2022 թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորումը հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել էր ամփոփիչ միջոցառում, որը նվիրված էր միավորման ստեղծման մեկամյակին։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հիմնարկի վարչակազմի անդամներ, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Հովակիմյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը, գրող, պատմաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը և այլք։
Դատապարտյալները ներկայացրել են միավորման գործունեությունը՝ հանդիպումներ տարբեր ոլորտի մասնագետների հետ, դասընթացներ, քննարկումներ և այլն:
Նրանք անդրադարձել են նաև միավորման առաջիկա ծրագրին, որի շրջանակներում պատրաստվում են շարունակել հասարակական, մշակութային գործիչների հետ հանդիպումների շարքը, կազմակերպել մրցույթներ, ինտելեկտուալ խաղեր, կապեր հաստատել գրախանութների և լրատվամիջոցների հետ:
Միավորման գործունեությանն աջակցելու և վերջինիս հետ սերտ համագործակցելու համար դատապարտյալները միջոցառման ավարտին հյուրերին շնորհակալագրեր են հանձնել և նվիրել իրենց ձեռքի աշխատանքներից։
Նշենք, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում արդեն մեկ տարի է, ինչ ակտիվորեն գործում է դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորումը: Այն ստեղծվել է ցմահ դատապարտյալ Էմիլ Չիվթչյանի նախաձեռնությամբ, և մեկ տարվա ընթացքում իր շուրջն է համախմբել 3 տասնյակ դատապարտյալների:
Միավորման անդամները համագործակցության նպատակով դիմել էին նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին, որը պատրաստակամորեն աջակցել է միավորմանը: Կազմակերպության կայքում հրապարակվել են բանտային նամակներ և միավորման գործունեության մասին հոդվածներ: