Skip to content Skip to sidebar Skip to footer

Դատապարտյալներով «այցելեցինք» թանգարան

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներիս ինքնագործ մշակութային միավորման եռամսյա ծրագրի 2-րդ փուլը հաջողությամբ մեկնարկեց։ Ծրագրի շրջանակներում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանն արձագանքեց մեր դիմում-նամակին։ Թանգարանի աշխատակիցները պատրաստել էին հետաքրքիր տեսանյութ և ուղարկել մեզ։

 

 

«Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանի թույլտվությամբ, հիմնարկի պետի տեղակալ Հրայր Անանյանի և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների աջակցությամբ այստեղ կայացավ հետաքրքիր միջոցառում։ Տարբեր մասնաշենքերից հիմնարկի մեծ գրադարանում հավաքվեցինք 14 դատապարտյալներով, որոնցից 11-ը՝ ցմահ ազատազրկվածներ։

Ի դեպ, առաջին անգամ էր, երբ մշակութային միավորման անդամներով հավաքվել էինք մեկ վայրում։ Շատերս իրար ճանաչում էինք, իսկ ովքեր ոչ՝ ծանաթացան։

Գրադարանավարը, ով նույնպես միավորման անդամ է, նախօրոք պատրաստել էր մեծ էկրանը։ Միավորման ղեկավարը բացման խոսքը փոխանցեց ինձ, ես էլ, ողջունելով բոլորին, ներկայացրեցի մեր եռամսյա ծրագիրը նրանց, ովքեր եկել էին այլ մասնաշենքերից կամ նոր էին անդամագրվել միավորմանը։

Հետո պատմեցի այն մասին, որ ամիսներ առաջ թանգարանի ղեկավարությունը, արձագանքելով մեր խնդրանքին, հիմնարկի գրադարանին նվիրաբերել է հիմնականում մշակույթին վերաբերող բազմաթիվ գրքեր, այժմ էլ դատապարտյալներիս համար պատրաստել է տեսանյութ։

Հետո հայտնվեց կախարդական կամուրջը, որը մեզ տեղափոխեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։ Փաստորեն, թանգարանը այցելեց բանտ…

Բոլորս կլանվել էինք՝ տեղափոխվելով Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Սայաթ Նովայի, Լեոնիդ Ենգիբարյանի, Պետրոս Ադամյանի, Ղազարոս Աղայանի, Կոմիտասի և հայկական մշակույթի այլ մեծանուն գործիչների աշխարհ։

Թանգարանն ընդգրկում է արվեստի 4 ճյուղի՝ գրականության, թատրոնի, կինոյի, երաժշտության ներկայացուցիչների ֆոնդերը, և ներկայացված է 1,5 միլիոն նյութ։

Ֆիլմի դիտումից հետո կիսվեցինք տպավորություններով։ Պատմեցի նաև այն մասին, որ Եղիշե Չարենցի ձեռքին դաջված է եղել իր կնոջ անունը, որ նա եղել է նաև կոմիսար՝ հատուկ հանձնարարություններ է կատարել… Մեր հայազգի ազատամիտ բանաստեղծը ստալինյան հալածանքների ժամանակ բանտարկվել է և դաժանագույն պայմաններում մահացել բանտում։ Նրա ստեղծագործություներից են բոլորիս մանկուց հայտնի «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում…», «Ամբոխները խելագարված», «Դանթեական առասպելը» և այլն։ Ցմահ դատապարտյալներից Աշոտը նույնպես ծանոթ էր Եղիշե Չարենցի կենսագրության մանրամասներին և պատմեց հետաքրքիր դրվագներ։

Մեր միավորման ծրագիրը շարունակվում է։ Սպասվում են տարբեր միջոցառումներ, հանդիպումներ մշակույթի՝ մեր ժամանակների հայտնի ներկայացուցիչների հետ։

 

Մհեր Ենոքյան

Փետրվարի 7, 2022 թվական

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.