«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կայքում ավելացել է նոր բաժին՝ «Մամուլը մեր մասին», որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ «Գլխավոր էջ» – «Լրահոս» – «Մամուլը մեր մասին»:
Նշենք, որ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը 2021 թվականից սկսած մեծ ուշադրություն է դարձնում արտաքին հաղորդակցությանը և այդ շրջանակներում բարելավել է համագործակցությունը լրատվամիջոցների հետ։
Կազմակերպության գործունեությունը և իրականացրած ծրագրերը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների վերաբերյալ վերջինիս արձանագրած խնդիրները լուսաբանել են մի շարք լրատվամիջոցներ: Դա հնարավորություն է տալիս բարձրաձայնել ազատազրկված անձանց խնդիրների մասին, տեսանելի դարձնել այն փոփոխությունները, որոնք կատարվում են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում:
Լրատվամիջոցների հետ աշխատանքի շնորհիվ բարձրացել է նաև կազմակերպության` որպես ազատազրկված անձանց խնդիրներով զբաղվող կառույցի տեսանելիությունը: Կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը հրավիրվում է մասնակցելու մի շարք հաղորդումների, հարցազրույցների և քննարկումների:
2021 թվականին արդյունավետ է եղել կազմակերպության համագործակցությունը Հանրային ռադիոյի, Առաջին ալիքի, Սիվիլնեթի, Ալիք մեդիայի, Առավոտի, Iammedia-ի և Մեդիա կենտրոնի հետ:
Ի թիվս վերը նշված լրատվամիջոցների՝ 2022 թվականին կազմակերպության գործունեությունը և քրեակատարողական համակարգի վերաբերյալ վերջինիս արձանագրած խնդիրները լուսաբանել են նոր լրատվամիջոցներ ևս՝ Հայկական ժամանակ, Ռադիո Վան, Epress.am, forrights.am, Մեդիալաբ, Ջեմնյուզ, Panorama.am, ԳԱԼԱ TV, 1-ին լրատվական, Media Hub, Factor TV, Բուն TV, Ազատություն և Free News:
2021 թվականին կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել են քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի՝ պրոբացիայի շահառուների համար կրթական և մասնագիտական ծրագրերի ապահովում, շահառուներին աշխատանքի տեղավորման հարցում աջակցության տրամադրում, կին և անչափահաս շահառուների նկատմամբ անհատական մոտեցման և մասնագետ աշխատողների համալրման կարևորություն, տարբեր պետական և ոչ պետական կառույցների հետ համագործակցության ստեղծում, նոր վերասոցիալականացման ծրագրերի ներդրման անհրաժեշտություն և այլն:
Քրեակատարողական համակարգին առնչվող քննարկումների ժամանակ կազմակերպությունը կարևորել է ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը, նրանց համար աշխատանքային հնարավորությունների ստեղծմանը և կրթական ծրագրերի ընդլայնմանն ուղղված գործողությունները:
2022 թվականի ընթացքում կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանն իր ելույթներում և հարցազրույցներում խոսել է քրեակատարողական հիմնարկներում կրթության կազմակերպման հնարավորությունների և դատապարտյալների վերաինտեգրման խնդիրներին մասին:
Կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել են քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերի շրջանակին՝ ազատազրկված անձանց հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպում, ազատազրկված կանանց խնդիրներ, COVID-19 համավարակի ազդեցությունն ազատազրկված ու պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց իրավունքների վրա, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտին և խափանման միջոցների ընտրությանն առնչվող խնդիրներ, ազատազրկված անձանց տրամադրվող սննդի որակ, դատախազության կողմից խրախուսանքների և դատապարտյալներին մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների կասեցում և այլն:
Լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են նաև «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով ցուցահանդես-վաճառքը, որը տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 11-ին:
Իրավական նախաձեռնությունների կենտրոնը բարձր է գնահատում լրատվամիջոցների հետ համագործակցությունը և նախատեսում է առաջիկայում ընդլայնել այն: