Skip to content Skip to sidebar Skip to footer

Մեր ստեղծագործությունների ցուցահանդեսը

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մարտի 11-ին ժամը 15։00-ից 18։00-ն «Անի Գրանդ» հյուրանոցի Արենի սրահում (հասցե՝ Հանրապետության 65) կիրականացնի տարբեր քրեակատարողական հիմնարկների ստեղծագործող դատապարտյալների աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն անձամբ այցելեց «Արմավիր» ՔԿՀ, հանդիպեց դատապարտյալներիս հետ․ բոլորս ոգևորված ներկայացնում էինք մեր աշխատանքները։ Հիմա էլ, իմանալով ցուցահանդեսի տեղի ու ժամի մասին, է՛լ ավելի անհամբեր ենք և հուսով, որ մեր աշխատանքները այցելուների հավանությանը կարժանանան, գեղագիտական հաճույք կպատճառեն։ Հուսով ենք, որ հնարավոր կլինի նաև մեր ներկայությունը ցուցահանդեսին տեսակապի միջոցով և կկարողանանք ինտերակտիվ կերպով շփվել իրար հետ։

«Արմավիր» ՔԿՀ-ում ձմեռային արձակուրդներից հետո սկսվել են Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»ՊՈԱԿ-ի դասընթացները։ Այժմ դատապարտյալներիս դասավանդում են նաև «Էթիկա և հաղորդակցում» և «Ռուսերեն լեզու» առարկաները։

Անգլերեն լեզու և համակարգչային հմտություններ դասավանդող մեր դասախոսը նախաձեռնել և կազմավորել է մի խումբ, որտեղ այս առարկաներն ուսումնասիրվելու են առավել խորը։ Շեշտը դրվելու է խոսակցական անգլերենի վրա․ հուսով ենք, որ կիսամյակի վերջում կկարողանանք անկաշկանդ իրար հետ անգլերեն զրուցել գոնե կենցաղային թեմաների շուրջ։ Խմբում կան դատապարտյալներ, ովքեր արդեն իսկ բավական վարժ խոսում են անգլերեն, ինչը կհեշտացնի և առավել հետաքրքիր կդարձնի դասընթացը։

Միևնույն ժամանակ շարունակվում են «Հայոց լեզու և գրականություն», «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» առարկաների դասընթացները։

Կարծում եմ, որ «Արմավիր» ՔԿՀ-ն յուրօրինակ տեղ է զբաղեցնում Հայաստանի ազատազրկման վայրերի մեջ այն առումով, որ այստեղ ուսման, աշխատանքի և ստեղծագործելու համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծված։

Մնում է հուսալ, որ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից խրախուսանքի կարժանանան ստեղծագործող, բարեխղճորեն սովորող և աշխատող դատապարտյալները։ Նման գնահատանքը խթան կհանդիսանա բոլոր դատապարտյալների համար՝ սովորելու, աշխատելու և ստեղծագործելու, ինչն էլ դրված է դատապարտյալներիս վերսոցիալականացման հիմքում։

Շնորհակալ ենք բոլոր այն Մարդկանց, ովքեր հնարավորություն են տալիս դատապարտյալներիս այս կամ այն կերպ շփվել հասարակության հետ, ինքնակատարելագործվել, գիտելիքներ և հմտություններ ձեռքբերել։

 

Մհեր Ենոքյան
Մարտի 1, 2022 թվական

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.