Skip to content Skip to sidebar Skip to footer

«COVID-19-ը և ազատազրկված ու պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանայք». Քննարկման ամփոփում

2022 թվականի հուլիսի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ  «COVID-19-ը և ազատազրկված ու պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանայք» թեմայով քննարկում:

Բանախոսներն էին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետ Արմինե Ադամյանը:

 

 

Նարե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին՝ քննարկման հրավերն ընդունելու և մասնակցելու համար: Անցնելով քննարկման թեմային՝ նա նշեց, որ կորոնավիրուսի կանխարգելումը քրեակատարողական հիմնարկներում արդյունավետ է կազմակերպվել: Դրան նպաստել են նաև 2018 թվականին կիրառված համաներումը և պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, որը վերջին տարիներին սկսել է գործել: Բանախոսի դիտարկմամբ՝ դա օգնեց կանխարգելման աշխատանքներին այն առումով, որ ազատազրկված անձանց թիվը քրեակատարողական հիմնարկներում գրեթե կիսով չափ նվազեց: Իսկ ավելի շատ անձանց դեպքում փակ միջավայրում վիրուսի տարածման ռիսկը ավելի մեծ կլիներ:

Խոսելով սահմանափակումների մասին՝ Ն. Հովհաննիսյանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում սահմանափակվել են հանձրունքների ընդունումը և տեսակցությունները: Որոշ ժամանակ դադարեցվել էր նաև միջոցռումների կազմակերպումը: Վերասոցիալականացման ծրագրերի մասով նշեց, որ հեռավար կրթության անցումը բավականին սահուն է կատարվել. 

«Երբ ուսումնասիրում ենք միջազգաին փորձը, տեսնում ենք, որ այն լուրջ մարտահրավեր էր բանտերի համար, սակայն Հայաստանում բարձրագույն կրթության դեպքում անցումը հեռավարի ևս դրական էր: Ճիշտ է, «Աբովյան» ՔԿՀ-ում բարձրագույն կրթություն ստացողներ չկան, սակայն դասընթացները, որոնք կազմակերպվում էին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, նույնպես հեռավար են իրականացվել»:

Ինչ վերաբերում  է հիմնարկի առօրյանին, օրինակ, լոգանքի, զբոսանքի կազմակերպում և այլն, ապա դրանք իրականացվել են նույն սկզբունքով, ինչ նախկինում` պահպանելով հակահամաճարակային կանոնները:

«Ազատազրկված կանայք  շատ սթափ են մոտեցել  կանխարգելման միջոցառումներին, պահպանել են բոլոր հակահամաճարակային կանոնները, ինչի շնորհիվ 1 դրական դեպք է արձանագրվել «Աբովյան» ՔԿՀ-ում: Կարող ենք արձանագրել, որ պետությունը պատշաճ իրականացրել է կանխարգելման միջոցառումները հիմնարկներում»,-հավելեց բանախոսը:

Կանանց հետ զրույցները փաստում են, որ պետությունն այդ սահմանափակումների ժամանակ ապահովել է բավարար քանակությամբ սննդով, դեղորայքով և հիգենայի պարագաններով: Սակայն կանայք նշել են, որ խնայողաբար են օգտագործել հիգիենայի պարագանները՝ լավ հասկանալով, որ այդ ժամանակահատվածում չեն կարող ձեռք բերել իրենց նախընտրելի հիգիենայի պարագանները:

Ինչ վերաբերում է մինչև 3 տարեկան երեխաներին, որոնք իրենց մայրերի հետ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, ապա նրանց տրամադրվում է հավելյալ սնունդ: Հանձնուքների սահմանափակման ժամանակ հնարավոր չի եղել նրանց փոխանցել մանկական սնունդ:

