2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց քննարկման հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ նման քննարկումների միջոցով է, որ շահագրգիռ կողմերը հնարավորություն են ունենում լսել միմյանց և հասնել խնդիրների լուծմանը:
Նա տեղեկացրեց, որ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը բազմաթիվ բողոքներ է ստանում ազատարզկված անձանցից, որ այն դեպքում, երբ միջոցառումները չեն կազմակերպվում կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ապա դրանք դատախազության կողմից չեն դիտարկվում որպես միջոցառում, հետևաբար հիմնարկը հիմք չի ունենում ազատազրկված անձի անձնական գործում նշելու, որ նա միջոցառման է մասնակցել:
Նաև բազմաթիվ են լինում դեպքերը, երբ դատախազության կողմից խրախուսանքները կասեցվում են այն հիմնավորմամբ, որ խրախուսանք տալու հիմքեր չկան:
Դատախազությունը կասեցնում է նաև մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները, և նոր միջնորդություն է ներկայացվում հարցը կրկին քննարկելու համար:
Քաղհասարակությանը մտահոգության տեղիք է տվել նաև վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերության պատրաստած «Դատապարտյալները չարաշահում են իրենց տրված աշխատելու հնարավորությունը» վերտառությամբ ռեպորտաժը, ըստ որի՝ այլ գործատուների մոտ աշխատանքի անցած՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից ոմանք կարող են ենթարկվել տույժի: Հնարավոր է՝ նրանց տեղափոխեն առավել խիստ մեկուսացվածության աստիճան ունեցող հիմնարկ կամ զրկեն հիմնարկի տարածքից դուրս գալու իրավունքից: Պատճառն աշխատանքային իրավահարաբերություններում բացահայտված խախտումներն են:
«Ո՞րն է խնդիրը, որ մեզ անհանգստացնում է և դարձել է այսօրվա քննարկման առիթը: Արդարադատության նախարարությունը որդեգրել է վերասոցիալականացման քաղաքականության անցնելու սկզբունքը, ինչը ենթադրում է ազատազրկված անձանց ավելի շատ խրախուսել, նրանց բաց ռեժիմ տեղափոխել, կրթության և աշխատանքի հնարավորություններն ընդլայնել: Այս համատեքստում կարիք կա, որ դատախազության մոտեցման վերաբերյալ առավել հիմնավոր փաստարկներ լսենք, որպեսզի նաև փորձենք հասկանալ՝ արդյո՞ք 2 գերատեսչություններն այդ նույն վերասոցիալականացման տրամաբանության մեջ են գործում, թե՞՝ ոչ»,-նշեց Ն. Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ դատախազությունը փաստարկված հիմնավորումներ կներկայացնի:
Բանախոսի դիտարկմամբ՝ քննարկումից որոշակի ազդակներ պետք է ստանան նաև արդարադատության նախարարությունը կամ քրեակատարողական ծառայությունը, քանի որ խնդիրներից շատերի հասցեատերը ոչ թե դատախազությունն է, այլ նշված կառույցները: Հետևաբար նշված կառույցների մասնակցությունը քննարկմանը ցանկալի էր:
Օրինակ, կրթական ծրագրերում կամ աշխատանքներում ներգրավվելու հնարավորությունները քրեակատարողական հիմնարկներում շատ չեն: Առկա հնարավորությունները միայն տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներն են, որոնցում ներգրավվելուն խոչընդոտում է նաև քրեական ենթամշակույթի գործոնը: Ըստ բանախոսի՝ ընդհանուր միտումն այն է, որ լավ տղան չի աշխատում, առավել ևս չի կատարում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքները: Այդ հնարավորությունները պետք է ստեղծվեն և ընդլայնվեն հիմնարկների կողմից:
Ինչ վերաբերում է բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին, բանախոսը չբացառեց, որ հնարավոր է խախտումներ կամ չարաշահումներ թույլ տրված լինեն:
«Այս դեպքում մեր մտահոգությունն այն է, որ բաց ռեժիմում պատիժ կրող դատապարտյալների համար վերասոցիալականացման ծրագիր առկա չէ: Այդ ռեժիմում պատիժ կրող դատապարտյալը պետությունից աջակցություն չի ստանում: Իր աշխատանքի հարցը կազմակերպելու հարցում մենակ է մնում: Չենք բացառում, որ նրանք կարող են գրանցվել 1 գործատուի մոտ, բայց փաստացի աշխատել 1 այլ գործատուի մոտ: Կամ միգուցե աշխատանքի ներկայանալու հարցում խնդիրներ են լինում: Մենք կասկածի տակ չենք դնում, որ պետք է պատշաճ վերահսկողություն լինի: Մեր մտահոգությունն այն է, որ աջակցության և վերասոցիալականացման հստակ մեխանիզմ պետք է լինի: Եվ դա երբեք չպետք է թողնել դատապարտյալի ուսերին: Փորձը ցույց տվեց՝ եթե դա ամբողջությամբ անձի տնօրինությանն ենք թողնում, անխուսափելի են դառնում հնարավոր չարաշահումները կամ խախտումները»-մանրամասնեց Ն. Հովհաննիսյանը՝ ողջունելով այն փաստը, որ խնդիրը կարգավորելու համար դատախազությունն օրենսդրական առաջարկությամբ է հանդես եկել:
Հավելեց, որ որպես քաղհասարակության ներկայացուցիչներ՝ հետաքրքրված են այդ նախաձեռնություններով, կարող են նաև առաջարկություններ կամ դիտարկումներ ներկայացնել: Դա կնպաստի, որ պրոցեսը հնարավորինս մասնակցային լինի, իսկ քաղհասարակության կարծիքը՝ լսելի:
Անդրադառնալով տույժերին և խրախուսանքներին՝ բանախոսը ներկայացրեց թվային վիճակագրությունը: 2021 թվականին ազատազրկված անձանց նկատմամբ կիրառվել են 17 խրախուսանք և 1827 տույժ:
«Եթե ուսումնասիրենք տույժերը, կտեսնենք, որ ավելի շատ տույժի են ենթարկվել արգելված իրեր, մասնավորապես հեռախոս ունենալու համար: Պետք է հասկանանք, որ ուղղման գործընթացը համատեղ ենք տապալում: Եթե անձն օրվա գերակշիռ մասն առանց զբաղմունքի է անցկացնում քրեակատարողական հիմնարկում, ապա նա այդ արգելված միջոցին դիմում է՝ կամ ընտանիքի հետ կապը պահելու համար, կամ նոր հանցագործություն կատարելու համար: Մենք ունենք նաև հարցի մյուս կողմը: Խրախուսանք տալու հիմքերն օրենսդրությամբ հստակ չեն: Օրինակ, եթե հիմնարկը չունի կրթական ծրագրեր կամ աշխատանքի հնարավորություն, սակայն անձը բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում աշխատանքին և կրթությանը, դա արդյո՞ք նշանակում է, որ հիմնարկը նրան կարող է խրախուսանքի արժանացնել»,-ամփոփեց Ն. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ նման քննարկումներ շատ պիտի լինեն, շահագրգիռ կողմերը միմյանց շատ պիտի լսեն, փոխադարձ ազդակներ ստանան: Խնդիրները համակարգային են, և դրանց լուծումը համալիր մոտեցում է պահանջում: Իսկ նման քննարկումներն օգնում են, որպեսզի կողմերն իրենց փաստարկներն ու հիմնավորումները ներկայացնեն:
Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով քննարկում:
Բանախոսներն էին ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Չարխիֆալակյանը, նույն վարչության դատախազ Արայիկ Բրուտյանը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և «Հանուն ազատության» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Բաբկեն Ղարդյանը:
Քննարկմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, սակայն հրավերները չեն հաստատվել: