«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը 2022 թվականի մայիսի 10-ին մասնակցել է «Խտրականության դեմ պայքարը Հայաստանում» խորագրով համաժողովին:
Նա բանախոսությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով քրեակատատարողական համակարգում առկա խտրականության դրսևորումները, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների բացակայությունը և վերջինիս բացասական ազդեցությունը հատկապես խոցելի խմբերի ազատազրկված անձանց վրա՝ անչափահասներ, կանայք, ԼԳԲՏ անձինք և հաշմանդամություն ունեցող անձինք: Նա շեշտադրել է նաև գերատեսչությունների և ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը:
Համաժողովը կազմակերպել էր Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան: Օրակարգում «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի հետ կապված իրավիճակի քննարկումն էր, ինչպես նաև Կոալիցիայի վերջին երկու տարիների ծրագրային գործունեության հաշվետվությունը։
Համաժողովին ներկա էին ՀՀ պաշտոնյաներ, դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դոնոր կազմակերպություններ, տեղական գործընկերներ և կոալիցիայի անդամները։