Ն. Հովհաննիսյանը ցավով արձանագրեց, որ ազատազրկումը շատ դեպքերում բացասաբար է ազդում ազատազրկված կանանց և իրենց ընտանիքների հարաբերությունների վրա, լինում են ամուսնալուծության դեպքեր: CՕVID-19-ով պայմանավորված՝ տարբեր ժամանակահատվածներում այդ տեսակցություններն արգելվել են: Դրանք փոխարինվել են տեսակապով և հեռախոսակապով, ինչը ի նպաստ ազատազրկված անձանց և իրենց ընտանիքների էր, քանի որ այդպիսով նվազագույնի է հասցվել վարակվելու հավանականությունը: Հիմնարկներն ապահովված են ինտեռնետ հասանելիությամբ, տեխնիկական միջոցներով, ինչը հեշտացրել է տեսակապով շփումները:

«Այնուամենայնիվ, պետք է նշել, որ իրենց երեխաներին տեսնելու անհնարինությունը բացասաբար է անդրադարձել ազատազրկված կանանց հոգեկան աշխարհի վրա՝ հաշվի առնելով այն, որ երեխաների խնամքի և դաստիարակության պարտականությունը հիմնականում կանանց վրա է»,-նշեց բանախոսը: 

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանտերում վիրուսի բռնկման պատճառով ազատազրկված անձանց շրջանում եղել են ինքնավնասումներ, անգամ փախուստի դեպքեր, մասսայական անկարգություններ, սակայն Հայաստանում նման  դեպքեր չեն արձանագրվել: Բացառություն են կազմում խափանման միջոցի փոփոխության կամ ազատման ներկայացվելու վերաբերյալ ահազանգերը, որոնք ստացվել են ազատազրկված անձանցից: Դա նաև միջազգային կառույցների պահանջն էր, որպեսզի մաքսիմում քիչ անձանց պահեն քրեակատարողական հիմնարկներում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հնարավորությունը:

Ն. Հովհաննիսյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում կա հաստիքների համալրման խնդիր: Այդ հաստիքի թափուր մնալու հետևանքով համապատասխան աշխատանքները չեն կատարվում, ինչը բացասական անդրադարձ է ունենում ազատազրկված անձանց հետ տարվող գործընթացներում: Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ այդ խնդիրները պայմանավորված  են եղել ոչ թե COVID-ով, այլ ավելի շատ համակարգային բնույթ են կրում:

Ինչպես հայտնի է, քրեակատարողական հիմնարկներին կից գործում են կրպակներ, որտեղից դատապարտյալները կարող են գնումներ կատարել: Այդ գործընթացը կազմակերպվել է նաև COVID-ով պայմանավորված սահմանափակումների ժամանակահատվածում: Հետազոտության մեջ անդրադարձ կկատարվի, թե հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների անդամների ֆինանսական վիճակը` պետության կողմից որևէ մեխանիզմ կիրառվե՞լ է, որպեսզի ապրանքների գները փոխվեն:

Բանախոսն անդրադարձավ նաև դատապարտյալների աշխատանքի հետ կապված հարցերին: Դատապարտյալները ներգրավված են աշխատանքներում, որոնք կազմակերպվել են՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, տրամադրվել են դիմակներ, ալկոգել: Իսկ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող և այլ գործատուի մոտ աշխատող դատապարտյալներին այդ ժամանակահատվածում տրամադրվել են կարճաժամկետ մեկնումներ:

Ամփոփելով իր ելույթը՝ բանախոսը նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը բավական բաց է տրամադրված համագործակցության համար: Դրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի լրամշակման աշխատանքներում ներգրավվել են հասարակական կազմակերպություններ, ինչը հնարավորություն է տվել կարգավորումներ նախատեսել տարիներ շարունակ արձանագրված խնդիրների համար:

«Սովորաբար մարդիկ բացասաբար են տրամադրված քրեակատարողական համակարգի նկատմամբ, սակայն պետք է արձանագրենք, որ COVID-ի ամբողջ ժամանակահատվածում պետությունը բավականին արդյունավետ է գործել ինչպես կանխարգելման, այնպես էլ բուժման տեսանկյունից: Սակայն օրակարգային է մնում ազատվելուց հետո աջակցության և աշխատանքի տեղավորման հարցը: Կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելուն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերում ազատազրկված անձինք ներառված չէին որպես խոցելի խումբ: Նրանց կարիքներն անտեսվել են նաև այդ ժամանակահատվածում»,-ամփոփեց Ն. Հովհաննիսյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը նշեց, որ այս ձևաչափով քննարկումները դրական անդրադարձ են ունենում նաև հասարակության շրջանում, քանի որ քրեակատարողական ծառայության իրականացրած գործունեության վերաբերյալ դրական կարծիք է ձևավորվում: Ինչ վերաբերում  է կորոնավիրուսի համաճարակին, ապա դա գլոբալ մարտահրավեր էր: Այնուամենայնիվ, կառավարության, արդարադատության և առողջապահության նախարարությունների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխարգելել COVID-19-ի տարածումը քրեակատարողական հիմնարկներում, խուսափել անդառնալի հետևանքներից և նվազագույնի հասցնել ազատազրկված անձանց շրջանում դրական դեպքերը: Իհարկե, COVID-ով պայմանավորված սահմանփակումներ են կիրառվել, սակայն դրանք կատարվել են հօգուտ ազատազրկված անձանց:

«Քրեակատարողական հիմնարկները գործել են առօրյա ռեժիմով:  Իսկ մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխվելու ժամանակ, օրինակ դատարան, ազատազրկված անձանց ուղեկցումները կատարվել են ըստ սահմանված կարգի: Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր փոխադրվող անձ ապահովված է եղել անհրաժեշտ պարագաններով՝ ձեռնոցներ, դիմակ: Ուղեկցող աշխատողները յուրաքանչյուր ուղեկցումից առաջ և հետո ջերմաչափվել են: Նրանք նույնպես ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով: Տրանսպորտային միջոցները, որոնք կատարել են տեղափոխումներ, նույնպես ախտահանվել են: Պահպանվել է սոցիալական հեռավորությունը»,-մանրաասնեց բանախոսը:

2020 թվականի մարտ ամսից արդարադատության նախարարի համապատասխան ցուցումով կարանտինային բաժնում պահվելու ժամկետը 7 օրից երկարաձգվեց մինչև 14 օր, ինչը ևս արվել է ի նպաստ ազատազրկված անձանց:

Թեև COVID-19-ի ժամանակ սահմանափակվել է հանձրունքների ընդունումը, սակայն 2019 թվականի հոկտեմբերից սկսած քրեակատարողական հիմնարկներում  սնունդը պատրաստվել և մատակարարվել է մասնավոր ընկերության կողմից: Բանախոսի դիտարկմամբ՝ մասնավոր  ընկերության կողմից տրամադրված սնունդն ավելի քան բազմազան է որակի և կալորիականության տեսակետից: Պետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցները լիովին բավարարել են ազատազրկված անձանց սննդով, հագուստով, արտահագուստով և այլ պարագաններով ապահովելու համար: Իսկ տեսակցություններն իրականացվել են տեսազանգերի միջոցով՝ ամբողջովին ապահովելով ազատազրկված անձանց համապատասխան իրավունքների իրացումը:

«Նշված միջոցառումների շնորհիվ կանխարգելումն արդյունավետ է եղել, և այդ ժամանակահատվածում ինքնավնասումների կամ մասսայական անհնազանդության դեպքեր բարեբախտաբար  չեն արձանագրվել»,-ամփոփեց Ա. Հովսեփյանը: 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետ Արմինե Ադամյանը ներկայացրեց պրոբացիայի ծառայության գործառույթները: Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է այն պատժատեսակները, որոնք կապված չեն ազատազրկման հետ, օրինակ տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի պաշտոններ զբաղեցնելուց կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկել: Կազմում է զեկույցներ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում, ինչպես նաև դատապարտյալների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն նրանց պատժի կատարումը հետաձգելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու և վաղաժամկետ ազատելու դեպքերում: Պատժի և վերահսկողության իրականացումից զատ պրոբացիայի ծառայությունն իրականացնում է նաև վերասոցիալականացման ծրագրեր:

Ինչ վերաբերում է COVID-19 համաճարակին, ապա բանախոսը փոխանցեց, որ 2020 թվականի մարտի 16-ից պրոբացիայի աշխատակիցները շահառուների հետ պատժի և վերահսկողության իրականացման համապատասխան աշխատանքները կատարել են հեռավար ձևով: Աշխատողների մեծ մասը մոտ 2 ամսվա կտրվածքով նույնպես հեռավար է աշխատել, բացառությամբ ղեկավար կազմի: Հեռախոսազանգերի միջոցով կապվել են շահառուների հետ՝ փորձելով հասկանալ նրանց հուզող խնդիրները, կատարել են նրանց ռիսկերի գնահատում: Հեռավար շփումը նպատակ էր հետապնդում կանխել վիրուսի տարածումը և շահառուներին զերծ պահել միմյանց վարակելուց:

Պրոբացիայի ծառայությունն իր գործընկեր կառույցների հետ համագործակցության շնորհիվ մոտ 1,5 տարի հատկապես ռիսկային խմբում գտնվող շահառուներին, օրինակ, բազմազավակ ընտանիքներ կամ այն շահառուները, որոնք սահմանափակումների պատճառով աշխատանքի չեն հաճախել, տրամադրել է նյութական օգնություն՝ սնունդ, հագուստ, հիգենայի պարագաներ: «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմել է ձեռնարկ, որտեղ զետեղվել են այն պետական և ոչ պետական կառույցները, որոնց շահառուները կարող էին դիմել՝ առողջապահական, հոգեբանական և նյութական օգնություն ստանալու համար:

Ինչ վերաբերում է պատժի կատարման գործառույթներին, պրոբացիայի  ծառայության 1-ին հարկում սենյակ է առանձնացվել, որտեղ յուրաքանչյուր  շահառու  ընդունվել է առանձին: Նրա և աշխատակցի միջև պահպանվել է սոցիալական հեռավորությունը: Պահպանվել են նաև անվտանգության կանոնները: Պատիժների կատարումը չի դադարեցվել, սակայն 2-3 ամսով հետաձգվել է, այսինքն՝ ստեղծված իրավիճակը մեղմացուցիչ է դիտվել: Վիրուսի տարածման ամենասկզբում հանրային աշխատանքներ կատարող շահառուները գործատուների իմացությամբ 2-3 ամիս չեն գնացել աշխատանքի: Տուգանք պատժատեսակի մասով այդ ժամանակահատվածում մոտ 2-3 ամիս պատիժը խստացնող միջնորդություններ չեն ներկայացվել դատարան, քանի որ շահառուները ֆինանսական ծանր կացության մեջ էին: Պրոբացիայի ծառայողները զեկույց կազմելու համար մոտավորապես 2 տարի չեն այցելել քրեակատարողական հիմնարկներ, պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված դատապարտյալների հետ հանդիպումները կազմակերպվել են տեսակապի միջոցով՝ նպատակ ունենալով կանխարգելել վարակի տարածումը:

«Պրոբացիայի ծառայությունում COVID-19-ի շրջանում հնարավորություն է ստեղծվել շահառուի հետ շփվել սկայպի միջոցով: Այդ մոտեցումը դեռ պահպանվում է: Եթե նկատում ենք վիրուսային վիճակ, ապա այդ կանոնները պահպանում ենք: Կարծում եմ՝ մի մշակույթ ներմուծվեց մեզ մոտ և ամբողջ աշխարհում, որ առհասարակ բոլոր տեսակների վիրուսների դեպքում զգուշությունը պահպանվի»-ամփոփեց Ա. Ադամյանը:

 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի ապրիլից իրականացնում է «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» ծրագիրը, որի նպատակն է խթանել ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությունը համավարակի պայմաններում և բարձրացնել նրանց վերաբերյալ հանրային իրազեկվածությունը:

Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիս է կազմակերպվել, որը նպաստում է, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.