Skip to content Skip to sidebar Skip to footer

«Ինչո՞ւ է դատապարտյալների շրջանում թյուր կարծիք ձևավորվել, որ դատախազությունը պատժողական գործառույթ է իրականացնում». Բաբկեն Ղարդյան

2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով քննարկում:

Քննարկմանը մասնակցում էր նաև «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ի փոխնախագահ Բաբկեն Ղարդյանը:

 

 

Նա հույս հայտնեց, որ քննարկումն արդյունավետ կլինի, բայց նշեց, որ դատախազության հիմնավորումները լսելուց հետո իր մեջ կասկած առաջացավ՝ արդյո՞ք ինքն է եղել քրեակատարողական հիմնարկում:

«Ստատիստիկան մի բան է, բայց ռեալ կյանքում այնտեղ հայտնվել և այդ ճանապարհով անցնելն այլ երևույթ է: Ես բազմաթիվ անգամներ դիմել եմ քրեակատարողական հիմնարկին, որպեսզի նրանք աշխատանք տրամադրեն: Ունեմ նաև գրավոր պատասխաններ, որ աշխատանք չկա, և լինելու դեպքում կտրամադրվի: Իսկ ազատ հաստիքները միայն և միայն հավաքարարի հաստիքներն են: Դատապարտյալին մասնագիտորեն աշխատելու հնարավորություն չի տրվում: Հավաքարարի աշխատանքից բացի այլ աշխատանք չի տրամադրվում: Այդ պատճառով էլ հաստիքները համալրված չեն»-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է վերասոցիալականացմանը, ապա դա մի խնդիր է, որը քրեակատարողական հիմնարկը չի ապահովում: Քրեակատարողական հիմնարկը չի ապահովում նշված աշխատանքները և վերասոցիալականացումը, սակայն պահանջում է, որ դատապարտյալն աշխատի կամ վերասոցիալականացվի, որպեսզի խրախուսվի: Բանախոսի համոզմամբ՝ նախ պետք է տրամադրել, հետո նոր պահանջել:

Անդրադառնալով բաց ռեժիմին՝ Բ. Ղարդյանն ասաց, որ այդ ռեժիմում ինքը պատիժ է կրել: Աշխատանք գտնելը շատ բարդ է, քանի որ պետական կառույցները չեն օգնում: Բացի այդ, քրեակատարողական ծառայությունն այնպիսի չափորոշիչներ է սահմանում, որ գործատուները հրաժարվում են աշխատանքի ընդունելուց: Օրինակ, տոնական և ոչ աշխատանքային օրերին չեն աշխատում պետական հիմնարկները: Մնացած բոլոր գործատուները հիմնականում աշխատում են, և դա խնդիր է առաջացնում: Եթե դատապարտյալը ցանկանում է աշխատանքի ընդունվել, պահանջում են գոնե շաբաթ օրերին աշխատել:

Բանախոսի կարծիքով վերահսկողությունը պարտադիր է, բայց պետք է այնպես արվի, որ չխանգարի դատապարտյալի վերաինտեգրմանը: Գործատուն, որը դատապարտյալին աշխատանք է տալիս, պետք է ճնշումների տակ չհայտնվի:

«Գործատուն ասում է՝ ես կրակն ընկա՝ քեզ ընդունեցի աշխատանքի, հերիք չէ՝ աշխատանք եմ տալիս, մի հատ ես եմ հսկողության տակ ընկնում: Սա է պատճառը, որ դատապարտյալները գրանցվում են ծանոթ-բարեկամ գործատուների մոտ, բայց այլ տեղ են աշխատում, որովհետև իրական գործատուի պահանջներն ավելի շատ են, ինչի հետևանքով էլ լինում են այդ չարաշահումները: Ես կցանկանայի, որպեսզի դիտարկվեն այն խնդիրները, որոնց հետևանքով առաջանում են չարաշահումները: Մենք խոսում ենք խնդիրների մասին, բայց չենք խոսում այն մասին, թե ինչու են դրանք առաջանում»,-դիտարկեց Բ. Ղարդյանը:

Նա անդրադարձավ նաև աշխատանքի անցնելու բարդեցված ընթացակարգին: Օրինակ, քրեակատարողական ծառայությունը պահանջում է, որպեսզի գործատուն ստորագրի աշխատանքային պայմանագիրը, այն առանց ամսաթվի և դատապարտյալի ստորագրության ներկայացվի ծառայությանը, այնտեղ հաստատվի, և դատապարտյալն իրենց մոտ ստորագրի: Գործատուն էլ ասում է, որ դա օրենքի խախտում է:

«Ես բարձրաձայնում եմ խնդիրների մասին, որոնց վերաբերյալ կարելի է օրենսդրական փոփոխություններ կատարել, ինչը թույլ կտա դատապարտյալին ոչ թե պատժել, այլ կանգնեցնել ուղղման ճանապարհին: Բաց ռեժիմը մի ինստիտուտ է, որը դատապարտյալին ինտեգրում է հասարակությանը, սակայն մենք մի կողմից այդ հնարավորությունը տալիս ենք, մյուս կողմից՝ նրանից խլում դա: Ինտեգրման ճանապարհին դատապարտյալը բազմաթիվ խնդիրների է բախվում, որոնց լուծման համար աջակցություն չի ստանում: Բաց ռեժիմում պատիժ կրող դատապարտյալը կարող է միայն աշխատել: Վերասոցիալականացման որևէ այլ ծրագիր առկա չէ»,-ավելացրեց բանախոսը:

Նրան մտահոգում է նաև մեկ այլ հարց: Ինչո՞ւ է դատապարտյալների շրջանում այն թյուր կարծիքը տարածվել, որ դատախազությունը միայն պատժողական գործառույթ է իրականացնում: Երբ որևէ խնդիր էր լինում, հիմնարկում դատապարտյալին ասում էին՝ դատախազությունը կստուգի, մեզ պետք չեն ավելորդ պրոբլեմներ: Այսինքն՝ բոլորի մեջ տպավորված է, որ դատախազությունը որդեգրել է դատապարտյալներին պատժելու մեթոդաբանությունը: Միգուցե դատախազությունը քիչ է ներկայացնում կամ ճիշտ չէ ներկայացնում իմ գործունեությունը:

«Օրինակ, ես պատժի կրման ընթացքում առնչվել եմ տարբեր դատախազների հետ, երբ հանցագործությունների մասին հաղորդում եմ տվել: Ինձ հետ զրույցում դատախազներն այլ բան էին ասում, իսկ որպես դատախազության պաշտոնական կարծիք՝ այլ բան էր ասվում: Պայմանականան վաղաժամկետ ազատվելիս պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները դրական զեկույց են տալիս, իսկ դատախազությունը մեծամասամբ բողոքարկում է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դատախազությունը չի ցանկանում, որպեսզի այդ մարդն ուղղվի»,-ամփոփեց Բ. Ղարդյանը:

 

Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով քննարկում:

Բանախոսներն էին ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Չարխիֆալակյանը, նույն վարչության դատախազ Արայիկ Բրուտյանը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և «Հանուն ազատության» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Բաբկեն Ղարդյանը:

Քննարկմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, սակայն հրավերները չեն հաստատվել:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.