Skip to content Skip to sidebar Skip to footer

«Դատախազության կողմից որոշումներ կասեցնելը կամ միջնորդություններ հարուցելն ինքնանպատակ չեն». Լևոն Չարխիֆալակյան

2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով քննարկում:

Քննարկման բանախոսներից էր ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Չարխիֆալակյանը:

Նա ներկայացրեց պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում դատախազության կատարած աշխատանքները:

 

 

2021 թվականի ընթացքում իր սահմանադրական լիազորությունների իրականացման շրջանակներում դատախազությունը խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու նկատմամբ հսկողություն իրականացնելու ոլորտում ստուգել է որոշումների օրինականությունը, որի արդյունքում կասեցվել են խրախուսանք և տույժի միջոց կիրառելու 1-ական որոշումներ:

Մյուս տույժերը և խրախուսանքները, որոնք կայացվել են քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից, դատախազության կողմից ստուգման գործընթացի շրջանակներում համարվել են իրավաչափ, օրինական և այդ որոշումների նկատմամբ դատախազական ներգործության միջոցներ չեն կիրառվել:

2021 թվականի խրախուսանքի միջոց կիրառելու որոշումը կասեցվել է այն հիմնավորմամբ, որ այն չի համապատասխանել գործող օրենսդրական կարգավորումներում տրված բնորոշումներին: Մասնավորապես, խրախուսանքի որոշմամբ արձանագրվել է, որ դատապարտյալը հարգալից վերաբերմունք է դրսևորում քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և մյուս դատապարտյալների նկատմամբ, կարգապահական տույժի չի ենթարկվել, հետևաբար նրա նկատմամբ պետք է կիրառվի խրախուսանքի միջոց կարճատև տեսակցություն տրամադրելու եղանակով:

«Մենք ընդհանրապես դեմ չենք, որպեսզի դատապարտյալների տեսակցությունների թվաքանակն ավելանա, սակայն մենք չենք կարող համակերպվել այն բնորոշումների հետ, որ եթե դատապարտյալը հարգալից է քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կամ մյուս դատապարտյալների նկատմամբ, ուրեմն նա դրսևորել է օրինապահ կամ դրական վարքագիծ: Դատապարտյալի կողմից մյուս դատապարտյալների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ դրական և հարգալից վերաբերմունք դրսևորելը դատապարտյալի պարտականությունն է: Քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, որ դատապարտյալը պատժի կրման ընթացքում պարտավոր է դրսևորել օրինապահ վարքագիծ: Այսինքն՝ միայն օրինապահ վարքագծի դրսևորումը չի կարող գնահատվել որպես դրական վարքագիծ: Հետևաբար դրանից չի կարելի բխեցնել, որ դատապարտյալի նկատմամբ պետք է խրախուսանքի միջոց կիրրառվի»,-նշեց Լ. Չարխիֆալակյանը: 

Իսկ 1 տույժի որոշումը, որը կասեցել է, վերաբերել է կալանավորված անձի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հանգամանքով պայմանավորված քրեակատարողական հիմնարկի պետի կողմից օրենքով նախատեսված առավելագույն չափով պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառմանը: Նշված որոշման օրինականությունը ստուգելու գործընթացում պարզվել է, որ այդ կալանավորված անձն առաջին անգամ է կատարել կարգապահական խախտում, և դատախազության կողմից կայացված որոշմամբ փաստվել է, որ քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը չի բխում տվյալ իրավահարաբերությունները կարգավորող նորմերի բովանդակությունից: Հետևաբար կարգապահական տույժի միջոց կիրառելու մասին որոշումը կասեցվել է, և վերանայման նպատակով վերադարձվել է քրեակատարողական հիմնարկի պետին, որը վերանայվել է:

2021 թվականի ընթացքում եղել են նաև խրախուսանքի միջոց կիրառելու վերաբերյալ այնպիսի որոշումներ, որոնք դատախազության կողմից գնահատվել են իրավաչափ: Խոսքը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից օնլայն տարբերակով աշխարհի շախմատի առաջնության մրցումներին մասնակցելուն:

«Այդ մրցաշարում մեր հավաքականը զբաղեցրել էր 3-րդ տեղը: Այդ հավաքականի կազմում ընդգրկված անձինք քրեակատարողական հիմնարկի պետերի կողմից արժանացել են խրախուսանքի կարճատև տեսակցություն տրամադրելու եղանակով: Նշված հավաքականի անդամ համարվող անձանցից մեկը, ըստ քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված տեղեկատվության, հանդիսանում էր քրեական ենթամշակույթ կրող, հանցածին վարքագիծ ունեցող դատապարտյալ: Սակայն հաշվի առնելով այդ մրցաշարում նրա դրսևորած ջանքերը, ինչպես նաև զուտ մասնակցության փաստը, որ հանցածին վարքագիծ ունեցող, քրեական ենթամշակույթի արժեքները կրող անձը կարող էր նաև մասնակցել նման միջոցառման, և իր խաղի շնորհիվ հավաքականը կարող էր գրավել 3-րդ տեղը, խրախուսանքի տվյալ որոշումը համարվել է իրավաչափ և չի կասեցվել»,-նշեց Լ. Չարխիֆալակյանը:

Բանախոսը ներկայացրեց նաև 2020 թվականի վիճակագրությունը:

Այդ ժամանակահատվածում ստուգվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ կարգապահական տույժի և խրախուսանքի միջոց կիրառելու վերաբերյալ 7 որոշում, որոնցից 4-ը կասեցվել է: 4-ից 2-ը վերաբերում է խրախուսանքի միջոց կիրառելու, 2-ը՝ տույժի միջոց կիրառելու վերաբերյալ որոշումները կասեցնելուն:

Տույժի միջոց կիրառելու որոշումների կասեցման արդյունքում դրանցից 1-ը քրեակատարողական հիմնարկի կողմից ճանաչվել է անվավեր, 1 որոշում թողնվել է անփոփոխ: Իսկ 2 խրախուսանքի միջոց կիրառելու մասին որոշումները դատախազության կողմից վերանայվել են, կասեցվել են, վերադարձվել են քրեակատարողական հիմնարկի պետին, սակայն 2 որոշումներն էլ քրեակատարողական պետի կողմից թողնվել են անփոփոխ:

Լ. Չարխիֆալակյանը որոշ վիճակագրական մանրամասներ ներկայացրեց նաև տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացված որոշումների կասեցման գործընթացից:

2021 թվականի ընթացքում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից դատապարտյալներին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ կայացվել է 88 որոշում, որոնց օրինականության ստուգման շրջանակներում դատախազության կողմից կասեցվել է դրանցից ընդամենը 14-ը:

Դատախազության կողմից կայացված կասեցման 14 որոշումներից 4-ը վերանայվել է և փոփոխվել, 3 որոշում վերանայման արդյունքում թողնվել է անփոփոխ, որոնք հետագայում կրկին անգամ չեն կասեցվել, 6-ի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել, դրանք քննարկման փուլում են, 1 դատապարտյալի վերաբերյալ վերանայման արդյունքում մինչև քրեակատարողական ծառայությունը որոշում կկայացներ, անձը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է:

Բանախոսի դիտարկմամբ՝ դա նշանակում է, որ մնացած որոշումները դատախազությունը համարել է օրինական, և դրանց իրավաչափության հարցը քննարկելիս դրանք թողնվել են այն տեսքով, ինչ տեսքով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը կայացրել է: Հետևաբար նա համաձայն չէ այն բնութագրման հետ, որ դատախազությունը տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացված որոշումները գերակշիռ դեպքում կասեցնում է և վերանայման նպատակով ուղարկում է նույն հանձնաժողովին, քանի որ այդ բնութագրումը չի բխում իրական վիճակագրական տվյալներից:

Անդրադառնալով 2020 թվականին՝ բանախոսը մանրամասնեց, որ այդ ժամանակահատվածում տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացվել է 43 որոշում, որոնցից դատախազության կողմից կասեցվել է 11-ը: 10 որոշում տեղաբաշխման հանձնաժողովի կողմից վերանայվել և փոփոխվել է, 1-ը մերժվել է:   

Նա վստահեցրեց, որ դատախազության կողմից տեղաբաշխման հանձնաժողովի բազմաթիվ որոշումների կասեցումը բխում է օրենքի և դրանում ներառված իրավական ձևակերպումների բովանդակությունից:

«Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ անձի կողմից պատժի կրման ընթացքում կարգապահական խախտումներ չանելու փաստն ինքնին չի կարող վկայել, որ անձը դրական վարքագիծ է դրսևորել: Դրական վարքագծի դրսևորումը կարող է արտահայտվել վերասոցիալականացման միջոցառումներին ակտիվ մասնակցելով, ինչպես նաև պատժի կրման ընթացքում աշխատելով: Օրինակ, ներկայումս քրեակատարողական հիմնարկներում կա 163 վճարովի աշխատանքի հաստիք, որից համալրված է շուրջ 60-ը: 90-ը համալրված չէ: Դատապարտյալների կողմից աշխատանքի նկատմամբ բացասական մոտեցում ունենալը չի կարող գնահատվել որպես դրական վարքագիծ: Այսինքն՝ եթե քրեակատարողական հիմնարկում կա աշխատելու հնարավորություն, սակայն դատապարտյալը որևէ միջոց չի ձեռնարկել այդ աշխատանքներում ներգրավվելու համար, հետևաբար պետք է արձանագրենք, որ նա չի ցանկանում աշխատել»,-ասաց բանախոսը:

Նա մտահոգված է հատկապես այն փաստով, որ որոշ դատապարտյալներ, քաջատեղյակ լինելով, որ քրեակատարողական հիմնարկի տարածքում չվարձատրվող աշխատանքներ չկան կամ համալրված են, դիմում են ներկայացնում քրեակատարողական հիմնարկի պետին և խնդրում են, որպեսզի իրենց ներգրավեն չվարձատրվող աշխատանքներում: Այդ դատապարտյալներից մի մասի նկատմամբ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտով քաղաքացիական հայցեր կան:

Այսինքն՝ անձը, գիտակցելով, որ իր նկատմամբ կա քաղաքացիական հայց, և վճարովի աշխատանք կատարելով հնարավորություն ունի քաղաքացիական հայցը մաս-մաս մարել, չի ներգրավվում այդ աշխատանքների մեջ, սակայն դիմում է ներկայացնում չվարձատրվող աշխատանքներում ներգրավվելու համար այն պայմաններում, երբ քաջատեղյակ է, որ այդ աշխատատեղերը համալրված են կամ այդպիսիք այդ քրեակատարողական հիմնարկում չկան:

Բանախոսն անդրադարձավ նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման խնդրին՝ նշելով, որ միայն բալային համակարգով օրենքով նախատեսված 28 և ավել միավորներ հավաքելը չի կարող դիտվել որպես դրական վարքագծի դրսևորում: Հիմնավորեց, որ դատախազությունը դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ժամանակ դատապարտյալի՝ պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը բովանդակային առումով է ուսումնասիրում:

Պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունների կողմից ներկայացված զեկույցները խորհրդատվական բնույթ ունեն: Մինչդեռ դատախազությունը բովանդակային առումով է ուսումնասիրում, թե արդյո՞ք դատապարտյալը պատժի կրման ընթացքում փաստացի դրսևորել է դրական վարքագիծ: Եթե՝ այո, ապա երբևէ չի առարկում այդ անձանց պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը:

Լ. Չարխիֆալակյանը ներկայացրեց նաև բաց ռեժիմում պատիժ կրող և քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս աշխատելու իրավունք ձեռք բերած դատապարտյալների աշխատանքի իրավունքի իրացման վիճակի ուսումնասիրության շրջանակներում դատախազության կողմից արձանագրված որոշ խախտումներ:

«Եղել են դեպքեր, երբ դատապարտյալն ընդունվել է այլ գործատուի մոտ աշխատանքի որպես վարորդ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: Արձանագրվել է դեպք, երբ դատապարտյալը գործատուին հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ ինքն անձնական բնույթի գործեր ունի և աշխատանքի կներկայանա օրվա 2-րդ կեսին: Այդ անձինք դեռևս համարվում են պատիժ կրող դատապարտյալներ, և նրանց վարքագծի, ինչպես նաև նրանց գործատուների նկատմամբ պետք է հսկողություն իրականացվի: Մենք վերահսկողություն ենք իրականացնում, որպեսզի քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո դատապարտյալը առավոտյան ժամը 9-ին ներկայանա աշխատավայր, ժամը 8-ին լինի քրեակատարողական հիմնարկի տարածքում: Այս միջակայքում նա ունի ընդմիջման իրավունք, ինչպես մյուս աշխատող անձինք, և կարող է իր ընդմիջման ժամը տնօրինել սեփական հայեցողությամբ: Սակայն աշխատաժամանակը չի կարող օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար»,-պարզաբանեց բանախոսը:

