Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ տեղի ունեցավ դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցմահ դատապարտյալ Կամո Շալունցը և միավորման մյուս անդամները ներկայացրեցին իրենց պատրաստած թզբեխները, արհեստական ծաղիկները, փայտե քանդակները և եկեղեցիները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչները, հիմնարկի վարչակազմը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը:
Միավորման անդամ դատապարտյալները հյուրերին պատմեցին ստեղծագործական աշխատանքով զբաղվելու առավելությունների մասին՝ շեշտելով նմանատիպ միջոցառումների և աշխատանքների վաճառքի կարևորությունը: Իսկ ցուցահանդեսի ավարտին իրենց ձեռքի աշխատանքներից նվիրեցին հյուրերին:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ կազմակերպությունն իր հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցել ազատազրկված անձանց:
Ցուցահանդեսից հետո հյուրերը «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալ Թոռնիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին հիմնարկում՝ ծանոթանալով վերասոցիալականացման ծրագրերի իրականացման հնարավորություններին: