«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2022թ. նոյեմբերի 4-6-ը վերապատրաստման դասընթաց է իրականացրել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի համար, որին մասնակցել են ՊՈԱԿ-ի «Աբովյան», «Արթիկ», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ների ստորաբաժանումների ղեկավարները, «Դատապարտյալների հիվանդանոց» և «Սևան» ՔԿՀ-ների ստորաբաժանումների ատամնաբույժները, «Արմավիր», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների ստորաբաժանումների թերապևտները, «Արմավիր» ՔԿՀ-ի ստորաբաժանման դեղագետը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ստորաբաժանման ինֆեկցիոնիստը և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ստորաբաժանման հոգեբույժը:
Դասընթացի առաջին օրը բժիշկ-ինֆեկցիոնիստ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ամբուլատոր կլինիկայի ղեկավար, Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ասիստենտ Հերմինե Հովակիմյանը ներկայացրել է «Վնասի նվազեցման ծրագրերը (ՄԻԱՎ, Վիրուսային հեպատիտ Ց)»: Թեմայի շրջանակներում անդրադարձ է կատարվել ՄԻԱՎ վարակին, վերջինիս փոխանցման ուղիներին և գործոններին, վիրուսաբանությանը, ախտորոշմանը, կլինիկական ընթացքին և դասակարգմանը: Քննարկվել են վարակի բուժման սկզբունքները, ՀՌՎ դեղերը և ազդեցության մեխանիզմը, ինչպես նաև ՄԻԱՎ-ի նախա- և հետկոնտակտային կանխարգելումը: Այնուհետև բանախոսը ներկայացրել է Վիրուսային հեպատիտ Ց-ն, վերջինիս պատճառագիտությունը, համաճարակաբանությունը, բուժման ընդհանուր սկզբունքները և հնարավորությունները ՀՀ-ում:
Երկրորդ օրն Իրավաբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Շուշանիկ Ղուկասյանը ներկայացրել է «Առողջության պահպանման իրավունք» թեման: Հանգամանալից անդրադարձ է կատարվել պացիենտների և բուժաշխատողների հիմնական իրավունքներին և պարտականություններին, քննարկվել են բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները և դրանց փոխանցման առանձնահատկություները: Անդրադարձ է կատարվել դատապարտյալների կողմից ներկայացվող բողոքների քննության առանձնահատկություններին: Ներկայացվել են բողոքարկման իրավունքը և բողոքները քննող մարմինները, բողոքարկման ժամկետները, բողոքներին ներկայացվող պահանջները, բողոքի քննարկման կարգը և արդյունքները: Քննարկվել է կալանավորված անձի և դատապարտյալի հաշվին և ընտրությամբ այլ բժշկի կողմից տրամադրվող մասնագիտական ծառայություններից օգտվելու ընթացակարգը:
Երրորդ օրվա բանախոսը «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ, առողջության իրավունքի փորձագետ Վիոլետա Զոփունյանն էր: Նա ներկայացրել է «Տեղեկատվության շրջանառությունն առողջապահության ոլորտում» թեման, որի համատեքստում անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտի հասկացություններին և դրանց կիրառմանը, բժշկական գաղտնիքին և պատասխանատվությանը, քննարկվել են տեղեկատվության ազատության իրավունքը և առողջապահության ոլորտի իրավակարգավորումների առանձնահատկությունները:
Դասընթացի օրակարգը հագեցած էր: Տեսական գիտելիքների փոխանցմանը զուգահեռ կատարվել են գործնական առաջադրանքներ, ցուցադրվել են մասնագիտական տեսանյութեր և կազմակերպվել են խմբային քննարկումներ: Բժիշկ-մասնագետները դիտարկել են ստացված գիտելիքները և հմտությունները քրեակատարողական հիմնարկներում կիրառելու առանձնահատկությունները, խոչընդոտները և դրանց լուծման ուղիները:
Ծրագիրն իրականացվում է Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: