա: Մենք սերտորեն համագործակցում ենք քրեակատարողական հիմնարկների և ծառայության հետ: Ինչ վերաբերում է ուսուցչական կազմին, ապա ընտրություն կատարելիս կարևորում ենք նրանց ոչ միայն մասնագիտական, այլև այս ոլորտում աշխատելու պատրաստվածությունը: Նրանց հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումներ ենք անցկացնում, քանի որ այս համակարգում աշխատող ուսուցիչը պետք է տիրապետի այլընտրաքային ուսուցման մեթոդներին և աշակերտների տարիքային առանձնահատկություններին, ունենա հոգեբանական խորքային գիտելիքներ,»,-նշեց Ա. Խաչատրյանը:

Նա ավելացրեց, որ այն դեպքում, երբ անձը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, ՊՈԱԿ-ը կամ հիմնարկը միջամտելու իրավասություն չունեն: Այս պարագայում կարևոր է և ԿԳՄՍ նախարարության, և Միասնական սոցիալական ծառայության ներգրավվածությունը: Նրա կարծիքով քրեակատարողական հիմնարկներից դուրս եկած անձանց նկատմամբ հնարավոր կլինի պատշաճ վերահսկողութուն ապահովել և ուղղորդել դեպի հանրակրթություն, եթե սոցիալական, կրթական, հասարակական կառույցների և արդարադատության նախարարության միջև ձևավորվի համագործակցային սերտ ցանց.

«Եթե հիմնարկց դուրս գալուց հետո երեխան տեղափոխվում է հանրակրթական դպրոց, մենք նրա  վերաբերյալ տվյալները փոխանցում ենք տվյալ դպրոցին: Սակայն լինում են դեպքեր, երբ երեխան մեր տեսադաշտից անհետանում է: Երեխայի վերաբերյալ կոնտակտներ մենք չունենք: Նաև մեր լիազորությունների մեջ չի մտնում ծնողի հետ կապ հաստատել: Մենք ինքներս էլ որպես մասնագետներ ցավ ենք ապրում, քանի որ ջանքեր ենք գործադրում, որպեսզի երեխան վերաինտեգրվի, բայց չենք կարողանում հետևել, թե ինչ եղավ նրա ճակատագիրը»:

Հանրակրթություն ստացած ազատազրկված անչափահասների շրջանում կրկնահանցագործությունների վերաբերյալ վիճակագրություն չի վարվում: Մինչդեռ դա կարող էր այդ ծրագրի արդյունավետության ցուցիչը լինել:

Այս համատեքստում Ա. Խաչատրյանը նշեց, որ ՊՈԱԿ-ի ծրագրին մասնակցած աշակերտների շրջանում քրեակատարողական հիմնարկ հետ վերադառնալու դեպքեր չեն արձանագրվել բացառությամբ 1-2 դեպքի, ինչը կապված է եղել դատարանի կողմից խափանման միջոցի փոփոխման հետ:

Բանախոսները համակարծիք էին այն հարցում, որ ազատազրկված անձանց հանրակրթության կազմակերպման հարցում առկա խնդիրների լուծումը կարևոր է, քանի որ այն նպաստում է նրանց կրթության իրավունքի պատշաճ իրացմանը: Բացի այդ, ներդրված ջանքերը պետք է միտված լինեն անձի վերասոցիալականացմանը:

 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021 թվականի հունիսից իրականացնում է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:

Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիսներ են կազմակերպվել, որոնք նպաստում են, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

Քննարկումը կազմակերպվել է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.