2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով քննարկում:
ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արայիկ Բրուտյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ նման քննարկումներն օգտակար են:
Բանախոսը նախ անդրադարձավ այն իրավական կարգավորումներին, որոնք վերաբերում են բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող և այլ գործատուների մոտ աշխատող դատապարտյալներին:
Նա նշեց, որ տոն կամ ոչ աշխատանքային օրերին որևէ քրեակատարողական հիմնարկից որևէ մարդ չի կարող տեղաշարժվել, քանի որ դա օրենքի պահանջն է:
Պայմանագրերի հետ կապված ևս քրեակատարողական հիմնարկն այլ կերպ չի կարող վերաբերվել: Եթե բաց ուղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալն այլ գործատուների հետ ցանկանում է աշխատանքային փոխհարաբերությունների մեջ մտնել, պահանջում են, որպեսզի նախ ներկայացվի պայմանագրի նախագիծը, ինչից հետո այն հավանության է արժանանում համապատասխան մարմնի կողմից, և հետո միայն թույլատրվում է կնքել:
Խնդիրն այն է, որ աշխատանքային օրենսդրության հետ համապատասխանության հարցը պետք է ստուգվի: Բացի այդ, կառավարության կողմից սահմանված աշխատանքներ կան, որ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին արգելվում է կատարել: Պետք է հավանության արժանացվի, հասկացվի՝ թույլատրելի աշխատանք է կատարվելու դատապարտյալի կողմից, թե՝ ոչ, և նոր միայն համապատասխան թույլտվություն տալուց հետո պայմանագիրը կնքվի: Աշխատանք կատարելու թույլտվությունն օրենսդրությամբ տալիս է հիմնարկի պետը: Դա օրենքի պահանջ է, և խնդիրը նաև դա է, որ պետք է թույլտվություն լինի:
Ար. Բրուտյանը խոսեց այն մասին, որ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող և այլ գործատուների մոտ աշխատող դատապարտյալների՝ աշխատանքի վայրում գտնվելու հանգամանքն ամիսը 2 անգամ ստուգելու վերաբերյալ քրեակատարողական պետի 2015 թվականի ցուցում կա, որը, սակայն, 2016 թվականից չի գործում: Այսինքն՝ 2016 թվականից այդ դատապարտյալների նկատմամբ ոչ միայն օրենսդրական, այլև փաստացի վերահսկողություն չի կատարվել:
Բանախոսը մանրամասնեց, որ դատախազությունը 2021 թվականին ստուգել է այդ դատապարտյալների՝ աշխատանքի այցելելու փաստը, և դրանցից բացահայտել է 6-7 խախտում:
Բացահայտված խախտումները տարաբնույթ են: Օրինակ, դատապարտյալները պայմանագիր են կնքել, բայց չեն աշխատում, կամ բացակայում են աշխատավայրից ինչպես ուզում են և երբ ցանկանում են:
Ինչ վերաբերում է իր կողմից հիմնված ԱՁ-ում աշխատելը որպես խախտում դիտարկելուն, ապա Ար. Բրուտյանը նշեց, որ դա օրենսդրության պահանջն է: Բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը պետք է այլ գործատուի մոտ աշխատի և ոչ թե սեփական գործն ունենա: Այլ գործատու ասելով օրենքն ի նկատի ունի ոչ թե իր, այլ ուրիշին պատկանող կազմակերպությունում աշխատելը:
«Աշխատանքը և աշխտանքի նկատմամբ հսկողությունը նույնպես համարվում են պատժի տարր: Դա պատիժը կրելու ամենաթույլ ռեժիմն է, կարելի է ասել՝ վերջնամասը, երբ դատապարտյալը պետք է վերաինտեգրվի հասարակությանը: Այդ պրոցեսը պետք է վերահսկողության տակ իրականացվի, որպեսզի հասկանանք, որ անձը լիարժեք կամ գոնե դրան մոտ վիճակում է վերադառնում հասարակություն: Հնարավոր չէ փաստացի ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն չիրականացնել: Հենց վերահսկողության բացակայությունն է հանգեցրել այն խախտումներին, որոնք բացահայտել է դատախազությունը»,-նշեց բանախոսը:
Այդ կապակցությամբ դատախազությունն օրենսդրական նախաձեռնության սկիզբ է դրել, որի նպատակն է որոշակիացնել բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող և այլ գործատուների մոտ աշխատող դատապարտյալների աշխատանքային գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Հստակ չափորոշիչներ են սահմանվել:
Բացի այդ, նշված նախաձեռնության շրջանակներում դատախազությունն առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց համար աշխատանք առաջարկող կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրել՝ գործատուներին խթանելու և շահագրգռելու համար:
Բանախոսն առարկեց այն պնդումներին, թե դատախազությունը տարբերակված կամ միակողմանի է աշխատում՝ նշելով, որ դատախազության համար վիճահարույց են այն դեպքերը, երբ քողարկված դրական վարքագիծ են դրսևորում: Իսկ երբ ռեալ դրական վարքագիծ են դրսևորում, դա դատախազության համար վիճահարույց չէ:
«Երբ դատախազությունը կասեցնում է որոշումները և դրանք ուղարկում է վերանայման, դրանց մի մասը փոփոխվում է, իսկ մի մասը չի փոփոխվում: Այսինքն՝ վերանայող մարմինը հասկանում է, որ մեր ներկայացրած դիտարկումները իրավաչափ են և հրաժարվում է իր նախկին որոշումից, իսկ այն դեպքերում, երբ որոշում է նախկին որոշումը թողնել գործողության մեջ, նշանակում է՝ մեր դիտարկումները չի ընդունում: Դա խոսում է այն մասին, որ որոշում կայացնող մարմինն ինքնուրույն է և կարողանում է մեր դիրքորոշումներին հակառակ դիրքորոշումներ հայտնել, ինչը հենց օրինականության մասին է խոսում»,-բացատրեց Ար. Բրուտյանը:
Նա նաև վստահեցրեց, որ դատախազություն իր լիազորությունների շրջանակներում է գործում: Օրինակ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունը ստուգում է վարչակազմի որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Հետևաբար խրախուսանք տրամադրելու միջնորդություն դատախազությունը չի կարող ներկայացնել, քանի որ նման լիազորություն չունի:
Բանախոսը նաև բնական է համարում այն, որ տույժերը և խրախուսանքները համաչափ չեն, քանի որ խոսքը հանցագործություն կատարած անձանց մասին է:
«2020 թվականին մենք կիրառված տույժը կասեցրել ենք, քանի որ փաստի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի կողմից նախապատրաստված նյութերը հիմնավոր չեն եղել: Անձամբ ես եմ վերացրել: Իմ ներքին համոզմունքն այն էր, որ անձն ունեցել է այդ արգելված իրը՝ հեռախոսը: Բայց հիմնարկը չէր կարողացել հիմնավորել: Հենց այդ չհիմնավորված հիմքով էլ ես վերացրել եմ կիրրառված միջոցը»,-պարզաբանեց դատախազը:
Ար. Բրուտյանն առաջարկեց խնդիրն ավելի խորքային դիտարկել: Օրինակ, դպրոցից սկսած ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործությունները կանխարգելելու համար: Բանախոսի համոզմամբ մեր հասարակությունում ավելի շատ բացթողումներ կան, քան թե այն փուլում, որը պատիժը կրելուն է վերաբերում:
Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց 2018 թվականին կայացված համաներման ակտի վրա՝ նշելով, որ դրանից հետո մեծ է քրեակատարողական հիմնարկներ վերադարձած անձանց տոկոսային հարաբերությունը:
«Մենք մոռացել ենք, որ գործ ունենք պատիժ կրող անձանց հետ, ովքեր իրենց էությամբ հակաիրավական վարքագիծ ունեն: Նրանց շատ քիչ տոկոսն է հրաժարվում հանցածին գործողություններից»,-իր խոսքն ամփոփեց բանախոսը:
Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով քննարկում:
Բանախոսներն էին ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Չարխիֆալակյանը, նույն վարչության դատախազ Արայիկ Բրուտյանը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և «Հանուն ազատության» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Բաբկեն Ղարդյանը:
Քննարկմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, սակայն հրավերները չեն հաստատվել: