Skip to content Skip to sidebar Skip to footer

«Մասնագիտական ուսուցման դասընթացները քրեակատարողական հիմնարկներում». Քննարկման ամփոփում

2022 թվականի հունվարի 27-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Մասնագիտական ուսուցման դասընթացները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկում:

Բանախոսներն էին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը և Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության Աշխատանքային ներուժի զարգացման և մասնագիտական կողմնորոշման բաժնի պետ Արտակ Կարապետյանը:

 

 

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչև 6 ամիս, և որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել են զբաղվածության տարածքային կենտրոններում, իրավունք ունեն ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրերում:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը նշված դատապարտյալներին տեղեկացնում է մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորության մասին և ներկայացնում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը: Ընդգրկվելու ցանկություն հայտնելու դեպքում դատապարտյալների տվյալները փոխանցվում են զբաղվածության պետական գործակալությանը, ներկայումս՝ Միասնական սոցիալական ծառայություն:

Մասնագիտական ուսուցումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով ընտրված կազմակերպության կողմից և այն մասնագիտությունների գծով, որոնք կարճաժամկետ դասընթացներ են ենթադրում:

Սահմանված ընթացակարգի համաձայն՝ զբաղվածության պետական գործակալությունը (Միասնական սոցիալական ծառայություն) կազմակերպել է մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը մի քանի մասնագիտությունների գծով: Սակայն նշված շահառուների մասնագիտական ուսուցումը տվյալ ժամանակահատվածում չի իրականացվել, քանի որ գնման գործընթացին ուսուցման ծառայություններ մատուցող որևէ կազմակերպություն չի մասնակցել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դեռևս 2019 թվականին համապատասխան առաջարկություն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ առաջարկելով սահմանել ուսուցման կազմակերպման այլ ընթացակարգ, ինչը, նախարարության փոխանցմամբ, դեռևս քննարկման փուլում է:

«Սա պատժի կրման ավարտին մինչև 6 ամիս մնացած դատապարտյալների մասնագիտացումը կազմակերպելու՝ պետությանը վերապահված լծակն է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: Մեր կազմակերպությունը հարցի նկատմամբ հետևողական է 2018թ.-ից: Մեր հարցումներին այն ժամանակվա զբաղվածության պետական գործակալությունից պատասխանել էին, որ այս գործընթացով դատապարտյալների մասնագիտական դասընթացներ կազմակերպելը չի ստացվում: Նախկինում զբաղվածության պետական գործակալությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով պետք է կազմակերպեր այդ անձանց դասընթացները, սակայն այդ դասընթացները կազմակերպող կազմակերպություններ չէին դիմել»,-նշեց Նարե Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ ունեն թվային տվյալներ, թե որ ՔԿՀ-ից քանի դատապարտյալ է ցանկություն հայտնել մասնակցելու նման դասընթացների, կար նաև մասնագիտացումների ցանկը, օրինակ՝ հաշվապահ, կոշկակար, դիմահարդար, խառատ, կահույքագործ և այլն:

«Մենք տարբեր փորձագետների հետ խոսել ենք՝ փորձելով հասկանալ, թե ինչու կազմակերպությունները շահագրգռված չեն դիմելու դասընթացները կազմակերպելու համար: Հնարավոր պատճառն այն է, որ շատ կառույցներ խուսափում են այդ դասընթացները կազմակերպել ՔԿՀ-երում, որովհետև նրանք դատապարտյալների հետ պետք է աշխատեն հենց ՔԿՀ-ում: Նաև «Գնումների մասին» օրենքով դիմելը կարող է դժվարություններ առաջացնել: Կարող են նաև ընթացակարգային խնդիրներ լինել, օրինակ, այդ կառույցը պետք է դասընթացը կազմակերպի պատժի կրման ավարտին մինչև 6 ամիս մնացած դատապարտյալների հետ: Մինչդեռ մինչև մրցույթ հայտարարվի, մինչև կազմակերպությունները դիմեն, մինչև հասնի դասընթացի մեկնարկի փուլը, հնարավոր է՝ շատ դատապարտյալներ հիմնարկից դուրս եկած լինեն:

Բացի այդ, հնարավոր է՝ տվյալ մասնագիտացումը ստանալ ցանկացող դատապարտյալները լինեն տարբեր հիմնարկներում, օրինակ` «Գորիս», «Վանաձոր», որոնք տեղակայման առումով հեռու են: Մի կազմակերպության համար դժվար կլինի կազմակերպչական հարցերը համակարգելը»,-նշեց Նարե Հովհաննիսյանը:

Հավելեց, որ 2019թ.-ին այն ժամանակ զբաղվածության գործակալությունից փոխանցել են, թե իրենք էլ արձանագրել են, որ սովորական ընթացակարգով հնարավոր չէ կազմակերպել մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը: Դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որ այլ տարբերակ քննարկվի:

Կազմակերպության նախագահի ձևակերպմամբ՝ մի շրջան գործընթացը առաջ չէր գնում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ու պատերազմի, ինչպես նաև զբաղվածության պետական գործակալության փակման հետ կապված հարցերի պատճառով: Իսկ այժմ որևէ տեղեկություն չունեն խնդրից:

Նա նաև մատնանշեց համապատասխան գերատեսչությունների՝ արդարադատության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև երկխոսության բացը՝ շեշտելով, որ այդ դասընթացները միտված են դատապարտյալների զբաղվածության ապահովմանը:

Ավելացրեց, որ կազմակերպությունների՝ դատապարտյալների նկատմամբ ունեցած խտրական և կարծրատիպային վերաբերմունքը ևս կարող է պատճառ դառնալ, որ վերջիններս չցանկանան մասնակցել մրցույթին: Նրա կարծիքով՝ հենց այդ վերաբերմունքը հաշվի առնելով է, որ պետք է դիմելու ընթացակարգն այնպիսին դարձնել, որ խթանի պրոցեսը:    

ՀՀ ԱՆ ՔԿԾ ՍՀԻԱ բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը միշտ պատրաստ է մասնակցել բոլոր այն քննարկումներին, որոնք կօգնեն ծառայության առջև դրված խնդիրների լուծմանը:

Նրա խոսքով, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացմանը զուգահեռ լրացում է կատարվել նաև Քրեակատարողական օրենսգրքում, որի համաձայն՝ այն դատապարտյալները, ում պատիժը կրելուն մնացել է մինչև 6 ամիս, անհատապես և գրավոր կերպով իրազեկվում են զբաղվածության լիազոր մարմնի կողմից ուսումնական ծրագրերի մասին: Բոլոր ցանկացողների վերաբերյալ հավաքագրվում են տվյալներ, որոնք տրամադրվում են լիազոր մարմնին:

Բանախոսի համոզմամբ՝ այդ ժամանակահատվածն ամենաօպտիմալ ժամանակահատվածն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասընթացները պետք է կարճաժամկետ լինեն՝ 5 ամիս տևողությամբ, իսկ 1 ամիսը նախատեսված է կազմակերպչական աշխատանքների համար: Նպատակն այն է, որ դատապարտյալը ստանա որակավորում և դուրս գա հիմնարկից: Իսկ եթե, օրինակ, անձը դատապարտվել է 5 տարի ազատազրկման, նպատակահարմար չէ, որ պատժի կրման 1-ին տարում 5 ամիս դասընթացի մասնակցի, և 4 տարի հետո ազատվի: 

Սակայն հավելեց, որ համամիտ է այն մտահոգության հետ, որ 6 ամիս ժամանակահատվածը խնդրահարույց է, քանի որ անձը ցանկացած պահի կարող է վաղաժամկետ ազատվել.

«Սա կարող ենք և որպես խնդիր դիտել, և հակառակ ուղղությամբ նայել: Եթե անձն անգամ վաղաժամկետ ազատվի, հնարավորություն կունենանք այդ անձի կրթությունը պրոբացիայի ծառայությունում շարունակել: Սա ընթացակարգային հարց է, որը դեռ պետք է քննարկվի: Բայց մինչ այդ գործընթացը պետք է սկսվի նաև Պրոբացիայի ծառայությունում, որպեսզի հենց անձն ազատվի, այն տարածքում, որտեղ նրա նկատմամբ Պրոբացիայի ծառայության կողմից վերահսկողություն է իրականացվում, շարունակի իր կրթությունը: Այսինքն՝ գործընթացը զուգահեռաբար պետք է իրականացվի»:

Նա ներկայացրեց, որ այս շրջանակներում քրեակատարողական ծառայությունն իր գործառույթները կատարում է: Բոլոր դատապարտյալներին ծանուցել է և համապատասխան տվյալները տրամադրել է լիազոր մարմնին: Սակայն որևէ կազմակերպություն չի ցանկացել մասնակցել մրցույթին՝ քրեակատարողական հիմնարկում մասնագիտական կրթական ծրագրեր անցկացնելու համար: Ավելացրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հիմնարկներում եղել են մուտքի և ելքի սահմանափակումներ: Հետևաբար խնդիրը մնացել է չլուծված, իսկ իրենք էլ հայտնվել են փակուղում:

Առաջարկեց կազմակերպությունների՝ մրցույթին դիմելու գործընթացը հեշտացնելու համար որոշ արտոնություններ սահմանել, օրինակ, այդ կազմակերպությունների հարկային բեռը թեթևացնել կամ այլ խթաններ ստեղծել, որ շահավետ լինի:

Հովհ. Մարգարյանը հավաստեց, որ կրթության դերը բավականին մեծ է, քանի որ համարվում է ուղղման կարևոր բաղադրատարրերից մեկը: Վերջինիս արդյունավետ կազմակերպումը նպաստում է դատապարտյալների հետ տարվող աշխատանքների արդյունավետությանը:

«Դասընթացին մասնակցելու ցանկությունը երկու տեսանկյունից պետք է դիտարկել. ցանկանում է գիտելի՞ք ստանալ, թե՞ պարզապես ցանկանում է մասնակցություն ապահովել: Մենք նաև այդ վերահսկողությունն ենք կատարում, որպեսզի տվյալ դատապարտյալը մասնակցի տվյալ դասընթացի բոլոր դասաժամերին: Արդեն իսկ խրախուսելի է այն, որ դատապարտյալն ընդգրկվում է կրթական ծրագրում: Դա հաշվի է առնվում պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ: Այսինքն՝ խրախուսական նորմ է, քանի որ դատապարտյալը գիտակցում է, որ եթե մասնակցում է կրթությանը, առավել ևս, եթե ստանում է հավաստագիր կամ մասնագիտական որակավորում, դա գնահատվում է»,-ամփոփեց բանախոսը:

Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության Աշխատանքային ներուժի զարգացման և մասնագիտական կողմնորոշման բաժնի պետ Արտակ Կարապետյանը մանրամասնեց գործընթացը: Նշեց, որ զբաղվածության պետական գործակալության գործունեությունը դադարեցվել է, 2021 թվականի մարտի 17-ին ընդունվել է համապատասխան որոշումը, ապրիլի 1-ից դադարեցվել է: Իր գործառույթները՝ որպես իրավահաջորդի փոխանցվել են Միասնական սոցիալական ծառայությանը:

Ճիշտ է, պետական ծրագրերը շարունակվում են, սակայն 2022 թվականից նոր քաղաքական ուղենիշ է որդեգրվել, որի համաձայն փոփոխություններ պետք է լինեն ծառայության բոլոր ծրագրերում, այդ թվում՝ ուսուցման: Թիրախային նշանակություն ունեն հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական բլոկի խնդիրները, որպեսզի ծրագրերն ունենան սոցիալական ուղղվածություն: Հետևաբար նոր կարգ պետք է մշակվի: Հայտնեց, որ այս համատեքստում պատրաստ են առաջիկայում քննարկումներ ունենալ գործընկերների հետ:

Վստահեցրեց՝ ոչ թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է խոչընդոտներ ստեղծում, այլ՝ ընթացակարգերը: Մյուս կողմից էլ գնումների գործընթացում փոփոխություն կատարելը դժվար կլինի, քանի որ այդ ընթացակարգը համապատասխան օրենքով է կարգավորվում: Ավելին, այստեղ որոշակի գործառույթ ունի նաև ԿԳՄՍ նախարարությունը, քանի որ կազմակերպությունը մոդուլները ձեռք բերելուց հետո է մասնակցում մրցույթին: Պրոբացիայի հետ նույն գործընթացը կազմակերպելու դեպքում փոփոխություն պետք է կատարվի «Զբաղվածության մասին» օրենքում, ինչի շուրջ պատրաստ են համագործակցել քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների հետ:

Նա ևս հաստատեց այն մտահոգությունը, որ ընթացակարգերի բարդությանը զուգահեռ կազմակերպությունները խուսափում են աշխատել դատապարտյալների հետ: Սակայն հավաստիացրեց՝ եթե դիմողներ լինեին, իրենք ընթացակարգերի հարցը կփորձեին կարգավորել:

 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021 թվականի հունիսից իրականացնում է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:

Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիսներ են կազմակերպվել, որոնք նպաստում են, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացվում Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.