2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով քննարկում:
Փաստաբան, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանն անդրադարձավ խրախուսանքների տրամադրման և ուղղիչ հիմնարկի փոփոխման օրենսդրական երաշխիքներին և դատախազության կողմից դրանց կասեցման իրավական հիմքերին:
Դատապարտյալը կարող է խրախուսվել, երբ դրսևորել է դրական վարքագիծ, նաև կրթական և մշակութային միջոցառումներին է ակտիվություն ցուցաբերել: Այսինքն՝ դրական վարքագիծն ինքնին խրախուսելի է: Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում կա հստակ բալային համակարգ, որը մի շարք բաղադրիչներ է ներառում՝ կրթական միջոցառումներին մասնակցություն, աշխատանքի մեջ ներգրավվածություն, ենթամշակույթին հարել-չհարելու հարցը և այլն: Եթե ըստ այդ բալային սանդղակի շատ միավորներ է հավաքում, ուրեմն դրական վարքագիծն առկա է: Պայմանական վաղաժամկետ ազատումը դատապարտյալի՝ դրական վարքագծի գնահատման ամենաբարձր սանդղակն է: Ռեժիմի փոփոխության կամ խրախուսանքի տրամադրման դեպքում դրական վարքագծի գնահատման սանդղակն ավելի ցածր կարող է լինել: Ռ. Ռևազյանի գնահատմամբ՝ դատախազության կողմից սա շատ հաճախ չարաշահվում է, նշում են, որ օրինապահ վարքագիծը դատապարտյալի պարտականությունն է:
Բանախոսը ներկայացրեց ազատազրկված անձանց տրամադրված խրախուսանքների և տույժերի վիճակագրությունը: 2019 թվականին մոտ 90 խրախուսանք է տրվել, իսկ տույժերի թիվն անցել է 2000-ից՝ մոտ 40-50 անգամ գերազանցելով խրախուսանքներին: Այդ 90 խրախուսանքներից 40-ը դատախազությունը նախ կասեցրել է, այնուհետև դրանք վերանայելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել: Բացառությամբ մի քանիսի՝ դատախազության բոլոր միջնորդությունները բավարարվել են, ավելին՝ հարուցվել են ծառայողական քննություններ:
2021 թվականի վիճակագրությունը հետևյալն է՝ 1827 տույժ և 17 խրախուսանք: Տույժերի թիվն ավելի քան 100 անգամ գերազանցել է խրախուսանքներին: Ընդ որում, 1827 տույժից էլ է դատախազությունը 1-ը կասեցրել, 17 խրախուսանքից էլ: Տոկոսային հարաբերության հսկայական շեղում է տալիս:
«Սա այն բանի արդյունքն է, որ դատախազությունը հիմնարկի տված ամեն խրախուսանք միկրոսկոպի զննության տակ է դնում և ծառայողական քննություններ է հարուցում, որպեսզի այդ խրախուսանքներ չլինեն»,-նշեց Ռ. Ռևազյանը՝ մանրամասնելով, որ դատախազությունը կարող է խրախուսանքները կասեցնել միայն այն դեպքում, երբ չկասեցնելը կարող է հանգեցնել ծանր հետևանքի:
«Երբ 2019 թվականին դատախազությունը մի քանի խրախուսանք կասեցրեց, որպես ծանր հետևանքի հնարավոր հանգեցում՝ դատախազությունը նշել էր, որ եթե խրախուսանքը հիմա չկասեցվի, դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, կատարել նոր հանցագործություն: Դա հիմնավորել էր որպես որպես ծանր հետևանք: Նախ, դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը որևէ կերպ ծանր հետևանք գնահատել չի կարելի, երկրորդը՝ եթե նույնիսկ տեսականորեն դա համարենք ծանր հետևանք, դատապարտյալը 1 օրում ազատ չի արձակվում: Դրա համար գործընթաց է լինում, նյութեր են նախապատրաստվում, պրոբացիան և քրեակատարողական ծառայությունը զեկույցներ են տրամադրում, հետո գործը դատարան է գնում: Այդ գործընթացը երկար ամիսներ է տևում, իսկ խրախուսանքի կասեցման պրոցեսը 1-2 ամիս է տևում: Այսինքն՝ այդ հիմնավորումը որևէ կերպ քննություն չբռնեց»-փաստեց Ռ. Ռևազյանը:
Ինչ վերաբերում է, ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխությանը, ապա դատախազությունը կասեցնում է քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները՝ պատճառաբանելով, որ հանձնաժողովը դատապարտյալի գործը լավ չի ուսումնասիրել, տվյալ դատապարտյալը կարգապահական տույժ ունի և այլն:
2019 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 14 անձի՝ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ որոշումները կասեցվել են այն դեպքում, երբ նրանք ունեին որոշակի դրական վարքագիծ:
Կան դեպքեր, երբ քրեակատարողական ծառայությունը, քննելով դատախազության միջնորդությունը, որոշումը նույնը թողնելու մասին որոշում է կայացրել, այսինքն՝ գտել է, որ ինքը ճիշտ է վարվել: Սակայն դրանից հետո դատախազությունը հանձնաժողովի որոշումները կրկին անգամ կասեցրել է և դիմել է՝ վերանայման համար: Դեպքեր կան, որ դատախազությունը նույնիսկ չի հիմնավորել կասեցնելու անհրաժեշտությունը, այնինչ պարտավոր էր հիմնավորել:
«Այստեղ օրենսդրական մի քանի խնդիրներ կան: Նախ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի վերաբերյալ հասկացություն գոյություն ունի: Եթե անձի վերաբերյալ գործ է քննվում, և դա կարող է իր համար բացասական հետևանք առաջացնել, այդ անձը պետք է բացատրություններ տալու, այդ գործընթացին մասնակից լինելու և իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ունենա: Կասեցման հետևանքով ի՞նչ կարող է լինել: Օրինակ, եթե անձը տեղափոխվել է բաց ուղղիչ հիմնարկ, այդ որոշումը կասեցնում են, ապա անձը հետ է գնում կիսափակ հիմնարկ: Այսինքն՝ դա ուղղակիորեն ազդեցություն գործեց: Հարցն այն չէ, թե հանձնաժողը հետո ինչ որոշում կկայացնի, այլ այն է, որ որևէ գործընթացում դատապարտյալները որևէ կերպ մասնակցություն չեն ունենում: Շատ մեծ խնդիր է նաև այն, որ դատախազության համար որևէ ժամկետային սահմանափակում չկա: Դատախազությունը տեսականորեն կարող է նույնիսկ 10 տարի առաջվա խրախուսանքը կամ որևէ այլ որոշում կասեցնել: Դա հակասահմանադրական գործընթաց է և հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Վիճարկելու կամ վերանայելու համար պետք է լինեն հստակ ժամկետներ, որպեսզի անձը հասկանա, որ իր իրավունքի իրացման վերաբերյալ տվյալ որոշումն այլևս վիճարկելի չէ: Հաջորդ խնդիրն իրավական որոշակիությանն է առնչվում: Դատախազությունը կարող է մի քանի անգամ կասեցնել տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը: Սա նաև անմարդկային վերաբերմունք է, ինչի վերաբերյալ եվրոպական դատարանը նախադեպեր ունի, ըստ որի՝ հիմնարկներում հաճախակի տեղափոխումը՝ անկախ հանգամանքից և դրա հիմնավորումից, անմարդկային վերաբերմունք է»-մանրամասնեց բանախոսը:
Դատախազությունը՝ որպես չեզոք մարմին, պետք է իրավունքի խախտումներ բացահայտի նաև հօգուտ դատապարտյալի: Այս համատեքստում բանախոսը ցանկացավ տեղեկանալ հետևյալի մասին.
«Երբ, օրինակ, տվյալ դատապարտյալը բոլոր առումներով դրական է բնութագրվում, սակայն խրախուսանք չունի, եղել են դեպքեր, որ դատախազությունը դիմի հիմնարկին՝ առաջարկելով խրախուսանքի արժանացնել նման դատապարտյալներին: Դատախազությունը քանի՞ միջնորդություն է ներկայացրել, որ դատապարտյալին խրախուսեն: Արդյո՞ք դատախազությունը ծառայողական քննություն է հարուցել նրա համար, որ դատապարտյալին չեն խրախուսել, այնինչ պետք է խրախուսեին: Ծառայողական քննություն չեն իրականացնում չխրախուսելու համար, բայց եթե խրախուսեն, ծառայողական քննություն կհարուցեն: Նույնը վերաբերում է նաև ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելուն: Եթե դատախազությունը տեսնում է, որ անձը բավարարում է չափանիշներին, սակայն տեղաբաշխման հանձնաժողովը հիմնարկի տեսակը չի փոխել հօգուտ դատապարտյալի, արդյո՞ք դատախազությունը դիմել է տեղաբաշխման հանձնաժողովին՝ նշելով, որ այդ դատապարտյալի դիմումը պետք է բավարարվեր, և նա պետք է տեղափոխվեր մեկուսացվածության առավել մեղմ պայմաններ ունեցող ուղղիչ հիմնարկ: Եթե կա նման վիճակագրություն, ես կառաջարկեմ ներկայացնել: Մոտ 15 է, ինչ սերտորեն աշխատում եմ քրեակատարողական հիմնարկների հետ, ես չեմ տեսել, որ դատախազությունը նման հարցերով կամ միջնորդի, կամ ծառայողական քննություն իրականացնի»:
Բանախոսի դիտարկմամբ՝ որոշ հարցեր պետք է անպայմանորեն քննարկման առարկա դառնան:
Օրինակ, ռեժիմը փոխելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագիրը տեղաբաշխման հանձնաժողովը կամ պետք է բավարարի, կամ պետք է մերժի: Ռ. Ռևազյանը հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն այն մասին, թե տեղաբաշխման հանձնաժողովի կողմից քանի միջնորդագիր է մերժվել ի վնաս դատապարտյալի, և դրանցից քանիսո՞վ է դատախազությունը արձանագրել, որ կա խախտում:
Կա 2 գործ, որով տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը կասեցնելու վերաբերյալ դատախազության որոշումը վիճարկվել է վարչական դատարան: Ըստ վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի՝ եթե վիճարկվող որոշման հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել, ապա այդ որոշումը համարվում է կասեցված: Հետևաբար դատախազության այդ որոշումները կասեցված են, ինչը ենթադրում է, որ տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը պետք է համարվի գործող: Այս դեպքում արդյո՞ք դատախազությունը նույն շտապողականությամբ դիմում է քրեակատարողական ծառայությանը, որպեսզի դատապարտյալին տեղափոխեն ավելի մեղծ տեսակի հիմնարկ:
Կամ՝ եթե անձը վատ վարքագիծ դրսևորի, բայց օգնի վարույթ իրականացնող մարմնին հանցագործությունը բացահայտելու գործում, տվյալ անձին խրախուսանք կտա՞ն: Մեկ այլ սցենար՝ եթե քրեակատարողական հիմնարկում հրդեհ լինի, և դատապարտյալը, որը վատ վարքագիծ է դրևորել, քրեակատարողական հիմնարկի ծառայակցի կյանքը փրկի, նրան կխրախուսե՞ն: Դատախազությունն ինչպե՞ս կարձագանքի այդ դեպքերին:
Սրանք հարցեր են, որոնք բանախոսի կարծիքով պետք է քննարկման առարկա դարձնել, քանի որ միայն այդկերպ հնարավոր կլինի հասկանալ՝ դատախազությունը գործում է օրենքով իր լիազորությունների շրջանակո՞ւմ, օբյեկիտի՞վ, թե՞՝ տարբերակված:
Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով քննարկում:
Բանախոսներն էին ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Չարխիֆալակյանը, նույն վարչության դատախազ Արայիկ Բրուտյանը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և «Հանուն ազատության» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Բաբկեն Ղարդյանը:
Քննարկմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, սակայն հրավերները չեն հաստատվել: