Skip to content Skip to sidebar Skip to footer

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի 2021թ. գործունեության ամփոփում

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ներկայացնում է 2021 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։

Այն ամփոփում է կազմակերպության իրականացրած ծրագրերը և դրանց արդյունքները, տարաբնույթ միջոցառումներին կազմակերպության մասնակցության, քրեակատարողական հիմնարկներում կատարած մշտադիտարկման և աշխատանքային խմբերում ներգրավվածության վերաբերյալ
տեղեկատվություն:

 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ:

Կազմակերպության նպատակներն են.

  • Նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը:
  • Խթանել մարդու իրավունքների ապահովման, իրացման և պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրականացումը:
  • Աջակցել մարդու իրավունքների ոլորտում պետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրագործմանը՝ տեղական և միջազգային մակարդակով ջատագովելու միջոցով։
  • Նպաստել օրենսդրության և դատաիրավական համակարգի կատարելագործմանը և զարգացմանը:

Կազմակերպության գործունեության առանցքում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն է: Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում ուսումնասիրվել են ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները, նրանց աշխատանքի և կրթության իրավունքի իրացման խոչընդոտները, քրեակատարողական համակարգում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորումները, գենդերային զգայուն քաղաքականության ներդրման կարևորությունը, իրավախախտում կատարած կանանց և անչափահասների հիմնախնդիրները:

2021 թվականին կազմակերպությունն ընդլայնել է գործընկերային ցանցը և դրամաշնորհներ է ստացել Հայաստանում կանանց հիմնադրամի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի կողմից։ Կազմակերպության բյուջեն 2021 թվականին կազմել է 16,430,730 ՀՀ դրամ:

Կազմակերպությունն ընդլայնել է նաև աշխատակազմը՝ ծրագրային գործողությունների իրականացման մեջ ներգրավելով հաղորդակցության և կայքի պատրաստման մասնագետների, լրագրողի, վարսահարդար և մատնահարդար դասընթացավարների, օպերատորների, լուսանկարչի, մոնտաժի մասնագետների, հարցազրուցավարների և հետազոտողների:

Հաշվետու ժամանակահատվածի հիմնական ձեռքբերումն այն է, որ կազմակերպությունն արդյունավետ ձևով համագործակցել է պետական կառույցների՝ ՀՀ արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության ու հիմնարկների և պրոբացիայի ծառայության հետ:

Բացի այդ, Կազմակերպությանը վստահում են ազատազրկված անձինք և ներկայացնում են իրենց արձանագրած խնդիրները: 2021 թվականին կազմակերպության շահառուների թիվը հասել է 34-ի՝ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված 16 անձ (10 տղամարդ և 6 կին), 7 ցմահ դատապարտյալ, 1 կալանավորված տղամարդ, պրոբացիայի 9 շահառու (7 կին և 2 տղամարդ), 1 նախկին ցմահ դատապարտյալ: Բացի այս, մեկնարկվել է նախկինում ազատազրկված անձանց կազմակերպությունում որպես անդամներ ներգրավելու գործընթացը:

Ուշագրավ է, որ էականորեն բարձրացել է կազմակերպության տեսանելիությունն ազատազրկված անձանց շրջանում: Հաշվետու տարում «Աբովյան», «Արմավիր», «Հրազդան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներից 11 ահազանգ է ստացվել, որոնք վերաբերել են ազատազրկված անձանց առողջական վիճակին, քրեական գործի ընթացքի հետ կապված բողոքներին, վարձատրվող աշխատանքներում ներգրավվելուն, պայմանական վաղաժամկետ ազատվելուն, ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխությանը և «Հրազդան» ՔԿՀ-ի փակման հետևանքով առաջացած խնդիրներին:  

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը ևս ընդլայնվել է, ինչը կազմակերպությանը հնարավորություն է տվել ընդլայնել գործընկերային ցանցը, համատեղ ջատագովություն իրականացնել, ինչպես նաև ազատազրկված անձանց խնդիրները հասանելի դարձնել խոցելի խմբերի իրավունքներով զբաղվող կազմակերպություններին։

2021 թվականին էականորեն բարձրացել է նաև կազմակերպության տեսանելիությունը որպես ազատազրկված անձանց խնդիրներով զբաղվող կառույցի: Այս համատեքստում մի շարք կարևոր միջոցառումների և քննարկումների մասնակցելու հրավերներ են ստացվել տեղական և միջազգային կառույցների կողմից, որտեղ կազմակերպությունը բարձրաձայնել է քրեակատարողական ոլորտին առնչվող խնդիրները:

Հաշվետու տարում Կազմակերպության՝ որպես ազատազրկված անձանց խնդիրներով զբաղվող կառույցի տեսանելիությունը բարձրացել է նաև մեդիա դաշտում: Կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը հրավիրվել է մասնակցելու մի շարք հաղորդումների, հարցազրույցների և քննարկումների: Կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև քրեակատարողական համակարգի վերաբերյալ վերջինիս արձանագրած խնդիրները լուսաբանել են մի շարք լրատվամիջոցներ:

 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.