Լ. Չարխիֆալակյանն անդրադարձավ որոշ օրենսդրական բացերի: Օրինակ, գործող օրենսդրությունը դրական վարքագիծ, օրինապահ վարքագիծ կամ պատշաճ վարքագիծ ձևակերպումները չի հստակեցրել: Եթե պատշաճ վարքագծի վերաբերյալ գործող քրեական օրենսգիրքը նախատեսում է որոշակի չափանիշներ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար, ապա դրական վարքագծի, ինչպես նաև օրինապահ վարքագծի հետ կապված որևէ սահմանում առկա չէ:

Անձին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար օրենսդրությունը սահմանում է, որ դատապարտյալը պետք է դրսևորի դրական վարքագիծ: Չափորոշիչներից մեկն էլ անձին մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխելու նպատակահարմարությունն է: Սակայն ինչպես դրական վարքագիծը, այնպես էլ նպատակահարմարությունն օրենքով սահմանված չեն:

Նշված և այլ օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով դատախազությունն օրեսդրական առաջարկություններ է մշակել: Բանախոսը ներկայացրեց դրանցից մի քանիսը:

Օրինակ, քրեակատարողական օրենսգրքում դրական վարքագծի ձևակերպման հետ կապված համապատասխան չափորոշիչներ սահմանելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել, այն կներկայացվի գլխավոր դատախազին, որից հետո սահմանված ընթացակարգով կդրվի շրջանառության մեջ:

Դատախազությունը նաև օրենսդրական առաջարկությամբ է հանդես եկել, որպեսզի պաշտպանության նախարարության կարիքների համար արտադրվող՝ ոչ թե ռազմական, այլ տնտեսական բնյույթի արտադրատեսակներից թողարկումն այդ ընկերությունները կարողանան քրեակատարողական հիմնարկում ստեղծել աշխատատեղեր:

Ուսումնասիրությունների և դատապարտյալների հետ ունեցած առանձնազրույցների արդյունքում դատախազությունը պարզել է, որ նրանք հիմնականում կարգապահական տույժի են ենթարկվում բջջային հեռախոսներ պահելու համար: Այդ կարգապահական տույժերը հետագայում կանխորոշող նշանակություն են ունենում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դրական կամ բացասական զեկույց ունենալու առումով:

Հետևաբար դատախազությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որպեսզի դատապարտյալների համար իրենց ընտանիքի անդամների հետ շաբաթական 3 անգամ շփվելու պայմաններ ապահովվեն: Ըստ գործող կարգավորումների՝ հեռախոսազանգի ժամանակացույցը կազմակերպվում է շաբաթական 2 անգամ, իսկ եթե քրեակատարողական հիմնարկը փոքր-ինչ ծանրաբեռնված է, ապա շատ դեպքերում այդ 2 անգամը հնարավոր չէ ապահովել:

Բացի այդ, դատախազությունը ստուգել է դատապարտյալներին հատկացվող սննդի որակը և դրա կալորիականությունը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների օգնությամբ կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության: Պարզվել է, որ նմուշառված սննդամթերքի կալորիականությունը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափորոշիչներին: Այսինքն՝ դատապարտյալներին որակյալ, սննդարար և առողջ սնունդ ապահովելու իրավունքի խախտում է արձանագրվել:

Բանախոսի համոզմամբ՝ այս օրինակները վկայում են այն մասին, որ դատախազությունը հետամուտ է նաև դատապարտյալների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:  Իսկ որոշումներ կասեցնելը կամ միջնորդություններ հարուցելն ինքնանպատակ չեն, այլ բխում են գործող օրենսդրական կարգավորումներից:

 

Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ հետապնդում» թեմայով քննարկում:

Բանախոսներն էին ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Չարխիֆալակյանը, նույն վարչության դատախազ Արայիկ Բրուտյանը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և «Հանուն ազատության» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Բաբկեն Ղարդյանը:

Քննարկմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, սակայն հրավերները չեն հաստատվել:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.